Սաղմոսներ
Խարդախ թշնամիների որոգայթներից ազատուելու համար աղօթք։
Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։
140 Տէր, ապրեցրու ինձ չար մարդիցը. պահիր ինձ բռնաւոր մարդիցը.
2 Որ չար բաներ են մտածում սրտով, եւ ամեն օր կռիւներ են յուրացանում:
3 Իրանց լեզուները սրում են օձի նման. իժ օձի թոյն կայ նորանց շրթունքների տակ: (Սէլա։)
4 Տէր, պահիր ինձ ամբարշտի ձեռքիցը, պահիր ինձ բռնաւոր մարդկանցիցը, որ հնարում են իմ ոտքերը սահեցնելու համար:
5 Ամբարտաւաններն ինձ համար որոգայթ եւ չուաններ թագցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհումը. վարմեր դրին ինձ համար: (Սէլա։)
6 Ես ասեցի Տիրոջը, Դու ես իմ Աստուածը. Տէր, լսիր իմ աղաչանքների ձայնին:
7 Ով Եհովայ Տէր, իմ փրկութեան զօրութիւնը. դու հովանի ես իմ գլխին կռուի օրումը:
8 Տէր, մի տար ամբարշտին նորա ցանկութիւնը, մի յաջողեցնիր նորա չար խորհուրդը. նորանք կ’բարձրանան: (Սէլա։)
9 Ինձ պաշարողների գլուխը՝ իրանց շրթունքների վաստակը պիտի ծածկէ:
10 Թող այրող ածուխներ ընկնեն նորանց վերայ. թող նա կրակը գցէ նորանց՝ խոր հորերը՝ որ բնաւ չ’կանգնեն:
11 Չարախօս մարդը չի հաստատուիլ երկրի վերայ. չարիքը կ’որսայ բռնաւոր մարդին, մինչեւ որ կործանուի:
12 Գիտեմ որ Տէրը դատաստան կ’անէ խեղճի համար, եւ իրաւունք՝ աղքատի համար:
13 Իրաւի որ արդարները կ’գոհանան քո անունիցը, եւ ուղիղները կ’բնակուին քո երեսի առաջին: