Մեր ընթերցողները հարցնում են
Ինչո՞ւ է Աստված պահանջում, որ իրեն երկրպագողները ամուսնանան միայն հավատակիցների հետ
▪ Իսրայել ազգին տված օրենքում հարևան ժողովուրդների վերաբերյալ Աստված հետևյալն էր պատվիրել. «Նրանց հետ խնամություն չանես։ Աղջկադ նրա որդուն չտաս և որդուդ համար նրա աղջկան կնության չառնես» (2 Օրենք 7։3, 4)։ Ո՞րն էր այս արգելքի պատճառը։
Եհովան գիտեր, որ Սատանան ցանկանում է ապականել Իր ժողովրդին՝ դրդելով երկրպագելու կեղծ աստվածների։ Այդ իսկ պատճառով Աստված զգուշացրեց նրանց՝ այլազգի կողակից ունենալու վերաբերյալ ասելով. «Նա քո որդուն կշեղի ինձ հետևելուց, ու նրանք ուրիշ աստվածների կծառայեն»։ Այս պատվերին չհնազանդվելու հետևանքը կարող էր աղետալի լինել։ Եթե Իսրայել ազգը ուրիշ աստվածների ծառայեր, կկորցներ Աստծու հավանությունն ու պաշտպանությունը և հեշտությամբ թշնամիների զոհը կդառնար։ Այդ դեպքում Իսրայելից չէր կարող սերել խոստացյալ Մեսիան։ Հստակ է, թե Սատանան ինչու էր շահագրգռված, որ նրանք ամուսնանան ուրիշ աստվածների ծառայող այլազգիների հետ։
Աստված նաև հոգ էր տանում իր ժողովրդին անհատապես։ Նա գիտեր, որ յուրաքանչյուրի երջանկությունն ու բարօրությունը կախված է իր հետ ունեցած մտերիմ փոխհարաբերություններից։ Մի՞թե հիմնավոր չէր Եհովայի մտահոգությունը։ Արդյոք այլակրոն կողակիցը վատ ազդեցություն չէ՞ր ունենա Եհովային երկրպագող անհատի վրա։ Քննենք Սողոմոն թագավորի օրինակը։ Նա քաջատեղյակ էր այլակրոն կանանց վերաբերյալ Աստծու նախազգուշացմանը. «[Նրանք] ձեր սրտերը կդարձնեն դեպի իրենց աստվածները, որ նրանց հետևեք»։ Լինելով չափազանց իմաստուն՝ Սողոմոնը հավանաբար մտածեց, թե ինքն Աստծու այս խորհրդի կարիքը չունի՝ դա իրեն չի վերաբերում։ Ուստի արհամարհեց այդ խորհուրդը։ Ի՞նչ եղավ հետևանքը։ «Նրա կանայք աստիճանաբար նրա սիրտը հեռացրին Աստծուց.... որ օտար աստվածների հետևից գնա»։ Ինչպիսի՜ ողբերգություն։ Սողոմոնը կորցրեց Եհովայի հավանությունը։ Նրա անհավատարմության պատճառով ժողովուրդը նույնպես դառը հետևանքներ կրեց. Իսրայելի թագավորությունը բաժանվեց երկու մասի (1 Թագավորներ 11։2–4, 9–13)։
Թերևս ոմանք պատճառաբանեն, թե կյանքում լինում են բացառություններ։ Գուցե օրինակ բերեն իսրայելացի Մաալոնին, որն ամուսնացավ մովաբացի Հռութի հետ, և վերջինս Եհովայի նվիրված ծառա դարձավ։ Սակայն այդպիսի ընտրությունը վտանգավոր էր։ Աստվածաշունչը Մաալոնին չի գովում մովաբացու հետ ամուսնանալու համար։ Նա երիտասարդ տարիքում մահացավ, նախքան Հռութը կդառնար Եհովայի ծառան։ Նրա եղբայր Քելլոնը նույնպես ամուսնացավ մովաբացու՝ Օրփայի հետ, որը, սակայն, չթողեց «իր աստվածներին»։ Իսկ երբ Բոոսը ամուսնացավ Հռութի հետ, արդեն որոշ ժամանակ էր՝ Հռութը ծառայում էր Եհովային։ Հրեաները հետագայում նրան համարեցին «իսկական պրոզելիտ»՝ լիովին հավատափոխ եղած։ Հռութի և Բոոսի ամուսնությունը երկուսի համար էլ օրհնություն եղավ (Հռութ 1։4, 5, 15–17; 4։13–17)։
Մի՞թե խոհեմ կլինի մտածել, թե Մաալոնի և Հռութի ամուսնությունը ոչ մի կերպ չի հակասում Եհովայի պատվերին։ Արդյոք նույնը չէ՞, եթե ջեքփոթ շահած մարդուն օրինակ բերելով՝ պնդենք, թե մոլեխաղը գումար վաստակելու ընդունելի ձև է։
Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին հորդորում է ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ»։ Նաև զգուշացնում է, որ «անհավատների հետ անհավասար լծակից» չլինեն։ Այս սկզբունքը հատկապես վերաբերում է այն քրիստոնյաներին, ովքեր կողակից են փնտրում։ Իսկ նրանց, ովքեր արդեն ամուսնացած են ոչ հավատակցի հետ, Աստվածաշունչը օգտակար խորհուրդներ է տալիս, թե իրենց իրավիճակում ինչպես լավագույնս հաղթահարեն դժվարությունները (1 Կորնթացիներ 7։12–16, 39; 2 Կորնթացիներ 6։14)։ Այս բոլոր խորհուրդները ցույց են տալիս, որ Եհովա Աստված՝ ամուսնության Հիմնադիրը, ցանկանում է, որ իրեն երկրպագողները լինեն երջանիկ, անկախ նրանից, ամուսնացած են, թե ամուրի։