Առակներ
Յորդորում է իմաստութիւն խնդրել հրապուրանքից ազատ մնալու համար։
2 Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ.
2 Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,
3 Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,
4 Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,
5 Այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես:
6 Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը:
7 Նա ուղիղների համար յաջողութիւն է պահում, նա վահան է անարատութեամբ գնացողների համար.
8 Որ իրաւունքի ճանապարհները պահպանէ. նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը:
9 Այն ժամանակ կ’հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը, ուղղութիւնը եւ ամեն բարի ուղին:
10 Որովհետեւ իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին.
11 Խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ.
12 Որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը,
13 Որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպէս զի խաւարի ճանապարհներովը գնան.
14 Որ ուրախանում են չարութիւն անելով, եւ զուարճանում են չար նենգութիւնով.
15 Որոնց շաւիղները ծուռ են, եւ որոնք խոտորում են իրանց ուղիներովը:
16 Որ քեզ ազատէ օտար կնկանից, օտար կնկանից, որ կակուղ խօսքեր է տալիս.
17 Նա որ ձգել էր իր երիտասարդութեան բարեկամին, եւ մոռացել իր Աստուծոյ ուխտը:
18 Որովհետեւ նորա տունը խորտակում է դէպի մահ, եւ նորա ուղիները՝ դէպի ուրուականները:
19 Նորա մօտ գնացողները այլ եւս ետ չեն դառնալ, եւ կեանքի ճանապարհներին չեն հասնիլ:
20 Որպէս զի դու բարիների ճանապարհովը գնաս, եւ արդարների ճանապարհները պահես:
21 Որովհետեւ ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում:
22 Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից: