Ղևտական
15 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Խոսեք ժողովրդի հետ ու ասեք. «Եթե որևէ տղամարդու սեռական օրգանից արտահոսում լինի, ապա այդ արտահոսումը նրան անմաքուր կդարձնի:+ 3 Նա անմաքուր կլինի այդ արտահոսման պատճառով՝ անկախ նրանից՝ արտադրությունը շարունակում է դուրս գալ սեռական օրգանից, թե սեռական օրգանի խցանում է առաջացնում:
4 Ցանկացած անկողին, որի վրա արտահոսում ունեցողը պառկի, անմաքուր կլինի, և ցանկացած առարկա, որի վրա նա նստի, անմաքուր կլինի: 5 Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստը ու լողանա: Նա մինչև երեկո անմաքուր կլինի:+ 6 Ով որ նստի այն առարկայի վրա, որի վրա նստել է արտահոսում ունեցողը, պետք է լվանա իր հագուստն ու լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 7 Ով որ դիպչի արտահոսում ունեցողի մարմնին, պետք է լվանա իր հագուստն ու լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 8 Եթե արտահոսում ունեցողի թուքն ընկնի* որևէ մաքուր մարդու վրա, ապա վերջինս պետք է լվանա իր հագուստը ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի: 9 Ցանկացած թամբ, որի վրա նստի արտահոսում ունեցողը, անմաքուր կլինի: 10 Ով որ դիպչի նրա տակ եղած որևէ իրի, մինչև երեկո անմաքուր կլինի, և ով որ տեղափոխի այդ իրը, պետք է լվանա իր հագուստն ու լողանա: Նա մինչև երեկո անմաքուր կլինի: 11 Եթե արտահոսում+ ունեցողը առանց ձեռքերը ջրով լվանալու դիպչի որևէ մեկի, այդ մարդը պետք է լվանա իր հագուստն ու լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 12 Եթե արտահոսում ունեցողը դիպչի կավե անոթի, այն պետք է կոտրվի, իսկ եթե դիպչի փայտե անոթի, այն պետք է ջրով լվացվի:+
13 Երբ արտահոսումը դադարի, և մարդը բուժվի, այդ ժամանակվանից պետք է հաշվի յոթ օր իր մաքրման համար: Այնուհետև պետք է լվանա իր հագուստը, աղբյուրի ջրով լողանա և մաքուր կլինի:+ 14 Ութերորդ օրը նա պետք է վերցնի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի,+ գա Եհովայի առաջ ու հանդիպման վրանի մուտքի մոտ դրանք տա քահանային: 15 Քահանան կմատուցի դրանք. մեկը՝ որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ: Քահանան Եհովայի առաջ քավություն կանի՝ մաքրելով նրան իր անմաքրությունից:
16 Եթե որևէ տղամարդ սերմնահոսություն ունենա, պետք է լողանա. նա մինչև երեկո անմաքուր կլինի:+ 17 Ցանկացած հագուստ և ցանկացած կաշի, որի վրա սերմնահեղուկը թափվի, պետք է ջրով լվացվի. այն մինչև երեկո անմաքուր կհամարվի:
18 Երբ տղամարդը սերմնաժայթքում ունենա կնոջ հետ կենակցելիս, նրանք պետք է լողանան և մինչև երեկո անմաքուր կհամարվեն:+
19 Երբ որևէ կին արյան արտահոսում ունենա, քանի որ իր դաշտանի ժամանակն է,+ ապա նա յոթ օր անմաքուր կլինի: Նրան դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+ 20 Ինչի վրա որ նա պառկի իր դաշտանի անմաքրության ընթացքում, անմաքուր կլինի, և ինչի վրա որ նա նստի, անմաքուր կլինի:+ 21 Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստը, լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 22 Ով որ դիպչի որևէ իրի, ինչի վրա կինը նստել է, պետք է լվանա իր հագուստը, լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 23 Եթե կինը նստել է անկողնու կամ մեկ այլ բանի վրա, դրան դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+ 24 Եթե տղամարդը կենակցի կնոջ հետ, և այդ ժամանակ կնոջ դաշտանը սկսվի,+ ապա տղամարդը յոթ օր անմաքուր կլինի, և ցանկացած անկողին, որի վրա նա պառկի, անմաքուր կլինի:
25 Եթե կինը օրեր շարունակ արյան արտահոսում ունենա,+ բայց իր դաշտանի ժամանակը չէ,+ կամ եթե արյան արտահոսումն ավելի երկար տևի, քան սովորաբար լինում է դաշտանի ժամանակ, ապա արտահոսման բոլոր օրերին նա անմաքուր կլինի, ինչպես որ դաշտանի օրերին: 26 Ցանկացած անկողին, որի վրա նա պառկի իր արտահոսման օրերին, անմաքուր կլինի, ինչպես որ դաշտանի ժամանակ,+ և ցանկացած իր, որի վրա նա նստի, անմաքուր կդառնա, ինչպես որ դաշտանի օրերին: 27 Այդ իրերին դիպչողը անմաքուր կլինի. նա պետք է լվանա իր հագուստը, լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի:+
28 Երբ կնոջ արյունահոսությունը դադարի, նա պետք է հաշվի յոթ օր ու դրանից հետո մաքուր կլինի:+ 29 Ութերորդ օրը նա պետք է վերցնի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի+ և դրանք բերի հանդիպման վրանի մուտքի մոտ ու տա քահանային:+ 30 Քահանան մեկը կմատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, և Եհովայի առաջ քավություն կանի՝ մաքրելով նրան իր անմաքրությունից:+
31 Այսպես դուք պետք է իսրայելացիներին հեռու պահեք անմաքրությունից, որ չպղծեն իրենց մեջ գտնվող իմ խորանը+ ու չմեռնեն:
32 Սա է օրենքը, որը վերաբերում է արտահոսում ունեցող տղամարդուն, սերմնահոսության պատճառով անմաքուր դարձած տղամարդուն,+ 33 դաշտանի օրերին անմաքուր համարվող կնոջը,+ արտահոսում ունեցող ցանկացած տղամարդու և կնոջ,+ ինչպես նաև անմաքուր կնոջ հետ կենակցող տղամարդուն»»: