28 «Կա հանք, որտեղից արծաթ են հանում,
Եվ կա հանք, որտեղից ոսկի են հանում, որը հետո զտում են:+
2 Երկաթը հանվում է գետնից,
Եվ պղինձը հալեցվելով հանվում է հանքաքարից:+
3 Մարդը հաղթահարում է մթությունը,
Արժեքավոր հանքանյութ փնտրելու համար հասնում է մինչև խավարի խորքերը:
4 Նա հանքահոր է փորում՝ հեռու մարդկանց բնակավայրերից,
Մոռացված վայրերում՝ հեռու մարդկանց անցուդարձից:
Նրանք պարաններով իջնում են և օդում կախված՝ աշխատում:
5 Երկրի մակերևույթին ուտելիք է աճում,
Իսկ ընդերքում ամեն բան տակնուվրա է լինում, ասես հրդեհվում:
6 Այնտեղ քարերի մեջ շափյուղա կա,
Հողի մեջ ոսկի կա:
7 Ոչ մի գիշատիչ թռչուն չգիտի այնտեղ տանող ճանապարհը,
Այն չի տեսել նաև սև ցինի աչքը:
8 Հուժկու գազաններն այնտեղ ոտք չեն դրել,
Առյուծն այնտեղով չի անցել:
9 Մարդը ջարդում է կայծքարային ժայռերը,
Հիմքից փլուզում է լեռները:
10 Ապառաժների մեջ ջրային ուղիներ է փորում,+
Եվ ամեն թանկարժեք բան նրա աչքին տեսանելի է դառնում:
11 Գետերի ակունքներին պատնեշ է դնում
Եվ թաքցված գանձերը լույս աշխարհ հանում:
12 Մինչդեռ իմաստություն... Որտե՞ղ այն կարելի է գտնել:+
Հասկացողության աղբյուրը որտե՞ղ է:+
13 Ոչ մի մարդ դրա արժեքը չի գիտակցում,+
Եվ այն հնարավոր չէ գտնել այս աշխարհում:
14 Խոր ջրերն ասում են. «Այն մեր մեջ չէ»:
Ծովն ասում է. «Այն ինձ մոտ չէ»:+
15 Այն հնարավոր չէ գնել մաքուր ոսկով,
Որքան էլ արծաթ կշռես, դրա հետ այն փոխանակել չես կարող:+
16 Այն հնարավոր չէ գնել Օֆիրի ոսկով,+
Ոչ էլ հազվագյուտ եղնգնաքարով ու շափյուղայով:
17 Ոսկին և ապակին չեն կարող դրա հետ համեմատվել,
Այն հնարավոր չէ ընտիր ոսկուց պատրաստված անոթով փոխանակել:+
18 Մարջանի ու բյուրեղի մասին չարժե անգամ նշել,+
Քանի որ իմաստությունը մի պարկ մարգարիտից էլ թանկ է:
19 Քուշի տպազիոնը+ չի կարող դրա հետ համեմատվել,
Անգամ մաքուր ոսկով այն հնարավոր չէ գնել:
20 Ուրեմն որտեղի՞ց է գալիս իմաստությունը,
Որտե՞ղ է հասկացողության աղբյուրը:+
21 Այն թաքցված է բոլոր կենդանի արարածների աչքից,+
Թաքցված է երկնքի թռչուններից:
22 Կործանումն ու մահն ասում են.
«Մեր ականջներին միայն լուրեր են հասել դրա մասին»:
23 Այն գտնելու ճանապարհը Աստված գիտի,
Միայն նա գիտի, թե որտեղ է այն:+
24 Նա տեսնում է մինչև երկրի ծայրերն անգամ,
Նրա աչքի առաջ է երկնքի տակ եղած ամեն բան:+
25 Երբ նա քամուն զորությամբ օժտեց+
Եվ ջրերը բաշխեց,+
26 Երբ անձրևի համար կարգուկանոն սահմանեց+
Եվ ամպրոպաբեր ամպերի համար ուղի որոշեց,+
27 Այդժամ իր գործերի մեջ իմաստություն տեսավ և ցույց տվեց՝ ինչ է այն,
Նա հաստատեց ու ստուգեց այն:
28 Ապա ասաց մարդուն.
«Իմաստությունը Եհովայի հանդեպ վախն է,+
Հասկացողությունը չար բաներից հեռանալն է»»:+