Ղևտական
21 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսիր քահանաների՝ Ահարոնի որդիների հետ և ասա նրանց. «Թող ոչ ոք անմաքուր չդարձնի իրեն՝ հանուն իր ժողովրդի* միջից որևէ մահացած մարդու:*+ 2 Բայց հանուն իր մոտ արյունակցի՝ մոր, հոր, որդու, աղջկա ու եղբոր՝ կարող է անմաքուր դարձնել իրեն, 3 նաև կարող է այդպես անել հանուն իր կույս քրոջ, որն իր մոտ է ապրում* և դեռ չի ամուսնացել: 4 Բայց նա չպետք է իրեն ապականի՝ անմաքուր դարձնի հանուն մի կնոջ, որն ամուսնացած է իր ժողովրդից որևէ մեկի հետ: 5 Քահանաները չպետք է սափրեն իրենց գլուխներն+ ու մորուքի կողքերը և իրենց մարմնի վրա կտրվածքներ չպետք է անեն:+ 6 Նրանք պետք է սուրբ լինեն իրենց Աստծու առաջ+ ու չպետք է անարգեն իրենց Աստծու անունը:+ Նրանք պետք է սուրբ լինեն,+ որովհետև մատուցում են իրենց Աստծու հացը՝* հրկիզվող ընծաները, որ բերվում են Եհովային: 7 Նրանք չպետք է ամուսնանան մարմնավաճառի+ կամ պատվազուրկ եղած կնոջ հետ, ոչ էլ ամուսնալուծված կնոջ հետ,+ քանի որ քահանան սրբագործված* է իր Աստծու համար: 8 Քահանային սուրբ համարեք,+ որովհետև նա ձեր Աստծու հացն է մատուցում: Նա պետք է սուրբ լինի ձեզ համար, քանի որ ես՝ Եհովաս՝ ձեզ սրբագործողը, սուրբ եմ:+
9 Եթե քահանայի աղջիկը, մարմնավաճառություն անելով, պղծի իրեն, ապա նա պատվազրկում է իր հորը: Նա պետք է մահվան մատնվի ու կրակով այրվի:+
10 Նա, ով իր եղբայրների* միջից քահանայապետ է նշանակվել, ում գլխին օծման յուղ են լցրել,+ և ով կրում է քահանայական հանդերձանքը,+ իր մազերն անխնամ չպետք է թողնի և իր հագուստը չպետք է պատռի ի նշան սգի:+ 11 Քահանայապետը չպետք է մոտենա որևէ մեռած մարդու:*+ Նա չի կարող իրեն անմաքուր դարձնել անգամ հանուն իր հոր կամ մոր: 12 Նա չպետք է դուրս գա սրբարանից, չպետք է անարգի իր Աստծու սրբարանը,+ որովհետև նվիրման նշանը՝ Աստծու կողմից օծվելու յուղը,+ իր վրա է: Ես Եհովան եմ:
13 Նա պետք է կույսի հետ ամուսնանա:+ 14 Նա չի կարող ամուսնանալ այրու, ամուսնալուծված կնոջ, պատվազուրկ եղած կնոջ կամ մարմնավաճառի հետ, այլ իր ժողովրդի միջից կույսի պետք է կնության առնի: 15 Նա չպետք է պղծի իր սերունդը իր ժողովրդի մեջ.+ ես Եհովան եմ՝ նրան սրբագործողը»»:
16 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 17 «Ահարոնին ասա. «Քո սերնդից ֆիզիկական արատ ունեցող ոչ մի մարդ չպետք է մոտենա զոհասեղանին՝ իր Աստծու հացը մատուցելու: Սա վերաբերում է ձեր բոլոր սերունդներին: 18 Արատ ունեցողը չի կարող մոտենալ զոհասեղանին՝ ո՛չ կույրը, ո՛չ կաղը, ո՛չ նա, ում դեմքն* այլանդակված է, ո՛չ նա, ում վերջույթներից մեկը չափազանց երկար է, 19 ո՛չ այն մարդը, ում ոտքը կամ ձեռքը կոտրված է, 20 ո՛չ կուզ ունեցողը, ո՛չ գաճաճը,* ո՛չ աչքի արատ ունեցողը, ոչ էլ այն մարդը, ով հիվանդ է մաշկաբորբով* կամ խուզող որքինով,* կամ որի ամորձիները վնասված են:+ 21 Ահարոն քահանայի սերնդից ֆիզիկական արատ ունեցող ոչ մի մարդ չի կարող հրկիզվող ընծաներ մատուցել Եհովային: Նա արատ ունի, ուստի չի կարող մոտենալ զոհասեղանին՝ իր Աստծու հացը մատուցելու: 22 Նա կարող է ուտել իր Աստծուն մատուցված հացից՝ անչափ սուրբ բաներից+ և սուրբ բաներից,+ 23 սակայն չի կարող մոտենալ վարագույրին*+ և չի կարող մոտենալ զոհասեղանին,+ քանի որ արատ ունի: Նա չպետք է անարգի իմ սրբարանը.+ ես Եհովան եմ՝ նրանց* սրբագործողը»»:+
24 Մովսեսն այս ամենն ասաց Ահարոնին, նրա որդիներին և մյուս բոլոր իսրայելացիներին: