2 Սամուել
Աբիսողոմը յաղթվում է և սպանվում։ Դաւիթը սուգ է անում։
18 Եւ Դաւիթը հանդէս արաւ իր հետ ողող ժողովրդին եւ նորանց վերայ հազարապետներ եւ հարիւրապետներ դրաւ։ 2 Եւ Դաւիթը զօրքի երրորդ մասն ուղարկեց Յովաբի ձեռքովը, մի երրորդը Յովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի ձեռքովը, եւ մի երրորդը Գէթացի Եթթիի ձեռքովը. եւ թագաւորն ասեց զօրքին. 3 Եւ էլ դուրս գամ ձեզ հետ։ Բայց զօրքն ասեց. Դու պիտի դուրս չ’գաս. որովհետեւ եթէ մենք փախչելու լինենք, նորանք մեզ համար հոգս չեն անիլ, եւ եթէ մեր կէսն էլ մեռնելու լինի, նորանք մեզ համար հոգս չեն անիլ. իսկ դու մեր տասը հազարի պէս ես. արդ լաւ կ’լինի որ դու մեզ օգնես քաղաքիցը։ 4 Եւ թագաւորն ասեց նորանց. Ինչ որ հաճելի է ձեր աչքին՝ ես կ’անեմ. եւ թագաւորը մնաց քաղաքի դռան մօտ, իսկ բոլոր զօրքը դուրս ելաւ հարիւր հարիւր եւ հազար հազար։ 5 Եւ թագաւորը պատուիրեց Յովաբին, Աբեսսային եւ Եթթիին ասելով. Շնայեցէք ինձ համար Աբիսողոմ պատանիին. եւ բոլոր զօրքը լսեց որ թագաւորը զօրապետներին Աբիսողոմի մասին պատուէր էր տալիս։
6 Եւ ժողովուրդը դուրս եկաւ դաշտը Իսրայէլին դիմաւորելու. եւ պատերազմ եղաւ Եփրեմի անտառումը։ 7 Եւ այնտեղ կոտրուեցաւ Իսրայէլի զօրքը Դաւիթի ծառաների առաջին եւ այնտեղ շատ մեծ կոտորած եղաւ այն օրը՝ քսան հազար հոգի։ 8 Եւ պատերազմը այնտեղ տարածուեցաւ բոլոր երկրի երեսին. եւ անտառը այն օրը զօրքիցն աւելի մարդ փչացրեց քան թէ սուրը փչացրեց։ 9 Եւ Աբիսողոմը Դաւիթի ծառաների դիմացը հանդիպեց. եւ Աբիսողոմի ջորի էր հեծած. եւ ջորին մի մեծ կաղնիի թաւ ոստերի տակը մտաւ, եւ նորա գլուխը փաթաթուեցաւ կաղնիին, ու ինքը կախ ընկաւ երկնքի ու երկրի մէջտեղը, եւ նորա տակի ջորին գնաց։ 10 Եւ մի մարդ տեսել էր եւ ասեց Յովաբին. Ահա ես տեսայ Աբիսողոմին կաղնիիցը կախուած։ 11 Եւ Յովաբն ասեց այդ իրան պատմող մարդին. Հիմա որ տեսար, ապա ի՞նչու չ’զարկեցիր նորան այնտեղ գետինը գցեցիր. եւ ես կ’տայի քեզ տասը սիկղ արծաթ եւ մի գօտի։ 12 Իսկ այն մարդն ասեց Յովաբին. Եթէ ես իմ ձեռքին հազար սիկղ արծաթ կշռէի, իմ ձեռքը չէի մեկնիլ թագաւորի որդիի վերայ. որովհետեւ մեր ականջներին պատուիրեց թագաւորը քեզ, Աբեսսային եւ Եթթիին ասելով. Խնայեցէք ինձ համար Աբիսողոմ պատանիին։ 13 Եւ եթէ ես իմ անձի դէմ դաւաճանութիւն անէի, եւ թագաւորիցն էլ ոչ մի բան ծածուկ չի մնալ, այն ժամանակ դու էլ դէմ կ’կանգնէիր։ 14 Եւ Յովաբն ասեց. Ես այսպէս չեմ սպասիլ քո առաջին, եւ իր ձեռքը երեք գեղարդ վեր առաւ եւ կոխեց Աբիսողոմի սիրտը, քանի որ նա տակաւին կենդանի էր կաղնիի մէջ։ 15 Եւ Յովաբի զինակիրներից տասը երիտասարդներ՝ շրջապատեցին եւ զարկեցին Աբիսողոմին եւ մեռցրին նորան։ 16 Եւ Յովաբը փողը հնչեցրեց, եւ զօրքը ետ դառաւ Իսրայէլի ետեւից հալածելուց. որովհետեւ Յովաբը զսպեց զօրքին։ 17 Եւ Աբիսողոմին առան, եւ նորան անտառում մի մեծ փոսի մէջ գցեցին, եւ նորա վերայ մի շատ մեծ քարակոյտ դիզեցին. եւ բոլոր Իսրայէլը փախաւ՝ ամեն մարդ իր վրանը։
18 Եւ Աբիսողոմն իր կենդանութեանը առել՝ իրան համար մի արձան էր կանգնաեցրել թագաւորի հովիտումը. որովհետեւ ասում էր թէ որդի չ’ունեմ, որ իմ անունը յիշէ. եւ իր անունը դրել էր այն արձանին, եւ նորան ասում էին Աբիսողոմի կոթող մինչեւ այսօր։
19 Եւ Սադովկի որդի Աքիմաասն ասեց. Թող վազեմ ու թագաւորին աւետիք տամ. որովհետեւ Տէրը նորան իրաւունք արաւ իր թշնամիների ձեռքիցը։ 20 Եւ Յովաբն ասեց նորան. Դու այսօր աւետիքի մարդ չես, այլ մի ուրիշ օր աւետիք կ’տանես, եւ այսօր աւետիք պիտի չ’տանես, որովհետեւ թագաւորի որդին մեռած է։ 21 Եւ Յովաբն ասեց Քուսիին. Գնա պատմիր թագաւորին ինչ որ տեսար. եւ Քուսին երկրպագութիւն արաւ Յովաբին եւ վազեց։ 22 Եւ Սադովկի որդի Աքիմաասը շարունակեց եւ ասեց Յովաբին. Ինչ եւ իցէ՝ թող ես էլ վազեմ Քուսիի ետեւից. եւ Յովաբն ասեց. Դու ի՞նչու համար պիտի վազես, որդի, որ այս քեզ համար օգուտ բերող աւետիք չէ։ 23 Ինչ որ իցէ՝ թող վազեմ. եւ նա ասեց. Վազիր. եւ Աքիմաասը վազեց դաշտի ճանապարհովը եւ անցաւ Քուսիից առաջ։ 24 Եւ Դաւիթը նստել էր երկու դռների մէջտեղը. եւ դէտը գնաց դէպի դռան կտուրը՝ դէպի պարիսպը եւ իր աչքերը բարձրացրեց ու տեսաւ, որ ահա մի մարդ էր վազում մինակ։ 25 Եւ դէտը կանչեց եւ իմացրեց թագաւորին . եւ թագաւորն ասեց. Եթէ նա մինակ է, ուրեմն աւետիք կայ նորա բերանումը. եւ նա քանի գալիս էր՝ մօտենում։ 26 Եւ դէտը մի ուրիշ մարդ տեսաւ վազելիս, եւ դէտը կանչեց դռնապանին եւ ասեց. Ահա մի մարդ վազում է մինակ. եւ թագաւորն ասեց. Նա էլ է աւետաւոր։ 27 Եւ դէտն ասեց. Ես տեսնում եմ առաջինի վազելը իբրեւ Սադովկի որդի Աքիմաասի վազելը. եւ թագաւորն ասեց. Դա բարի մարդ է, եւ բարի լուրի համար է գալիս։ 28 Եւ Աքիմաասը կանչեց եւ ասեց թագաւորին. Խաղաղութիւն, եւ երեսի վերայ երկրպագեց թագաւորին մինչեւ գետինը, եւ ասեց. Օրհնեալ է քո Տէր Աստուածը որ արգելեց իմ տէր վերայ իրանց ձեռքը բարձրացնող մարդկանցը։ 29 Եւ թագաւորն ասեց. Աբիսողոմ պատանին ո՞ղջ է. եւ Աքիմաասն ասեց. Ես միայն այն մեծ բազմութիւնը տեսայ, երբոր Յովաբն ուղարկեց թագաւորի ծառային եւ ինձ քո ծառային, բայց չ’իմացայ թէ ինչ էր։ 30 Եւ թագաւորն ասեց. Դարձիր այսպէս կանգնիր, եւ նա դարձաւ կանգնեց։ 31 Եւ ահա Քուսին եկաւ եւ ասեց Քուսին. Իմ տէր թագաւորին աւետի՜ք. որովհետեւ Տէրն այսօր քեզ իրաւունք արաւ բոլոր քեզ վերայ վեր կենողների ձեռքիցը. 32 Եւ թագաւորն ասեց Քուսիին. Աբիսողոմ պատանին ո՞ղջ է. եւ Քուսին ասեց. Այդ պատանիի նման դառնան իմ տէր թագաւորի թշնամիները, եւ բոլոր չարիքի համար քեզ վերայ վեր կենողները։ 33 Եւ թագաւորը խռովեցաւ ու վեր գնաց դռան վերնատունը եւ լաց եղաւ, եւ այսպէս էր ասում գնալով. Որդիս Աբիսողոմ, որդիս, որդիս Աբիսողոմ. երանի թէ ես մեռնէի քեզ տեղ, ով Աբիսողոմ որդիս, որդիս։