Աստծո տեսակետը բարոյական մաքրության վերաբերյալ
«Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։
1, 2. ա) Առհասարակ, ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում սեռական բարոյականությանը։ բ) Այս հարցի վերաբերյալ ո՞րն է քրիստոնյաների տեսակետը։
ԱՅՍՕՐ աշխարհի շատ մասերում ապրող մարդկանց համար բարոյական վարքը անձնական ընտրության հարց է։ Ըստ նրանց՝ մարդիկ իրենց բնական զգացմունքները սեռական հարաբերությամբ կարող են արտահայտել ցանկացած ժամանակ, և բոլորովին էլ հարկավոր չէ դրա համար սպասել ամուսնությանը։ Նրանք գտնում են, որ մարդն ինքը պիտի որոշի, թե ինչպես իրեն պահի, եթե, իհարկե, իր վարքի պատճառով ոչ ոք չի տուժում։ Ասում են նաև, որ մարդկանց չի կարելի դատել բարոյականությանը վերաբերող հարցերում, հատկապես, երբ խոսքը սեռական կյանքի մասին է։
2 Եհովային ճանաչողները այս առումով բոլորովին այլ կարծիքի են։ Աստծո հանդեպ սիրուց մղված՝ նրանք ուրախությամբ հետևում են Աստվածաշնչի տված առաջնորդությանը՝ հասկանալով, որ Եհովան սիրում է իրենց, և, նրա տված առաջնորդությունը հօգուտ իրենց բարօրության է, ինչի շնորհիվ էլ նրանք կարող են իսկապես երջանիկ լինել (Եսայիա 48։17)։ Աստված կյանքի Աղբյուրն է, և, բնականաբար, խելամիտ է, որ մարդիկ նրա առաջնորդությունն են փնտրում այն հարցում, թե ինչպես օգտագործեն իրենց մարմինները, հատկապես երբ դա սերտորեն կապված է կյանք փոխանցելու հետ։
Նվեր՝ սիրառատ Ստեղծիչից
3. Ի՞նչ են պնդում քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք սեռային հարաբերությունների մասին, և որքանո՞վ է դա համապատասխանում այդ հարցի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետին։
3 Քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք, ի տարբերություն արդի աշխարհի, պնդում են, որ սեռային հարաբերությունները ամոթալի են՝ մեղքով լի, և որ Եդեմի պարտեզում կատարված «առաջին մեղքը» Եվայի կողմից Ադամի գայթակղվելն էր։ Սակայն նման կարծիքը հակասում է Աստվածաշնչի պարունակած տեղեկությանը։ Գրություններում մարդկային առաջին զույգի մասին ասվում է՝ «Ադամը եւ իր կինը» (Ծննդոց 2։25)։ Աստված ասել էր նրանց, որ երեխաներ ունենան. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը» (Ծննդոց 1։28)։ Անհեթեթություն է մտածել, թե Աստված նախ՝ հրաման է տալիս Ադամին ու Եվային զավակներ ունենալ, իսկ հետո՝ պատժում է նրանց այդ հրամանն ի կատար ածելու համար (Սաղմոս 19։8)։
4. Ինչո՞ւ է Աստված մարդկանց օժտել սեռային կարողությամբ։
4 Մեր նախածնողներին տրված այդ պատվերի մեջ բացահայտ երևում է սեռային հարաբերությունների բուն նպատակը՝ ունենալ զավակներ։ Այս պատվերը տրվել էր նաև Նոյին և նրա որդիներին (Ծննդոց 9։1)։ Այնուհանդերձ, Աստծո Խոսքից պարզ երևում է նաև, որ Աստծո ծառաները պարտավորված չեն սեռային հարաբերությունները սահմանափակել և հարաբերության մեջ մտնել զուտ զավակներ ծնելու նպատակով։ Սեռային հարաբերությունները էմոցիոնալ ու ֆիզիկական բավականություն են պատճառում, և ամուսնացած զույգը պատշաճորեն կարող է օգտվել դրանից։ Ամուսինների համար դա միմյանց հանդեպ տածած խորը զգացմունքների արտահայտումն է (Ծննդոց 26։8, 9; Առակաց 5։18, 19; Ա Կորնթացիս 7։3–5)։
Աստծո դրած սահմանափակումները
5. Ո՞րն է իրենց սեռային կարողություններից օգտվելու հարցում մարդկանց համար Աստծո դրած արգելքը։
5 Թեև սեռային կարողությունը Աստծո տված պարգևն է, բայցևայնպես այն չպետք է անսահմանափակ դրսևորվի։ Այս սկզբունքը կիրառելի է նաև ամուսնության մեջ (Եփեսացիս 5։28–30; Ա Պետրոս 3։1, 7)։ Ամուսնությունից դուրս սեռային հարաբերություններն արգելված են։ Աստվածաշունչը լիովին որոշակի և վճռական է խոսում այս հարցի շուրջ։ Իսրայել ազգին տրված Աստծո Օրենքում ասված էր. «Շնութիւն մի անիր» (Ելից 20։14)։ Ավելի ուշ Հիսուսը «շնութիւնը» և «պոռնկութիւնը» ընդգրկեց «չար խորհուրդների» շարքում, որոնք ծագում են մարդկանց սրտում և պղծում նրանց (Մարկոս 7։21)։ Պողոս առաքյալը՝ Աստծուց ներշնչված, Կորնթոսի քրիստոնյաներին գրեց. «Փախէ՛ք պոռնկութիւնից» (Ա Կորնթացիս 6։18)։ Իսկ եբրայեցիներին ուղղված իր նամակում ասաց. «Ամուսնութիւնն ըստ ամենայնի յարգելի է, և ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եւ Աստուած պիտի դատի շնացողներին և պոռնիկներին» (Եբրայեցիս 13։4)։
6. Աստվածաշնչում ի՞նչ է իր մեջ բովանդակում «պոռնկություն» բառը։
6 Ի՞նչ է իր մեջ բովանդակում «պոռնկություն» բառը։ Արմատը հունարեն «պոռնեա» բառն է, որն Աստվածաշնչի որոշ համարներում օգտագործվում է չամուսնացած մարդկանց սեռային հարաբերությունների հետ կապված (Ա Կորնթացիս 6։9)։ Այլ համարներում, ինչպես օրինակ, Մատթէոս 5։32 և 19։9–ում, այս բառն ավելի լայն իմաստ է կրում և վերաբերում է նաև ամուսնական հավատարմության խախտմանը, արյունապղծությանն ու անասնապղծությանը։ Չամուսնացած մարդկանց միջև սեռային այլ հարաբերությունները, ինչպես՝ օրալային, անալային սեքսը կամ ուրիշի սեռական օրգաններին հպումը, նույնպես համարվում են «պոռնեա»։ Այս բոլոր գործողությունները դատապարտվում են Աստծո Խոսքում կա՛մ ուղղակիորեն, կա՛մ էլ անուղղակիորեն (Ղեւտացոց 20։10, 13, 15, 16; Հռովմայեցիս 1։24, 26, 27, 32)։a
Օգուտներ քաղենք բարոյականությանը վերաբերող Աստծո օրենքներից
7. Ի՞նչ օգուտներ կարելի է քաղել՝ բարոյապես մաքուր մնալով։
7 Սեռային վարքին վերաբերող հարցերում անկատար մարդկանց համար երբեմն հեշտ չի լինում Եհովայի տված առաջնորդությանը հետևելը։ 12–րդ դարի հրեա հանրաճանաչ փիլիսոփա Մայմոնիդը գրել է. ««Հնգամատյանում» [Մովսիսական օրենքում] ներկայացված սահմանափակումներից ոչ մեկն այնքան դժվար չէ պահել, որքան արգելված միություններին և ապօրինի սեռային հարաբերություններին վերաբերող սահմանափակումները»։ Սակայն, Աստծո հրահանգներին հնազանդվելով՝ մեծ օգուտներ ենք քաղում (Եսայիա 48։18)։ Օրինակ՝ հնազանդությունը տվյալ դեպքում պաշտպանում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, որոնցից մի քանիսը բուժում պարզապես չունեն ու մահվան պատճառ են դառնում։b Այդ հնազանդության շնորհիվ մենք պաշտպանվում ենք նաև արտամուսնական հղիությունից։ Աստվածային իմաստության կիրառումը իր հերթին նպաստում է նաև մաքուր խղճմտանք ունենալուն։ Այն օգնում է ինքնահարգանքի զգացում ունենալ և արժանանալ մեր կողակիցների, երեխաների, քրիստոնյա եղբայրների ու քույրերի հարգանքին։ Օգնում է նաև առողջ տեսակետ ունենալ ամուսնության մեջ ուրախություն պարգևող սեռական հարաբերությունների վերաբերյալ։ Ահա թե ինչ է գրել մի քրիստոնյա քույր. «Աստծո Խոսքի ճշմարտությունը ամենալավ պաշտպանությունն է կյանքում։ Սպասում եմ, թե երբ կամուսնանամ։ Գիտեմ, որ հետո քրիստոնյա ամուսնուս հպարտությամբ կարող եմ ասել, որ պարկեշտ եմ եղել»։
8. Մեր պարկեշտ վարքը ինչպե՞ս կարող է նպաստել մաքուր երկրպագությանը։
8 Մեր պարկեշտ վարքով շատ բան կարող ենք անել ճշմարիտ երկրպագության վերաբերյալ մարդկանց ունեցած սխալ պատկերացումները ցրելու և այդ անհատներին Աստծո կողմը դարձնելու համար։ Պետրոս առաքյալը գրել է. «[Ցույց տվեք] ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը» (Ա Պետրոս 2։12)։ Անգամ եթե նրանք, ովքեր չեն ծառայում Եհովային, հավանություն չեն տալիս և չեն ընդունում մեր պարկեշտ վարքը, միևնույն է, կարող ենք միանգամայն վստահ լինել, որ մեր երկնային Հայրը տեսնում է մեր ջանքերը, հավանություն է տալիս դրանց և նույնիսկ ուրախանում, որ ձգտում ենք հետևել իր առաջնորդությանը (Առակաց 27։11; Եբրայեցիս 4։13)։
9. Ինչո՞ւ պետք է վստահել Աստծո առաջնորդությանը՝ չնայած այն բանին, որ երբեմն, թերևս, լիովին չենք հասկանում մեզ առաջնորդելու հետ կապված որոշ պատճառներ։ Բերե՛ք օրինակ։
9 Հավատն առ Աստված վստահություն է ներշնչում նաև այն հարցում, որ նա գիտի, թե ի՛նչն է լավը մեզ համար, նույնիսկ եթե լիարժեք չենք հասկանում նրա կողմից մեզ առաջնորդելու հետ կապված որոշ բաներ։ Ահա մի օրինակ Մովսիսական օրենքից։ Բանակատեղին վերաբերող կարգադրություններից մեկը պահանջում էր, որ մարդիկ իրենց արտաթորանքները բանակից դուրս ծածկեին հողով (Բ Օրինաց 23։13, 14)։ Թերևս իսրայելացիներին զարմացրել էր նման կարգադրությունը, ոմանք, գուցե, նույնիսկ անտեղի էին համարել այն։ Սակայն, ավելի ուշ, բժշկագիտությունը եկավ այն եզրակացության, որ, շնորհիվ այդ օրենքի, ջրի աղբյուրները զերծ էին մնացել աղտոտումից, իսկ մարդիկ՝ միջատների բերած բազում վարակիչ հիվանդություններից։ Նմանապես, ֆիզիկական, հոգեբանական, էմոցիոնալ, հոգևոր և հասարակական պատճառներից ելնելով է, որ Աստված սեռային հարաբերությունները սահմանափակել է միայն ամուսնական անկողնով։ Այժմ եկեք նկատի առնենք աստվածաշնչյան մի քանի օրինակ, երբ մարդիկ կառչած են մնացել բարոյական մաքրությանը։
Հովսեփը՝ օրհնված իր բարոյական վարքի համար
10. Ո՞վ էր փորձում գայթակղել Հովսեփին, և ինչպե՞ս է Հովսեփն արձագանքում դրան։
10 Հավանաբար ծանոթ եք Հակոբի որդի Հովսեփի մասին աստվածաշնչյան պատմությանը։ Տասնյոթ տարեկան հասակում Հովսեփը ծառա է դառնում Եգիպտոսի փարավոնի ներքինապետ Պետափրեսին։ Եհովան օրհնում է Հովսեփին, և ժամանակի ընթացքում վերջինս Պետափրեսի տանը վերակացուի պաշտոն է ստանում։ Քսան տարեկանում Հովսեփը «գեղեցիկ էր դէմքով եւ գեղեցիկ՝ տեսքով», ու Պետափրեսի կինը ուշադրություն է դարձնում նրա վրա՝ փորձելով գայթակղել։ Հովսեփը պատասխանում է, որ դա դավաճանություն կլինի ոչ միայն իր տիրոջ դեմ, այլ նաև՝ մեղք Աստծո դեմ։ Ինչո՞ւ էր Հովսեփն այդպես մտածում (Ծննդոց 39։1–9)։
11, 12. Ինչո՞ւ Հովսեփը չէր կարող այլ կերպ դատել, չնայած որ Աստծո կողմից պոռնկությունն ու շնությունը արգելող գրավոր ոչ մի հրահանգ դեռևս չկար։
11 Ըստ ամենայնի, Հովսեփի բռնած դիրքը թելադրված չէր հանցանքի մեջ մարդկանց կողմից բռնվելու վախից։ Հովսեփի ընտանիքը գտնվում էր իրենից շատ հեռու, իսկ նրա հայրը տեղյակ չէր, որ իր որդին կենդանի է։ Նրա ընտանիքը երբեք չէր իմանա իր այդ անբարոյական արարքի մասին։ Այդ մեղքը, ամենայն հավանականությամբ, թաքուն կմնար նաև Պետափրեսից և նրա տղամարդ ծառաներից, քանի որ պատահում էր, որ տանը նրանցից ոչ մեկը չէր լինում (Ծննդոց 39։11)։ Բայց Հովսեփը գիտեր մի բան. այդ արարքը ծածուկ չէր մնա Աստծո աչքից։
12 Հովսեփի համար թերևս հիմք էր ծառայել այն ամենը, ինչ որ նա գիտեր Եհովայի մասին, օրինակ, թե ինչ էր Եհովան հայտարարել Եդեմի պարտեզում. «Մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին» (Ծննդոց 2։24)։ Բացի դրանից, Հովսեփը, հավանաբար, տեղյակ էր, թե ժամանակին ինչ էր ասել Եհովան փղշտացի թագավորին, որը մտադրվել էր տիրանալ Հովսեփի նախատատ Սառային։ Եհովան ասել էր այդ թագավորին. «Ահա դու պիտի մեռնիս այդ կնոջ պատճառով, որ դու առիր. որովհետեւ նա մի մարդի կին է.... ես քեզ ինձ դեմ մեղք գործելուց ետ պահեցի, վասն որոյ քեզ չ’թողեցի որ նորան մօտենաս» (Ծննդոց 20։3, 6)։ Այսպիսով, թեև Եհովան դեռ գրավոր օրենք չէր տվել, ամուսնությանը վերաբերող նրա տեսակետը լիովին հստակ էր։ Բարոյականության մասին Հովսեփի ունեցած տեսակետը Եհովային հաճեցնելու իր ցանկության հետ մեկտեղ դրդեցին նրան անբարոյականություն չգործել։
13. Ինչո՞ւ Հովսեփը, ըստ ամենայնի, չէր կարող խուսափել Պետափրեսի կնոջից։
13 Պետափրեսի կինը, սակայն, համառորեն «օրէցօր» համոզում էր նրան «պառկել իր հետ»։ Բայց ինչո՞ւ Հովսեփը չէր կարող պարզապես խուսափել ու հեռու մնալ նրանից։ Նա այդ տանը ընդամենը ծառա էր, հետևաբար՝ որոշակի պարտականություններ ուներ կատարելու և գրեթե ոչինչ փոխել չէր կարող։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ եգիպտական տներում մառան մտնելու համար հարկավոր էր լինում անցնել տան միջով։ Ուստի, Հովսեփի համար, թերևս, պարզապես անհնար էր խուսափել Պետափրեսի կնոջից (Ծննդոց 39։10)։
14. ա) Պետափրեսի կնոջ մոտից փախչելուց հետո ի՞նչ է պատահում Հովսեփին։ բ) Ինչպե՞ս է Եհովան օրհնում Հովսեփին իր հավատարմության համար։
14 Եվ ահա մի օր նրանք մենակ էին տանը։ Պետափրեսի կինը մոտենում է Հովսեփին ու ասում. «Պառկիր ինձ հետ»։ Հովսեփը փախչում է։ Հերթական մերժումը ստանալուց վիրավորված՝ Պետափրեսի կինը նրան մեղադրում է բռնաբարության փորձի մեջ։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում։ Արդյո՞ք Եհովան անմիջապես վարձատրում է Հովսեփին իր հավատարմության համար։ Ոչ։ Հովսեփին շղթայում են և բանտ նետում (Ծննդոց 39։12–20; Սաղմոս 105։18)։ Սակայն այդ ողջ անարդարությունը չի վրիպում Եհովայի աչքից. ժամանակի ընթացքում Հովսեփն ազատվում է բանտից և բարձրացվում պալատ։ Նա դառնում է Եգիպտոսի երկրորդ հզոր դեմքը ու Եհովայից որպես օրհնություն ստանում կին ու երեխաներ (Ծննդոց 41։14, 15, 39–45, 50–52)։ Բացի այդ, Հովսեփի անարատ վարքի մասին այս պատմությունը 3 500 տարի առաջ գրի է առնվել այդ ժամանակներից ի վեր ապրած Աստծո ծառաների համար։ Ի՜նչ հիանալի օրհնություններ է բերում մարդկանց Աստծո արդար օրենքներին կառչած մնալը։ Հավանաբար, միշտ չէ, որ տեսնում ենք բարոյական մաքրություն պահելու անմիջական օգուտները, սակայն կարող ենք վստահ լինել, որ Եհովան տեսնում է դա և պատեհ ժամանակին վարձահատույց կլինի (Բ Մնացորդաց 16։9)։
Հոբի ‘ուխտն իր աչքերի հետ’
15. Ի՞նչ «ուխտ» էր Հոբը կապել ‘իր աչքերի հետ’։
15 Անարատություն պահողի մեկ այլ օրինակ թողեց Հոբը։ Բանսարկուի կողմից փորձության ենթարկվելիս նա վերհիշել ու վերլուծության էր ենթարկել իր ողջ կյանքը և հայտարարել, որ պատրաստ է նույնիսկ ամենախիստ պատիժը կրելու, եթե երբևիցե, այլ բաների հետ մեկտեղ, խախտել է սեռային բարոյականությանը վերաբերող Եհովայի սկզբունքը։ Հոբն ասել էր. «Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ» (Յոբ 31։1)։ Այս խոսքերով նա ուզեցել էր ասել, որ Աստծո հանդեպ անարատություն պահելու իր որոշման մեջ խուսափել է անգամ որևէ կնոջ վրա ցանկությամբ նայելուց։ Ինչ խոսք, առօրյա կյանքում Հոբը հանդիպում էր շատ կանանց և հարկ եղած դեպքում սիրով օգնություն ցույց տալիս։ Սակայն ինչ վերաբերում է սիրահետելու նպատակով նրանց հանդեպ ցուցաբերած ուշադրությանը, դա բացառված էր։ Նախքան փորձությունների ենթարկվելը՝ Հոբը մեծ կարողության տեր մարդ էր՝ «բոլոր արեւելցիներից մեծ» (Յոբ 1։3)։ Սակայն իր բարեկեցությունից նա չէր օգտվում՝ նպատակ դնելով կանանց ուշադրությունը իր կողմը գրավել։ Պարզ է, որ նա երբեք երիտասարդ կանանց հետ ապօրինի սեռային հարաբերության մեջ մտնելու հույսեր չէր փայփայել։
16. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հոբը լավ օրինակ է ամուսնացած քրիստոնյաների համար։ բ) Ինչո՞վ էին Մաղաքիայի օրերի տղամարդիկ տարբերվում Հոբից, և ի՞նչ կարելի է ասել այսօրվա մասին։
16 Այսպիսով՝ Հոբը անարատություն էր պահել իր կյանքի և՛ խաղաղ, և՛ փոթորկալից օրերին։ Եհովան տեսավ դա և առատորեն վարձատրեց (Յոբ 1։10; 42։12)։ Ի՜նչ հրաշալի է Հոբի օրինակը ամուսնացած քրիստոնյա տղամարդկանց ու կանանց համար։ Եվ զարմանալի չէ, որ Եհովան սիրում էր նրան։ Մինչդեռ, ի տարբերություն Հոբի, այսօր շատերի վարքը մեզ հիշեցնում է Մաղաքիայի օրերին տեղի ունեցածը։ Մարգարեն կշտամբում էր ամուսնացած այն տղամարդկանց, որոնք լքում էին իրենց կանանց, որպեսզի ավելի երիտասարդների հետ ամուսնանան։ Եհովայի զոհասեղանը թրջվում էր լքված կանանց արցունքներից, իսկ Աստված դատապարտում էր նրանց, ովքեր «անհաւատարիմ» էին իրենց կողակիցներին (Մաղաքիա 2։13–16)։
Պարկեշտ օրիորդը
17. Ինչո՞ւ էր Սուլամիթը «փակուած այգու» հետ համեմատվել։
17 Աստվածաշնչում բերված անարատության հաջորդ օրինակը Սուլամիթ անունով օրիորդն է։ Երիտասարդ ու գեղանի այս աղջկան սիրում են գառնարած մի տղա և Իսրայելի հզոր Սողոմոն թագավորը։ Սողոմոնի «Երգ երգոցում» ներկայացված գողտրիկ պատմությունից պարզ է դառնում, որ Սուլամիթը մի պարկեշտ աղջիկ էր ու իր պարկեշտությամբ շահել էր շրջապատողների հարգանքը։ Սողոմոնը, թեև մերժված նրա կողմից, սակայն Աստծուց ներշնչված գրի էր առել այդ օրիորդի մասին գեղեցիկ պատմությունը։ Սուլամիթի սիրած հովիվը նույնպես հարգում էր նրան իր պարկեշտ վարքի համար։ «Փակուած այգի է.... իմ հարսը»,— ասում է հովիվը նրա մասին (Երգ երգոց 4։12)։ Հին Իսրայելում կանաչապատ այգիները լիքն էին բազմատեսակ բանջարեղենով, անուշահոտ ծաղիկներով ու սլացիկ ծառերով։ Այդ այգիները սովորաբար կա՛մ ցանկապատված էին, կա՛մ էլ պատնեշված, ուստի ներս մտնել հնարավոր էր միայն դարպասներից, որոնք մշտապես փակ էին (Եսայիա 5։5)։ Գառնարած տղայի համար Սուլամիթի բարոյական մաքրությունն ու գեղեցկությունը նման էր բացառիկ գեղեցկություն ունեցող այդ այգիներին։ Որպես առաքինի կին՝ նա իր քնքուշ սերը կտար միայն իր ամուսնուն։
18. Ինչի՞ մասին են մեզ հիշեցնում Հովսեփի, Հոբի և Սուլամիթի մասին պատմությունները։
18 Բարոյապես անարատ մնալու մեջ Սուլամիթը հիանալի օրինակ է մեր օրերի քրիստոնյա կանանց համար։ Եհովան տեսել ու գնահատել էր երիտասարդ Սուլամիթի առաքինի վարքը՝ օրհնելով նրան այնպես, ինչպես ժամանակին՝ Հովսեփին ու Հոբին։ Այս անհատների անարատության մասին պատմությունները Աստծո Խոսքում արձանագրվել են որպես առաջնորդություն լինելու համար։ Եվ չնայած Աստվածաշնչում չի արձանագրված անարատություն պահելու մեր այսօրվա ջանքերի մասին, սակայն Եհովան «հիշատակի գիրք» ունի այն մարդկանց համար, որոնք ձգտում են կատարել իր կամքը։ Եկեք երբեք չմոռանանք, որ Եհովան «ականջ է դնում» և սրտանց ուրախանում է, երբ տեսնում է բարոյապես մաքուր մնալու մեր գործադրած ջանքերը (Մաղաքիա 3։16)։
19. ա) Ի՞նչ է մեզ համար նշանակում բարոյապես մաքուր մնալը։ բ) Ինչի՞ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
19 Մենք ուրախ ենք, որ հնազանդվում ենք մեր սիրալիր Արարչին, թեպետ անհավատ մարդիկ երբեմն ծաղրում են մեզ դրա համար։ Բայց մենք բարոյականության, այն էլ՝ աստվածային բարոյականության բարձր չափանիշներով ենք ապրում։ Դրանով կարելի է հպարտանալ, և որպես գանձ այն պահպանել։ Բարոյապես մաքուր վարք ու բարք դրսևորելով՝ կարող ենք Աստծո օրհնություններին արժանանալ և նաև ապագա անվերջ օրհնությունների հույսն ունենալ։ Իսկ ի՞նչ է հարկավոր անել բարոյապես մաքուր մնալու համար։ Այս կարևոր հարցի շուրջ կխոսվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Տեսեք «Դիտարան» 1984, դեկտեմբերի 1, էջ 20–23 (ռուս.)։
b Ցավոք, պատահում է, որ անմեղ քրիստոնյաները սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ են վարակվում իրենց անհավատ կողակիցներից, որոնք չեն հետևում Աստծո տված առաջնորդությանը։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչ է Աստվածաշունչն ասում սեռային հարաբերությունների մասին։
• Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է իր մեջ բովանդակում «պոռնկություն» բառը։
• Ի՞նչ օգուտներ կարելի է քաղել՝ բարոյապես մաքուր մնալով։
• Ինչո՞ւ են Հովսեփը, Հոբը և Սուլամիթը հիանալի օրինակ ծառայում մեր օրերի քրիստոնյաների համար։
[նկար 9–րդ էջի վրա]
Հովսեփը փախավ անբարոյականությունից։
[նկար 10–րդ էջի վրա]
Սուլամիթը «փակված այգու էր» նման։
[նկար 11–րդ էջի վրա]
Հոբը «ուխտ էր» կապել ‘իր աչքերի հետ’։