Հոբ
Յոբը կրկին պնդում է որ անարատ վարք է ունեցել Աստուծոյ և մարդկանց առաջին։
31 Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ։
2 Եւ ի՞նչ բաժին կայ Աստուածանից վերեւից, եւ ժառանգութիւն Ամենակարողից բարձրերիցը։
3 Չէ՞ որ ամբարշտի համար կորուստ կայ. եւ չարիք՝ անօրէնութիւն գործողների համար։
4 Չէ՞ որ նա տեսնում է իմ ճանապարհները, եւ համարում՝ իմ բոլոր քայլերը։
5 Եթէ ես ստութեամբ եմ շրջել, եւ իմ ոտքը շտապել է նենգութեան,
6 Թող կշռէ ինձ արդարութեան կշռով, եւ իմանայ Աստուած իմ կատարելութիւնը։
7 Եթէ իմ ոտքը խոտորել է ճանապարհիցը, եւ իմ սրտին հետեւել իմ աչքը, եւ իմ ձեռքերին կպել մի արատ,
8 Թող ես սերմեմ, եւ ուրիշն ուտէ, եւ իմ շառաւիղները արմատից խլուին։
9 Եթէ սիրտս մոլորուել է մի կնոջ մասին, եւ ես դարանամուտ եմ եղել իմ դրացիի դռան,
10 Իմ կինը ուրիշի համար աղօրիքը դարձնէ, եւ նորա վերայ ծռեն ուրիշները։
11 Որովհետեւ դա պղծագործութիւն է, եւ դատաւորների դատելի անօրէնութիւն։
12 Որովհետեւ դա մի կրակ է՝ մինչեւ տարտարոսը լափող, որ իմ բոլոր արդիւնքն արմատիցը կ’խլէ։
13 Եթէ ես արհամարհել եմ իմ ծառայի կամ աղախնի իրաւունքը, նորանք ինձ հետ վէճ ունեցած ժամանակին,
14 Այն ժամանակ ես ի՞նչ կ’անեմ, երբոր Աստուած վեր կենայ. եւ երբոր նա քննէ, ես ի՞նչ պատասխան կ’տամ.
15 Չէ՞ որ ինձ որովայնում ստեղծողն է նորան ստեղծել, եւ մեզ արգանդում պատրաստողը մէկն է։
16 Եթէ աղքատի ուզածը մերժել եմ, եւ որբեւայրիի աչքերը հանգցրել եմ,
17 Եթէ պատառս մինակ եմ կերել, եւ որբը նորանից չէ կերել,
18 (Որովհետեւ նա իմ մանկութիւնից ի վեր ինձ մօտ մեծացաւ իբրեւ հօր մօտ, եւ մօրս արգանդիցը նորան գթացել եմ,)
19 Եթէ ես մէկ կորած եմ տեսել առանց հագուստի, կամ թէ որ ծածկոց չ’ունի աղքատը*,
20 Եթէ ինձ չեն օրհնել նորա երանքները, եւ նա չէ տաքացել իմ ոչխարների բրդիցը,
21 Եթէ իմ ձեռքը բարձրացրել եմ որբի վերայ, երբոր ես դռան մէջ տեսայ իմ օգնութիւնը,
22 Թող իմ թեւը իմ ուսիցը վայր ընկնէ, եւ բազուկս արմունկիցս կոտրուի։
23 Որովհետեւ Աստուծոյ կորցնելը վախ էր ինձ վերայ. եւ նորա մեծափառութիւնիցը չէի կարող պրծնել։
24 Եթէ ես ոսկին շինել եմ իմ յոյսը, կամ մաքուր ոսկիին ասել եմ. Իմ վստահութի՜ւն.
25 Եթէ ես ուրախացել եմ, թէ ստացուածքս շատ է, եւ ձեռքս առատութիւն է գտել.
26 Կամ եթէ նայել եմ արեւին, երբոր փայլում էր, եւ լուսնին, երբոր պայծառութեամբ գնում էր,
27 Կամ սիրտս խաբուել է ծածուկ, եւ ձեռքս պագել է բերանս.
28 Որ դա էլ դատաւորների դատելի անօրէնութիւն է. որովհետեւ ուրացած պիտի լինէի Աստուծուն ի վերուստ.
29 Եթէ ուրախացել եմ ատողիս կորուստովը, կամ զուարճացել եմ որ նորան չարիք է հանդիպել.
30 Այլ նոյն իսկ թող չեմ տուել կոկորդիս մեղանչելու նորա անձի համար անէծք փափաքելով.
31 Եթէ իմ վրանի մարդիկն ասած չ’լինին. Ոհ թէ չ’կշտանայինք նորա մսիցը.
32 (Պանդուխտը չէր օթեւանում դրսումը, դռներս բանում էի ճանապարհորդին.)
33 Եթէ յանցանքս ծածկել եմ Ադամի* պէս, որ պահէի ծոցումս իմ անօրէնութիւնը,
34 Որովհետեւ վախեցած լինիմ շատ բազմութիւնից, եւ ցեղերի անարգանքը զարհուրեցրած լինի, եւ ես լռած եւ դռնիցը դուրս եկած չ’լինիմ.
35 Երանի՜ ինձ, թէ մէկը ինձ լսէր. (ահա իմ փափաքը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանէր,) եւ մի գիրք գրէր իմ ջատագովը։
36 Անշուշտ նորան ուսիս վերայ կ’առնէի, եւ պսակի պէս կ’կապէի ինձ վերայ։
37 Քայլելիս համարանքը նորան կ’իմացնէի, իշխանի պէս կ’մօտենայի նորան։
38 Եթէ ինձ դէմ աղաղակել է իմ երկիրը, եւ նորա համայն ակօսները լացել են,
39 Եթէ նորա արդիւնքը կերել եմ առանց փողի, եւ նորա տիրոջ հոգին հանգցրել եմ,
40 Թող ցորենի տեղ փուշ դուրս գայյ, եւ գարիի տեղ որոմ։ Յոբի խօսքերը վերջացան։