Աստվածաշունչը փոխում է կյանքերը
ԻՆՉՊԵ՞Ս երիտասարդ մի կին, որին չէր հետաքրքրում Աստված, և որը խոստումնալից կարիերա ուներ, գտավ կյանքի իմաստը։ Ինչպե՞ս երիտասարդ կաթոլիկ տղամարդը, իմանալով ճշմարտությունը մահվան մասին, կարողացավ փոփոխություններ անել իր կյանքում։ Ի՞նչը մղեց կյանքից հիասթափված երիտասարդին դառնալու քրիստոնյա։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։
«Տարիներ շարունակ մտածում էի՝ որն է իմ կյանքի իմաստը» (ՌՈԶԱԼԻՆԴ ՋՈՆ)
ԾՆՎԵԼ Է՝ 1963թ.
ԵՐԿԻՐԸ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԿԱՐԻԵՐԻՍՏ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Ծնվել եմ Լոնդոնի հարավում գտնվող Քրոյդոն քաղաքում։ Ընտանիքում ինը երեխաներից վեցերորդն եմ։ Ծնողներս ծնվել են Կարիբյան ծովի Սենտ Վինսենտ կղզում։ Մայրս հաճախում էր մեթոդիստական եկեղեցի, բայց ես ցանկություն չունեի որևէ բան իմանալու Աստծու մասին։ Չնայած դրան՝ գիտելիքի ծարավ էի։ Դպրոցական արձակուրդներին նստում էի լճի ափին ու գրադարանից վերցրած գրքեր էի կարդում։
Դպրոցն ավարտելուց մի քանի տարի հետո իմ մեջ ցանկություն առաջացավ օգնել անպաշտպան մարդկանց։ Ուստի այնպիսի աշխատանք գտա, որը հնարավորություն էր տալիս անտուն մարդկանց, ինչպես նաև ֆիզիկական ու մտային սահմանափակումներ ունեցողներին աջակցելու։ Հետո ընդունվեցի համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետ։ Երբ ավարտեցի, տարբեր պատվաբեր աշխատանքների առաջարկներ ստացա։ Սկսեցի ճոխ կյանքով ապրել։ Որպես մենեջմենտի գծով անկախ խորհրդատու և սոցիոլոգ՝ աշխատանքս կատարելու համար ինձ ընդամենը անհրաժեշտ էր լեփթոփ և ինտերնետ։ Մի քանի շաբաթով արտասահման էի մեկնում, ապրում էի իմ սիրած հյուրանոցում, լինում էի գեղեցիկ վայրերում, կազմվածքս պահպանելու համար հաճախում էի տարբեր ՍՊԱ և ֆիթնես կենտրոններ։ Թվում էր՝ ամեն ինչ ունեմ կյանքում։ Բայց ինձ միշտ մտահոգում էր ճնշված ու հարստահարված մարդկանց վիճակը։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
Տարիներ շարունակ մտածում էի՝ որն է իմ կյանքի իմաստը, բայց երբեք չէի փորձում պատասխանը փնտրել Աստվածաշնչում։ 1999 թվականն էր։ Մի օր քույրս՝ Մարգարետը, որը Եհովայի վկա էր դարձել, իր Վկա ընկերուհու հետ եկավ ինձ տեսնելու։ Վերջինս անձնական հետաքրքրություն ցույց տվեց իմ նկատմամբ և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց։ Ինքս էլ զարմացա, որ միանգամից ընդունեցի նրա առաջարկը։ Ես դանդաղ էի առաջադիմում, քանի որ կարիերաս ու ապրելակերպս խլում էին ժամանակիս մեծ մասը։
2002թ. ամռանը տեղափոխվեցի Անգլիայի հարավ-արևմուտք։ Այնտեղ ընդունվեցի սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրա՝ դոկտորի կոչում ստանալու նպատակով։ Փոքր տղայիս հետ սկսեցի ավելի հաճախ ներկա լինել ժողովի հանդիպումներին։ Թեև համալսարանական կրթությունը ինձ դուր էր գալիս, սակայն Աստվածաշունչն էր, որ օգնեց ինձ հասկանալու, թե ինչու այսօր շատ խնդիրներ կան և որն է դրանց լուծումը։ Հասկացա Մատթեոս 6։24-ում գրված խոսքերը, որտեղ ասվում է, որ մարդը չի կարող ծառայել երկու տիրոջ՝ Աստծուն և հարստությանը։ Ուստի ես պետք է ճիշտ առաջնահերթություններ դնեի կյանքում։
Նախքան ասպիրանտուրա ընդունվելը հաճախ այցելում էի Գրքի ուսումնասիրության խումբ, որտեղ Վկաներն այդ ժամանակ ուսումնասիրում էին «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքըa։ Ուստի համոզվել էի, որ միայն մեր Ստեղծիչը՝ Եհովան, կարող է լուծել մարդկության խնդիրները։ Մինչդեռ համալսարանում սովորեցնում էին, որ իմաստալից կյանք ունենալու համար կարիք չկա հավատալու Արարչին։ Դա ինձ անչափ զայրացնում էր։ Երկու ամիս հետո թողեցի ուսումս և որոշեցի ավելի շատ ժամանակ տրամադրել հոգևոր գործերին։
Առակներ 3։5, 6 խոսքերն օգնեցին ինձ փոփոխություններ անելու։ Այնտեղ ասվում է. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները»։ Մեր սիրառատ Աստծու մասին սովորելը ավելի արժեքավոր է, քան ցանկացած հարստություն ու դիրք, որ կարող էի ունենալ դոկտորի կոչում ստանալով։ Որքան շատ էի սովորում Եհովայի նպատակների, ինչպես նաև Հիսուսի քավիչ զոհաբերության մասին, այնքան ավելի շատ էի ուզում կյանքս նվիրել Արարչին։ 2003թ. ապրիլին ես մկրտվեցի։ Դրանից հետո աստիճանաբար սկսեցի պարզեցնել կյանքս։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերությունները շատ թանկ են ինձ համար։ Ունեմ ներքին խաղաղություն և երջանիկ եմ, քանի որ ճանաչում եմ իմ Ստեղծչին։ Նաև ուրախություն եմ ստանում՝ Աստծու ճշմարիտ երկրպագուների հետ շփվելով։
Գիտելիքների հանդեպ ծարավս շարունակաբար հագեցնում եմ Աստվածաշնչի ուսումնասիրության և ժողովի հանդիպումների միջոցով։ Ինձ մեծ ուրախություն է պատճառում հավատիս մասին ուրիշներին պատմելը։ Հենց դա է դարձել կյանքիս գլխավոր գործը, որի միջոցով կարողանում եմ օգնել մարդկանց այսօր իմաստալից կյանքով ապրելու և ապագայի հրաշալի հույս ունենալու։ 2008թ.-ից ծառայում եմ որպես լիաժամ քարոզիչ և ավելի քան երբևէ երջանիկ եմ ու բավարարված։ Հասկացել եմ, թե որն է իմ կյանքի իմաստը, ինչի համար անչափ երախտապարտ եմ Եհովային։
«Ընկերոջս մահը ցնցեց ինձ» (ՌՈՄԱՆ ԻՌՆԵՍԲԵՐԳԵՐ)
ԾՆՎԵԼ Է՝ 1973թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԽԱՂԱՄՈԼ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Մեծացել եմ Ավստրիայի փոքրիկ Բրաունաու քաղաքում՝ հարուստ թաղամասում, որտեղ հանցագործությունը տարածված չէր։ Մեր ընտանիքը կաթոլիկ էր։
1984թ.-ին, երբ դեռ 11 տարեկան էլ չկայի, պատահեց մի դեպք, որն անջնջելի հետք թողեց իմ սրտում։ Մի օր մոտիկ ընկերներիցս մեկի հետ ֆուտբոլ էի խաղում։ Կեսօրին իմացա, որ նա ավտովթարի պատճառով մահացել է։ Ընկերոջս մահը ցնցեց ինձ։ Այդ դեպքից հետո տարիներ շարունակ ինձ տանջում էր այն հարցը, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։
Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցի որպես էլեկտրիկ։ Սկսեցի մոլեխաղերով տարվել։ Թեև մեծ գումարներ էի դնում խաղի մեջ, սակայն ֆինանսական խնդիրներ չունեի։ Շատ ժամանակ էի հատկացնում նաև սպորտին, սիրում էի լսել հեվի մետալ և փանք-ռոք։ Հաճախում էի դիսկոտեկներ ու ակումբներ, անբարո կյանք էի վարում, սակայն ներսս դատարկ էր։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
1995թ.-ին մի տարեց Եհովայի վկա թակեց իմ տան դուռը և մի գիրք առաջարկեց, որը Աստվածաշնչի հիման վրա պատասխանում էր այն հարցին, թե ինչ է լինում մահից հետո։ Ընկերոջս ողբերգական մահը դեռ մտահոգում էր ինձ, ուստի վերցրի այդ գիրքը և ամբողջությամբ կարդացի։
Գրքում ես գտա մահվան հետ կապված իմ հարցերի պատասխանները, նույնիսկ ավելին իմացա։ Քանի որ մեծացել եմ կաթոլիկների ընտանիքում, հավատում էի միայն Հիսուսին։ Սակայն Աստվածաշնչի խոր ուսումնասիրությունն օգնեց ինձ ճանաչելու և մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Հիսուսի Հոր՝ Եհովա Աստծու հետ։ Անչափ մխիթարական էր իմանալ, որ Եհովան հոգ է տանում մեր մասին և իրեն հայտնի է դարձնում այն մարդկանց, ովքեր փնտրում են իրեն (Մատթեոս 7։7–11)։ Իմացա, որ Եհովան զգացմունքներ ունի և որ միշտ կատարում է իր խոստումները։ Դա մղեց ինձ ավելի ուշադրությամբ կարդալու Աստվածաշնչի մարգարեությունները և քննելու, թե ինչպես են դրանք իրականացել։ Դա զորացրեց իմ հավատը։
Ես տեսնում էի, որ Եհովայի վկաները միակն են, ովքեր ջանում են օգնել մարդկանց հասկանալու Աստվածաշունչը։ Վկաների տված գրականության մեջ նշված աստվածաշնչյան համարները համեմատում էի իմ Աստվածաշնչով։ Որքան շատ էի ուսումնասիրում, այնքան ավելի շատ էի համոզվում, որ գտել եմ ճշմարտությունը։
Ուսումնասիրելով Աստծու Խոսքը՝ հասկացա, որ Եհովան ցանկանում է, որ ես նրա չափանիշներով ապրեմ։ Եփեսացիներ 4։22–24 համարներն ընթերցելով՝ տեսա, որ պետք է իմ կյանքում փոփոխություններ անեմ և հանեմ իմ «հին անձնավորությունը, որը համապատասխան էր նախկին ապրելակերպին», ու «հագնեմ նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն»։ Ուստի հրաժարվեցի անբարո ապրելակերպից, նաև որոշեցի ազատվել խաղամոլությունից, քանի որ դա խրախուսում է նյութապաշտություն և ագահություն (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Գիտակցում էի, որ այդ փոփոխությունները կատարելու համար ես պետք է հրաժարվեմ իմ ընկերներից և նոր ընկերներ ձեռք բերեմ, ովքեր Աստծու չափանիշներով են ապրում։
Այդ փոփոխություններն անելը հեշտ չէր։ Ես սկսեցի հաճախել Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին և այնտեղ նոր ընկերներ ձեռք բերեցի։ Շարունակեցի խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այս բոլոր քայլերն օգնեցին ինձ փոխելու երաժշտության հանդեպ իմ ճաշակը, նպատակներս և արտաքին տեսքս։ Ի վերջո, 1995թ.-ին ես մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Այսօր փողի և նյութական բաների հանդեպ հավասարակշռված տեսակետ ունեմ։ Ժամանակին շատ տաքարյուն էի, իսկ հիմա կարողանում եմ ինքնատիրապետում դրսևորել։ Նաև չափից շատ չեմ մտահոգվում ապագայի համար։
Ուրախ եմ, որ միջազգային եղբայրության անդամ եմ։ Քաջալերական է տեսնել մարդկանց, որոնք, չնայած իրենց խնդիրներին, շարունակում են հավատարմորեն ծառայել Աստծուն։ Երջանիկ եմ, որ իմ ողջ ժամանակը և ուժը տրամադրում եմ ոչ թե ցանկություններս բավարարելուն, այլ Եհովային ծառայելուն և ուրիշների համար բարին անելուն։
«Վերջապես կյանքս իմաստով է լցվել» (ՅԱՆ ՔԻՆԳ)
ԾՆՎԵԼ Է՝ 1963թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԱՆԳԼԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԿՅԱՆՔԻՑ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Ծնվել եմ Անգլիայում։ Երբ յոթ տարեկան էի, ընտանիքով տեղափոխվեցինք Ավստրալիա։ Բնակություն հաստատեցինք Քվինսլենդի Գոլդ Քոստ քաղաքում, որտեղ շատ զբոսաշրջիկներ են լինում։ Թեպետ մենք հարուստ չէինք, բայց միշտ ունենում էինք մեզ անհրաժեշտ բաները։
Թեև փոքր տարիքում ոչ մի բանի կարիք չեմ ունեցել, բայց երբեք երջանիկ չեմ եղել։ Ժամանակի ընթացքում հիասթափվեցի կյանքից։ Հայրս հարբեցող էր։ Ես երբեք նրա հանդեպ կապվածություն չեմ ունեցել, քանի որ նա խմում էր ու վատ էր վերաբերվում մորս։ Հետո, երբ իմացա, թե Մալայայում զինվորական ծառայության ընթացքում ինչերի միջով է անցել, հասկացա, թե ինչու էր այդպես վարվում։
Դպրոցական տարիքում սկսեցի խմել։ 16 տարեկանում ավարտեցի դպրոցը և ծառայության անցա ռազմածովային նավատորմում։ Սկսեցի ծխախոտ ու թմրադեղեր օգտագործել և ավելի հաճախ խմել։ Եթե մինչ այդ միայն շաբաթ և կիրակի օրերին էի խմիչք օգտագործում, ապա այժմ խմում էի ամեն օր։
Մոտ 20 տարեկանում ինձ սկսեց հետաքրքրել Աստծու գոյության վերաբերյալ հարցը։ Ես մտածում էի՝ եթե Աստված կա, ինչո՞ւ է թույլ տալիս, որ մարդիկ տառապեն ու մահանան։ Նույնիսկ բանաստեղծություն գրեցի, որում մեղադրում էի Աստծուն աշխարհում գոյություն ունեցող չարության համար։
23 տարեկանում հեռացա ռազմածովային նավատորմից։ Տարբեր աշխատանքներ էի կատարում և նույնիսկ մեկ տարով գնացի ուրիշ երկիր, բայց դա էլ չօգնեց ինձ ազատվելու հուսահատության զգացումից։ Ցանկություն չունեի ո՛չ նպատակներ դնելու, ո՛չ էլ դրանց հասնելու։ Ինձ ոչինչ չէր գրավում։ Չէի ձգտում տուն, աշխատանք ունենալու, կարիերա ստեղծելու. այդ ամենն անիմաստ էր թվում։ «Մխիթարություն էի գտնում» միայն խմիչքի ու երաժշտության մեջ։
Բայց եկավ մի ժամանակ, երբ իմ մեջ ուժգին ցանկություն առաջացավ գտնելու կյանքի իմաստը։ Լեհաստանում էի. այցելեցի Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը։ Թեպետ կարդացել էի, թե ինչ սարսափելի բաներ են տեղի ունեցել այնտեղ, բայց երբ իմ աչքերով տեսա այդ ճամբարը և թե ինչ հսկայական չափերի է հասնում այն, խորապես ազդվեցի։ Զարմանում էի՝ ինչպես են մարդիկ կարողացել այդքան դաժան լինել իրար նկատմամբ։ Քայլում էի ու արտասվելով հարցնում՝ ինչո՞ւ։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
1993թ.-ին արտերկրից վերադառնալուց հետո սկսեցի Աստվածաշունչ կարդալ հարցերիս պատասխանները ստանալու համար։ Մի օր երկու Եհովայի վկաներ եկան մեր տուն ու հրավիրեցին ինձ համաժողովի, որը տեղի էր ունենալու մոտակա մարզադաշտում։ Որոշեցի գնալ։
Մի քանի ամիս առաջ այդ նույն մարզադաշտում ես ֆուտբոլ էի դիտել։ Սակայն երբ գնացի համաժողով, շատ զարմացա. Եհովայի վկաները քաղաքավարի էին, գեղեցիկ տեսք ունեին, նրանց երեխաները դաստիարակված էին։ Բայց ամենաապշեցուցիչն այն էր, ինչ տեսա ընդմիջման ընթացքում։ Հարյուրավոր Վկաներ ճաշում էին մարզադաշտի խոտերի վրա, բայց երբ բոլորը զբաղեցրին իրենց տեղերը, աղբի կտոր անգամ չէիր գտնի։ Նկատեցի, որ այդ մարդիկ բավարարվածության զգացում ունեն և խաղաղ են, մի բան, որ ես այդքան ուզում էի ունենալ։ Թե ինչի մասին էին այդ օրվա ելույթները, չեմ հիշում, բայց անչափ տպավորվել էի Վկաների վարքով։
Այդ երեկո հիշեցի զարմիկիս, որն Աստվածաշունչ էր կարդում և ուսումնասիրում էր տարբեր կրոններ։ Տարիներ առաջ նա ասել էր ինձ Հիսուսի խոսքերը, որ ճշմարիտ կրոնը իր պտուղներից է ճանաչվում (Մատթեոս 7։15–20)։ Ես ցանկացա իմանալ՝ որն է պատճառը, որ Վկաները տարբերվում են մյուսներից։ Կյանքում առաջին անգամ լավատեսությամբ և հույսով լցվեցի։
Հաջորդ շաբաթ այն Վկաները, ովքեր ինձ հրավիրել էին համաժողով, նորից այցելեցին։ Նրանք Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին ու ես համաձայնվեցի։ Սկսեցի նրանց հետ հաճախել նաև ժողովի հանդիպումներին։
Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ Աստծու մասին կարծիքս լիովին փոխվեց։ Հասկացա, որ նա չէ չարության ու տառապանքի պատճառը։ Ընդհակառակը՝ նա ցավ է զգում, երբ տեսնում է, որ մարդիկ չար գործեր են անում (Ծննդոց 6։6; Սաղմոս 78։40, 41)։ Վճռեցի երբեք ցավ չպատճառել Եհովային։ Ուզում էի ուրախացնել նրա սիրտը (Առակներ 27։11)։ Դադարեցի խմիչք և ծխախոտ օգտագործելուց և հրաժարվեցի անբարո կյանքից։ 1994թ. մարտին մկրտվեցի։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Այսօր իսկական ուրախություն ու բավարարվածության զգացում ունեմ։ Խնդիրներիս լուծումը այլևս չեմ փնտրում խմիչքի մեջ, փոխարենը՝ սովորել եմ իմ բեռը Եհովայի վրա գցել (Սաղմոս 55։22)։
Տասը տարի է, ինչ ամուսնացած եմ Քերըն անունով գեղեցիկ Վկայի հետ, որն ունի մի հրաշալի աղջիկ, անունը՝ Նելլա։ Երեքս էլ հաճույքով մասնակցում ենք քարոզչական ծառայությանը՝ օգնելով ուրիշներին իմանալու ճշմարտությունը Աստծու մասին։ Վերջապես կյանքս իմաստով է լցվել։
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։