Հոբ
Յոբը նկարագրում է իր առաջուայ բարօրութիւնը։
29 Եւ Յոբը շարունակեց իր առակն առաջ տանիլ եւ ասեց.
2 Երանի՜ թե առաջի ամիսների պէս եւ այն օրերի պէս լինէի, որ Աստուած ինձ պահում էր.
3 Երբոր նորա ճրագը լոյս էր տալիս իմ գլխի վերայ, նորա լուսովը գնում էի խաւարում։
4 Երբոր ես իմ աշնան օրերումն էի, եւ Աստուծոյ մտերմութիւնը իմ վրանը վերայ էր։
5 Երբոր Ամենակարողը տակաւին ինձ հետ էր. եւ իմ տղերքը իմ շուրջն էին։
6 Երբոր իմ գնացքը կոգիով էր ծփծփում, եւ ապառաժը մօտիս իւղի աղբիւրներ էր բղխում.
7 Երբոր դռնիցը դուրս էի գալիս քաղաքը, հրապարակումը դնում էի իմ աթոռը,
8 Ինձ տեսնում էին երիտասարդները եւ թաք կենում, եւ ալեւորները վեր էին կենում կանգնում.
9 Իշխանները դէմ էին ընկնում խօսելիս, եւ ձեռները դնում էին իրանց բերաններին.
10 Ազնուականների ձայնը կտրվում էր, եւ նորանց լեզում իրանց քիմքին էր կպչում։
11 Որովհետեւ մի ականջ որ լսում էր, ինձ երանի էր տալիս, եւ այն աչքը որ տեսնում էր, վկայութիւն էր տալիս ինձ.
12 Որովհետեւ ես ազատում էի աղաղակող տնանկին, նաեւ որբին եւ անօգնականին։
13 Կորածի օրհնութիւնը ինձ վերայ էր գալիս, եւ որբեւայրիի սիրտը ուրախացնում էի.
14 Արդարութիւն էի հագած եւ հագնում էի, պատմուճան եւ խոյր էր իմ դատաստանը։
15 Ես աչքեր էի կոյրին, եւ ես ոտքեր էի կաղին։
16 Եւ հայրէի աղքատներին, եւ ինձ անծանօթի դատը քննում էի.
17 Եւ փշրում էի անիրաւի ժանիքը. եւ նորա ատամներիցը որսը խլում էի.
18 Եւ ասում էի. Բոյնիս կշտին կ’մեռնեմ, եւ աւազի չափ կ’շատացնեմ օրերս.
19 Արմատներս ջրին կ’բացուին, եւ ցօղը կ’օթեւանէ իմ ոստերի վերայ.
20 Փառքս նոր կ’մնայ ինձ հետ, եւ աղեղս ձեռքիս կ’նորոգուի։
21 Ինձ ականջ էին դնում եւ սպասում, եւ իմ խորհուրդին լռում էին։
22 Իմ խօսելուց յետոյ չէին կրկնում, եւ նորանց վերայ կաթում էր իմ ասածը։
23 Ինձ սպասում էին ինչպէս անձրեւի, եւ բերանները բանում էին իբր ետքի անձրեւի համար։
24 Եթէ ես ծիծաղէի նորանց վերայ, չէին հաւատալ, եւ իմ երեսի լոյսը նորանք չէին նսեմացնել։
25 Ընտրում էի նորանց ճանապարհը եւ գլխաւոր էի նստում, եւ բնակվում էի ինչպէս թագաւորը զօրքի մէջ, իբրեւ մէկը որ սգաւորներ է մխիթարում։