Մատթեոս
19 Այս ամենն ասելուց հետո Հիսուսը հեռացավ Գալիլեայից ու եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը+։ 2 Մի մեծ բազմություն գնաց նրա հետևից, և այնտեղ նա բուժեց նրանց+։
3 Փարիսեցիները եկան նրա մոտ և ցանկանալով փորձել նրան՝ հարցրին. «Օրենքով թույլատրելի՞ է, որ մարդը ցանկացած պատճառով բաժանվի իր կնոջից»+։ 4 Նա պատասխանեց. «Չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց+ 5 ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը+ և կմիանա* իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»+։ 6 Այնպես որ նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի»+։ 7 Նրանք էլ ասացին. «Այդ դեպքում Մովսեսն ինչո՞ւ պատվիրեց բաժանման վկայական տալ ու բաժանվել նրանից»+։ 8 Նա էլ ասաց. «Ձեր սրտերի կարծրության պատճառով էր+, որ Մովսեսը թույլ տվեց բաժանվել ձեր կանանցից, մինչդեռ սկզբում այդպես չէր+։ 9 Իսկ ես ասում եմ ձեզ. ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության* պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում»+։
10 Աշակերտներն ասացին նրան. «Եթե այդպիսին է տղամարդու պարագան իր կնոջ հետ, ավելի լավ է չամուսնանալ»+։ 11 Նա էլ ասաց նրանց. «Ոչ բոլորը կարող են հետևել այս խոսքերին, այլ միայն նրանք, ովքեր ունեն այդ պարգևը+։ 12 Կան ներքինիներ, որ ի ծնե են այդպիսին+, և կան ներքինիներ, որ մարդկանց կողմից են ներքինի դարձել, կան ներքինիներ էլ, որ իրենք իրենց ներքինի են դարձրել երկնքի թագավորության համար։ Ով կարող է այսպես ապրել, թող ապրի»+։
13 Հետո Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որպեսզի իր ձեռքերը նրանց վրա դնի և աղոթի, բայց աշակերտները սաստեցին բերողներին+։ 14 Սակայն Հիսուսն ասաց. «Հանգիստ թողեք երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև այսպիսիներինն է երկնքի թագավորությունը»+։ 15 Եվ իր ձեռքերը նրանց վրա դնելուց հետո նա այդտեղից գնաց+։
16 Մի երիտասարդ մոտեցավ նրան ու ասաց. «Ուսուցի՛չ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»+։ 17 Նա էլ ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, թե ինչն է բարի։ Կա միայն Մեկը, որ բարի է+։ Բայց եթե ուզում ես կյանքը մտնել, շարունակիր պահել պատվիրանները»+։ 18 Նա հարցրեց. «Որո՞նք»+։ Հիսուսն էլ պատասխանեց. ««Մի՛ սպանիր+, շնություն մի՛ գործիր+, մի՛ գողացիր+, սուտ վկայություն մի՛ տուր+, 19 պատվի՛ր քո հորը և մորը»+ և «մերձավորիդ սիրիր քո անձի պես»»+։ 20 Երիտասարդն ասաց նրան. «Ես այդ ամենը պահում եմ։ Էլ ի՞նչ է ինձ պակասում»։ 21 Հիսուսն ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր ունեցվածքդ ու աղքատներին տուր և գանձ կունենաս երկնքում+, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր»+։ 22 Այս խոսքերը լսելով՝ երիտասարդը տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ+։ 23 Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. հարուստ մարդու համար դժվար կլինի մտնել երկնքի թագավորություն+։ 24 Դարձյալ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»+։
25 Երբ աշակերտները սա լսեցին, զարմացած հարցրին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»+։ 26 Հիսուսը նայեց նրանց երեսին ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»+։
27 Այդ ժամանակ Պետրոսը նրան ասաց. «Ահա մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևել. հիմա մեզ ի՞նչ կլինի»+։ 28 Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. վերաստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառքի գահին, դուք էլ, որ հետևեցիք ինձ, կնստեք տասներկու գահերին ու կդատեք Իսրայելի տասներկու ցեղերին+։ 29 Եվ ամեն ոք, ով թողել է տներ, եղբայրներ, քույրեր, հայր, մայր, զավակներ կամ արտեր իմ անվան համար, բազմապատիկը կստանա և հավիտենական կյանքը կժառանգի+։
30 Շատերը, որ առաջիններ են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»+։