1 Տարեգրություն
Դռնապանները, գանձապետները և դատաւորները։
26 Դռնապանների դասակարգութիւնները. Կորխեաններից՝ Կովրէի որդի՝ Մասեղամիան* Ասափի որդիներից։ 2 Եւ Մասեղամիայի որդիքը՝ անդրանիկը Զաքարիա, երկորդը Յեգիէլ, երրորդը Զաբադիա, չորրորդը Յաթնիէլ, 3 Հինգերորդը Եղամ, վեցերորդը Յօհանան, եօթներորդը Եղիովէնայի։ 4 Եւ Աբդէդօմի որդիքը՝ անդրանիկը Մեմայիա, երկրորդը Յովզաբադ, երրորդը Յովաք, չորրորդը Սաքար, հինգերորդը Նաթանայէլ, 5 Վեցերորդը Ամիէլ, եօթներորդը Իսաքար, ութերորդը Փեղաթի. որովհետեւ Աստուած նորան օրհնել էր։ 6 Եւ նորա որդի Սեմայիային որդիք ծնուեցան, որոնք իշխաններ եղան իրանց հօր տանը. որովհետեւ նորանք զօրաւոր մարդիկ էին։ 7 Սեմայիայի որդիքը՝ Ոթնի, ռափայէլ, Ովբէդ, Եզզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիոււս եւ Սամաքիա։ 8 Սորանք ամենքը Աբդեդօմի որդիներիցն էին. իրենք, իրանց որդիքը եւ իրանց եղբարքը ուժով զօրաւոր մարդիկ էին ծառայութեան համար. Աբդեդօմից վաթսունեւերկու հոգի։ 9 Եւ Մասեղամիա տասնեւութը զօրաւոր որդիներ եւ եղբայրներ ունէր։ 10 Եւ Մերարիի որդիներից Ուսան որդիներ ունէր. գլխաւորը Սամարի էր. որովհետեւ թէեւ նա անդրանկ չէր, բայց նորա հայրը նորան գլխաւոր դրաւ։ 11 Երկրորդը Քեղկիա, երրորդը Տաբաղիա, չորրորդը Զաքարիա. Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասնեւերեք էին։ 12 Սորանցն էին դռնապանների դասակարգութիւնները իբրեւ գլխաւոր մարդկանց, ծառայութիւնով հաւասար իրանց եղբարցը Տիրոջ տանը ծառայելու համար։ 13 Եւ փոքրն ու մեծը հաւասար վիճակ գցեցին իրանց հայրերի տների համեմատ իւրաքանչիւր դռան համար։ 14 Եւ արեւելեան կողմի վիճակը ընկաւ Սեղեմիային*, եւ նորա խելօք խորհրդատու որդի Զաքարիայի համար վիճակ գցեցին, եւ նորա վիճակը դուրս եկաւ հիւսիս։ 15 Աբդեդօմին՝ հարաւային կողմը, եւ նորա որդիներին՝ շտեմարանները։ 16 Սուփիմին եւ Ուսային՝ արեւմտեան կողմը Սալեքադի դռան մօտ վեր գնացող ճանապարհի վերայ. մի պահապանութիւն միւս պահապանութեան դէմուդէմ։ 17 Արեւելեան կողմին Ղեւտացիներից վեց, հիւսիսում օրը չորս, հարաւում օրը չորս. իսկ շտեմարանների վերայ երկու երկու։ 18 Փարպարի կողմին դէպի արեւմուտքը չորսը ճանապարհին, եւ երկուսը Փարպարի համար։ 19 Սորանք են Կորխեանց եւ Մերարիի որդկանց դռնապանների դասակարգութիւնները։
20 Եւ Ղեւտացիներից՝ Աքիան Աստուծոյ տան գանձերի եւ նուիրական գանձերի վերայ էր։ 21 Գերսոնացի Ղադանի որդկանցից՝ Յեքիէլ։ 22 Յեքիէլի որդիքը՝ Զեթամ եւ նրա եղբայրը Յովիէլ Տիրոջ տան գանձերի վերայ էին։ 23 Ամրամեաններից, Իսահառեաններից, Քեբրոնեաններից, 24 Ոզիէլեաններից Սուբայէլն էլ՝ Մովսէսի րդի Գերսոմի որդին՝ գանձերի իշխանն էր։ 25 Եւ նորա եղբայրները Եղիազարի որդիքը. նորա որդին Հռաբիա, նորա որդին Եսայի, նորա որդին Յովրամ, նրա որդին Զեքրի եւ նորա որդին Սաղօմօթ։ 26 Այս Սաղօմօթը եւ նորա եղբայրները այն բոլոր նուիրած գանձերի վերայ էին, որ նուիրել էին Դաւիթ թագաւորը, տոհմապետները, հազարապետները եւ հարիւրապետները եւ զօրաց իշխանները, 27 Որ նուիրել էին պատերազմներիցը եւ աւարիցը Տիրոջ տունը հաստատելու համար, 28 Եւ ամեն ինչ որ նուիրել էին Սամուէլ տեսանողը, Կիսեան Սաւուղը, Ներեան Աբենները եւ Շարուհեան Յովաբը. բոլոր նուէրները Սաղօմօթի եւ նորա եղբայրների ձեռքին էր։
29 Իսահառեաններից՝ Քոնոնիա եւ նորա եղբայրները դրսի գործերի համար Իսրայէլի վերայ ոստիկաններ եւ դատաւորներ էին։ 30 Քեբրոնեաններից՝ Ասաբիա եւ նորա եղբայրները հազար եօթը հարիւր քաջ մարդիկ Իսրայէլի վերայ վերակացու էին Յորդանանի այս կողմին դէպի արեւմուտք Տիրոջ բոլոր գործքի համար եւ թագաւորի ծառայութեան համար։ 31 Քեբրոնեաններից՝ գլխաւորը Յերիա Քեբրոնեանների սերունդներում եւ տոհմերւմ. սորանք համարուեցան Դաւիթի թագաւորութեան քառասուներորդ տարին, եւ Գաղաադի Յազերում նորանցից քաջ մարդիկ գտնուեցան։ 32 Եւ նորա եղբայրները երկու հազար եօթը հարիւր քաջ մարդիկ էին՝ տոհմապետներ։ Եւ Դաւիթ թագաւորը նորանց նշանակեց Ռուբենեանց, Գադեանց եւ Մանասեանց կէս ցեղի վերայ Աստուծոյ եւ թագաւորի ամեն գործքի համար։