Հոբ
Եղիուսի երրորդ խօսքը. մարդս իր գանգատելովը իրան է վնասում։ Աստուած արդար դատաստան է անում։
35 Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.
2 Սա դու իրաւո՞ւնք ես համարում, որ ասում ես. Իմ արդարութիւնն աւելի է Աստուածանից։
3 Որովհետեւ ասեցիր. թէ Քեզ ի՞նչ օգուտ ունի, եւ ի՞նչ աւելի շահ կայ սորանից քան թէ մեղանչելուց.
4 Ես քեզ խօսք կ’պատասխանեմ, եւ քո ընկերներին քեզ հետ։
5 Նայիր երկնքին եւ տես, եւ դիտիր ամպերը որ քեզանից բարձր են.
6 Եթէ դու մեղանչես, նորա դէմ ի՞նչ արած կ’լինիս. եւ քո անօրէնութիւնները որ շատանան, նորան ի՞նչ կ’անես։
7 Կամ եթէ արդար լինիս, ի՞նչ կ’տաս նորան. կամ նա ի՞նչ կ’առնէ քո ձեռքիցը։
8 Քեզ նման մարդին կ’ներգործէ քո ամբարշտութիւնը, եւ մարդի զաւակին՝ քո արդարութիւնը։
9 Հարստահարութիւնների շատութիւնից կ’աղաղակեն, կ’բողոքեն մեծամեծների բազուկիցը։
10 Բայց մէկը չէ ասում. Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը, նա որ գիշերը երգեր է տալիս.
11 Որ մեզ երկրի անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում։
12 Այնտեղ աղաղակում են, բայց նա չէ պատասխանում՝ չարերի հպարտութեան պատճառով։
13 Յիրաւի Աստուած ունայնութեան չի լսիլ, եւ Ամենակարողը նորան մտիկ չի անիլ։
14 Թէպէտեւ դու ասում ես, թէ Նորան չես տեսնում. սակայն դատաստան կայ նորա առաջին, յուսա Նորան։
15 Բայց հիմա որ նորա բարկութիւնը մի չնչին բան է արել, եւ չէ իմացել շատ անօրէնութիւնը,
16 Յոբը դարձեալ զուր տեղն է բանում իր բերանը. առանց հասկացողութեան խօսքեր է շատացնում։