‘Եկ իմ ետևից’
«Այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք» (Ա ՊԵՏՐՈՍ 2։21)։
1, 2. Ինչո՞ւ մեզ համար անհնար չէ Հիսուսին ընդօրինակել ուսուցանելու հարցում։
Հիսուս քրիստոսը եղել է երկրի վրա երբևէ ապրած մեծագույն ուսուցիչը։ Նա կատարյալ էր, և ոչ մի մեղք չգործեց (Ա Պետրոս 2։22)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք՝ անկատար մարդիկս, չենք կարող Հիսուսին ընդօրինակել ուսուցանելու հարցում։ Ամենևին։
2 Ինչպես նախորդ հոդվածում տեսանք, Հիսուսի ուսուցման հիմքում սերն էր ընկած։ Ամեն մեկս էլ կարող է իր մեջ սեր մշակել։ Աստծո Խոսքը հաճախ է մեզ հորդորում աճել սիրո մեջ (Փիլիպպեցիս 1։9; Կողոսացիս 3։14)։ Եհովան չի ակնկալում, որ իր արարածներն անեն այն, ինչ չեն կարող։ Իսկ քանի որ «Աստուած սէր է» ու մեզ ստեղծել է իր պատկերով, կարելի է ասել, որ նա մեզ ստեղծել է, որպեսզի սիրենք (Ա Յովհաննէս 4։8; Ծննդոց 1։27)։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ հնարավոր է Քրիստոսի հետքերով գնալ, ինչպես Պետրոս առաքյալն է մեզ հորդորում այս հոդվածի բնաբանում գրված խոսքերով։ Այո՛, մենք կարող ենք կատարել Հիսուսի ‘եկ իմ ետևից’ պատվերը (Ղուկաս 9։23)։ Քրիստոսը սիրում էր իր ուսուցանած ճշմարտությունները ու այն մարդկանց, ում ուսուցանում էր։ Եկեք քննարկենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան այդ հարցում։
Սիրենք այն ճշմարտությունները, որ սովորում ենք
3. Ինչո՞ւ ոմանք չեն ցանկանում սովորել, բայց ի՞նչ հորդոր է տրվում Առակաց 2։1–5-ում։
3 Որպեսզի սիրենք այն ճշմարտությունները, որ ուսուցանում ենք ուրիշներին, մենք պետք է սիրենք այդ ճշմարտությունները սովորելու պրոցեսը։ Այսօրվա աշխարհում հեշտ չէ սեր զարգացնել ուսման հանդեպ։ Շատերը չեն կամենում սովորել, որովհետև բավարար չափով կրթություն չեն ստացել կամ մանկության տարիներին ինչպես հարկն է չեն սովորել։ Բայց այս առումով մենք չենք մոռանում այն փաստը, որ Եհովան է մեզ սովորեցնում։ Առակաց 2։1–5-ում ասվում է. «Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ. որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին, երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին, եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ [«ծածուկ», Արևմտ. Աստ.] գանձերի նման նորան պտրտես, այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես» (Առակաց 2։1–5)։
4. Ի՞նչ է նշանակում ‘սիրտն ուղղել’, և դա անելու համար ի՞նչ տեսակետ պետք է ունենանք Եհովայի տված կրթության հանդեպ։
4 Նկատենք, որ 1–4 համարներում մի քանի անգամ մեզ հորդոր է տրվում ջանալ ոչ միայն ‘ընդունել’ ու ‘պահել’, այլ նաև ‘որոնել’ ու ‘պտրտել’, այսինքն՝ փնտրտուքներ կատարել։ Սակայն ի՞նչը պետք է մեզ մղի, որ այդ ամենն անենք։ Եկեք ուշադրություն դարձնենք «եթէ.... սիրտդ ուղղես հանճարին» արտահայտությանը։ Մի աշխատության մեջ ասվում է, որ այս հորդորը «ուշադրություն հրավիրելու կոչ չէ միայն. այն պահանջ է՝ որոշակի մտածելակերպ դրսևորելու, ուսման հանդեպ մեծ փափագ ցուցաբերելու»։ Իսկ ի՞նչը կարող է նպաստել, որ մեր մեջ մեծ փափագ առաջանա Եհովայից եկող կրթության հանդեպ։ Մեր ճիշտ տեսակետը։ Մենք պետք է «Աստուծոյ գիտութիւնը» համարենք «արծաթ» և «ծածուկ գանձեր»։
5, 6. ա) Ժամանակի ընթացքում ի՞նչ կարող է պատահել, և ինչպե՞ս կարող ենք խոչընդոտել դրան։ բ) Ինչո՞ւ պետք է ավելացնենք Աստվածաշնչից գտած մեր գանձերը։
5 Նման տեսակետ ձեռք բերելը դժվար չէ։ Տեսնենք, թե ինչու։ ‘Աստծո գիտության’ մեջ, որ դու ստացել ես, թերևս մտնում է հետևյալ ճշմարտությունը. Եհովայի նպատակն է, որ հավատարիմ մարդիկ բնակվեն երկրային դրախտում (Սաղմոս 37։28, 29)։ Առաջին անգամ լսելով այս մասին՝ դու, անկասկած, մտածել ես, որ այս ճշմարտությունն իսկական գանձ է. մի այնպիսի գիտելիք, որը քո սիրտը լցրել է հույսով և ուրախությամբ։ Իսկ հիմա՞, երբ բավական ժամանակ է անցել այդ օրվանից։ Կորցրե՞լ է քո գանձը իր նախկին փայլը։ Եթե այո, այդ դեպքում փորձիր երկու բաներ անել։ Առաջին՝ մշտապես «թարմացրու» գնահատանքդ, այսինքն՝ վերհիշիր, թե Եհովայից սովորած ամեն մի ճշմարտություն ինչու էր թանկ քեզ համար, որքան էլ վաղուց դա եղած լինի։
6 Երկրորդ՝ շարունակ ավելացրու «գանձերդ»։ Եթե թանկագին քար գտնելու նպատակով հողը փորելու լինեիր և վերջապես գտնեիր մի կտոր, մի՞թե այն պարզապես գրպանդ կգցեիր ու ձեռք բերածով բավարարված՝ կհեռանայիր։ Թե՞ կշարունակեիր փորել՝ տեսնելու, թե էլի քարեր կա՞ն։ Աստծո Խոսքը լի է ճշմարտության թանկարժեք «քարերով» ու «ձուլակտորներով», ու որքան էլ որ այնտեղից գանձեր հանենք, միևնույն է, այն չի սպառվի. կարող ենք անընդհատ գանձեր գտնել (Հռովմայեցիս 11։33)։ Ճշմարտության նոր «ձուլակտոր» գտնելով՝ հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչն է այս ճշմարտությունը գանձ դարձնում։ Արդյոք այն օգնո՞ւմ է ինձ ավելի խորը հասկանալու Եհովայի անձնավորությունը կամ նրա նպատակները։ Ցո՞ւյց է տալիս, թե ինչպես կարող եմ գնալ Հիսուսի հետքերով»։ Խորհելով նման հարցերի շուրջ՝ դու կկարողանաս ավելացնել քո սերը Եհովայից սովորած ճշմարտությունների հանդեպ։
Սեր այն ճշմարտությունների հանդեպ, որ ուսուցանում ենք
7, 8. Ինչպե՞ս կարող ենք մարդկանց ցույց տալ, որ սիրում ենք Աստվածաշնչից իմացած ճշմարտությունները։ Բացատրեք օրինակով։
7 Ուրիշներին ուսուցանելիս ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Աստծո Խոսքից մեր իմացած ճշմարտությունները։ Հետևելով Քրիստոսի օրինակին՝ մենք մեր քարոզչական և ուսուցողական գործունեության մեջ հիմնվում ենք Աստվածաշնչի վրա։ Վերջին ժամանակներում ամբողջ աշխարհում Աստծո ժողովրդին կոչ է արվում հանրային ծառայության ընթացքում ավելի ու ավելի շատ օգտվել Աստվածաշնչից։ Արձագանքելով այս կոչին՝ տնետուն ծառայություն կատարելիս հնարավորություններ փնտրիր տանտերերին ցույց տալու, որ քեզ համար թանկագին է այն, ինչ որ հայտնում ես Աստվածաշնչից (Մատթէոս 13։52)։
8 Ահա Աստվածաշնչից օգտվելու մի օրինակ։ Անցած տարի Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, մի քրիստոնյա քույր, դուրս գալով ծառայության, մարդկանց համար կարդում էր Սաղմոս 46։1, 11–ը։ Սկզբում նա հարցնում էր, թե ինչպես են նրանք իրենց զգում ողբերգությունից հետո։ Քույրը ուշադիր լսում էր, իսկ հետո հարցնում. «Թույլ կտա՞ք կարդալ ձեզ համար աստվածաշնչյան մի խոսք, որն ինձ շատ է մխիթարում այս ծանր օրերին»։ Հազվադեպ էին մերժում նրան։ Շատերի հետ այս քրիստոնյա կինը անչափ հետաքրքիր զրույցներ ունեցավ։ Իսկ երիտասարդների հետ խոսելով՝ նա ասում էր. «Գիտե՞ք, ես արդեն 50 տարի է, որ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում, և դեռևս չի եղել մի այնպիսի պրոբլեմ, որ այս գրքի միջոցով կարողացած չլինեմ լուծել»։ Անկեղծորեն, խանդավառ կերպով խոսելով մարդկանց հետ՝ մենք նրանց ցույց ենք տալիս, որ սիրում և գնահատում ենք այն, ինչ սովորել ենք Աստծո Խոսքից (Սաղմոս 119։97, 105)։
9, 10. Ինչո՞ւ է կարևոր Աստվածաշունչ օգտագործել, երբ պատասխանում ենք մեր համոզմունքների վերաբերյալ հարցերին։
9 Երբ մարդիկ հարցեր են տալիս մեր համոզմունքների վերաբերյալ, հրաշալի հնարավորություն է ստեղծվում ցույց տալու նրանց, որ սիրում ենք Աստծո Խոսքը։ Պատասխանելով նրանց հարցերին՝ մենք էլ, Հիսուսի պես, չենք հիմնվում զուտ անձնական գաղափարների վրա (Առակաց 3։5, 6)։ Դրա փոխարեն՝ օգտվում ենք Աստվածաշնչից։ Վախենո՞ւմ ես, որ քեզ այնպիսի հարց կտան, որին չես կարողանա պատասխանել։ Այդ դեպքում խորհիր հետևյալ երկու քայլերի շուրջ, որոնք կօգնեն քեզ։
10 Հնարավորին չափ լավ նախապատրաստվիր։ Պետրոս առաքյալը գրեց. «Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում. պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը» (Ա Պետրոս 3։15)։ Պատրա՞ստ ես պատասխանելու այն մարդկանց, որոնք հարցեր են տալիս քեզ քո համոզմունքների վերաբերյալ։ Քննարկենք հետևյալ իրավիճակը։ Ենթադրենք՝ դու հրաժարվեցիր մասնակցելուց մի ինչ–որ միջոցառման, որի բնույթը հակասում է Աստվածաշնչին, և քեզ հարցնում են պատճառը։ Մի բավարարվիր միայն ասելով. «Դա հակառակ է իմ կրոնին»։ Որովհետև նման պատասխանից կարելի է գալ այն եզրակացության, որ քո փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում, և դու, ամենայն հավանականությամբ, ինչ–որ մի աղանդի անդամ ես։ Ավելի լավ կլիներ ասել «Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, արգելում է դա» կամ «Դա տհաճություն կպատճառի իմ Աստծուն»։ Հետո տրամաբանված ձևով բացատրիր, թե ինչու (Հռովմայեցիս 12։1)։
11. Ո՞ր գրքույկը կօգնի մեզ պատրաստ լինել պատասխանելու աստվածաշնչյան ճշմարտությունների վերաբերյալ տրված հարցերին։
11 Իսկ եթե զգում ես, որ պատրաստ չես պատասխանելու նման հարցերի, կարող ես ժամանակ տրամադրել ուսումնասիրելու «Քննարկման նյութեր՝ աստվածաշնչյան թեմաներով» գրքույկը։a Ընտրիր մի քանի թեմաներ, որոնց վերաբերյալ մարդիկ գուցե հարցեր տան, և անգիր հիշիր մի քանի համարներ։ Այս գրքույկը միշտ Աստվածաշնչի հետ ձեռքիդ տակ պահիր։ Առանց վարանելու օգտագործիր դրանք, երբ քեզ մի ինչ–որ հարց տան, ու ասա, որ ունես մի գրքույկ, որի միջոցով կկարողանայիր բացատրել, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում տվյալ հարցին։
12. Ի՞նչ կարող ենք ասել մարդուն, եթե չգիտենք նրա տված հարցի պատասխանը։
12 Աշխատիր չափից դուրս չանհանգստանալ։ Ոչ մի անկատար մարդ չի կարող բոլոր հարցերի պատասխաններն ունենալ։ Ուստի, երբ տրված հարցին չես կարողանում պատասխանել, միշտ կարող ես ասել. «Շնորհակալություն, որ այսպիսի հետաքրքիր հարց տվեցիք։ Ես, անկեղծորեն ասած, չգիտեմ այդ հարցի պատասխանը, բայց վստահ եմ, որ Աստվածաշունչը խոսում է դրա մասին։ Ես սիրում եմ ուսումնասիրել Աստվածաշունչը, ուստի կքննեմ այդ հարցը ու կպատասխանեմ հաջորդ անգամ»։ Նման անկեղծ, համեստ խոսքերը կարող են հետագա քննարկումների լավ հիմք ստեղծել (Առակաց 11։2)։
Սեր նրանց հանդեպ, ում ուսուցանում ենք
13. Ինչո՞ւ պետք է լավատեսական հայացքով նայենք նրանց, ում քարոզում ենք։
13 Հիսուսը սեր էր ցուցաբերում այն մարդկանց հանդեպ, ում ուսուցանում էր։ Իսկ ինչպե՞ս կարող ենք այդ առումով ընդօրինակել նրան։ Մենք ոչ մի դեպքում չպետք է մարդկանց հանդեպ անկարեկից լինենք։ Ճիշտ է, ‘Ամենակարող Աստծո մեծ օրվա պատերազմը’ մոտ է ինչպես երբեք, և շատ ու շատ մարդիկ են կործանվելու (Յայտնութիւն 16։14, ԱԹ; Երեմիա 25։33)։ Բայց մենք կոնկրետ չգիտենք, թե ով է կենդանի մնալու, և ով՝ ոչ։ Այդ վճիռը կայացվելու է ապագայում Եհովայի կողմից նշանակված դատավորի՝ Հիսուս Քրիստոսի կողմից։ Իսկ մինչ այդ՝ մենք ամեն մի մարդու պետք է դիտենք որպես Եհովայի ծառա դառնալու թեկնածուի (Մատթէոս 19։24–26; 25։31–33; Գործք 17։31)։
14. ա) Ինչպե՞ս կարող ենք ստուգել, թե արդյոք կարեկից անձնավորություններ ենք։ բ) Ինչպե՞ս կարող ենք կարեկցանք ու հետաքրքրություն ցուցաբերել մարդկանց հանդեպ։
14 Հիսուսի պես մենք էլ ենք ձգտում կարեկցանք ցուցաբերել մարդկանց հանդեպ։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Կարեկցո՞ւմ եմ այն մարդկանց, որոնք զոհ են գնում այս աշխարհի կրոնական, քաղաքական և առևտրական համակարգերի խաբեություններին ու խորամանկություններին։ Երբ տեսնում եմ, որ նրանք անտարբեր են մեր պատգամի հանդեպ, փորձո՞ւմ եմ հասկանալ, թե ինչն է պատճառը։ Ընդունո՞ւմ եմ, որ ես կամ ծառայակիցներս, որ այժմ հավատարմորեն ծառայում են Եհովային, մի ժամանակ այդպես էինք վերաբերվում ճշմարտությանը։ Պատրա՞ստ եմ փոխել իմ քարոզելու ոճը, թե՞ հակված եմ մտածելու, որ միևնույն է, նրանք անուղղելի են» (Յայտնութիւն 12։9)։ Եթե մարդիկ զգում են, որ մեր կարեկցանքը նրանց հանդեպ անկեղծ է, ապա հավանականությունն ավելի է մեծանում, որ իրենք կարձագանքեն մեր պատգամին (Ա Պետրոս 3։8)։ Բացի այդ, եթե կարեկցում ենք մարդկանց, ապա մեր ծառայության ժամանակ ավելի շատ կհետաքրքրվենք նրանցով։ Կարող ենք համառոտակի գրի առնել, թե ինչ հարցեր ու մտահոգություններ ունեն նրանք։ Կրկին այցելելով՝ կարող ենք ցույց տալ, որ մտածում էինք այն մտքերի շուրջ, որոնք իրենք արտահայտել էին նախորդ զրույցի ժամանակ։ Իսկ եթե նրանք ինչ–որ մի բանում անհապաղ օգնության կարիք ունեն, կարող ենք այդ կարիքը ինչ–որ չափով բավարարել։
15. Ինչո՞ւ պետք է ձգտենք մարդկանց մեջ նրանց լավ հատկությունները տեսնել, և ինչպե՞ս կարող ենք դա անել։
15 Հիսուսի նման մենք էլ պետք է աշխատենք մարդկանց մեջ նրանց լավ հատկությունները տեսնել։ Նկատո՞ւմ ենք, որ միայնակ ծնողը ջանք չի խնայում իր երեխաներին դաստիարակելու համար, ընտանիքի հայրը ամեն ինչ անում է՝ բավարարելու տան անդամների կարիքները, տարեց անհատը հետաքրքրություն է հանդես բերում հոգևորի հանդեպ։ Գովո՞ւմ ենք նրանց այս լավ հատկությունների համար։ Եթե այո, ապա դրանով ընդհանուր եզրեր ենք գտնում նրանց հետ ու Թագավորության մասին վկայելու հնարավորություն ենք ստեղծում (Գործք 26։2, 3)։
Սեր ցուցաբերելիս շատ կարևոր է խոնարհ լինել
16. Ինչո՞ւ է կարևոր մեղմ ու հարգալից վերաբերվել նրանց, ում քարոզում ենք։
16 Մարդկանց հանդեպ ունեցած սերը մղում է մեզ ականջ դնելու Աստվածաշնչի հետևյալ նախազգուշացմանը. «Գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է» (Ա Կորնթացիս 8։1, ԱԹ)։ Թեև Հիսուսը խոր գիտելիքներ ուներ, բայց նա չէր մեծամտանում։ Ուստի համոզմունքներիդ մասին խոսելիս խուսափիր վիճաբանություններից ու վերամբարձ տոնից։ Մեր նպատակն է հասնել մարդկանց սրտերին ու նրանց օգնել տեսնելու, թե որքան հրաշալի են մեր իմացած ճշմարտությունները (Կողոսացիս 4։6)։ Հիշենք, որ երբ Պետրոսը քրիստոնյաներին խորհուրդ տվեց պատրաստ լինել պատասխան տալու, նա նաև ասաց, որ մենք պետք է դա անենք «հեզութեամբ եւ երկիւղածութեամբ [«խոր հարգանքով», ՆԱ]» (Ա Պետրոս 3։15)։ Եթե մեղմ ու հարգալից ենք վերաբերվում, ապա հավանականությունն ավելի մեծ է, որ մարդիկ կցանկանան գալ դեպի այն Աստվածը, որին ծառայում ենք։
17, 18. ա) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր՝ որպես ծառայողների որակավորման մասին եղած սուր քննադատությանը։ բ) Ինչո՞ւ Աստվածաշնչի բնագրային լեզուներին տիրապետելը անհրաժեշտ պայման չէ այն ուսումնասիրելու համար։
17 Հարկ չկա մարդկանց տպավորել մեր գիտելիքներով կամ կրթությամբ։ Եթե քարոզչական տարածքում չեն ցանկանում լսել քեզ այն պատճառով, որ բարձրագույն ուսումնական հաստատություն չես ավարտել, մի՛ վհատվիր։ Հիսուսը ուշադրություն չէր դարձնում հրեաների այն խոսքերին, թե ինքը չի սովորել հեղինակավոր ռաբունական դպրոցներում. նաև նա չօգտվեց տարածված նախապաշարմունքներից՝ մարդկանց տպավորելու իր հարուստ գիտելիքներով (Յովհաննէս 7։15)։
18 Քրիստոնյա ծառայողների համար խոնարհություն և սեր ցուցաբերելը շատ ավելի կարևոր է, քան ինչ–որ բարձրակարգ կրթություն ստանալը։ Եհովա Աստծո տված կրթությունն է, որ մեզ որակյալ է դարձնում իրեն ծառայելու մեջ (Բ Կորնթացիս 3։5, 6)։ Ի տարբերություն քրիստոնեական աշխարհի որոշ հոգևորականների՝ մենք չենք կարծում, թե Աստծո Խոսքի ուսուցիչներ լինելու համար հարկավոր է տիրապետել Աստվածաշնչի բնագրային լեզուներին։ Եհովան հոգ է տարել, որ Աստվածաշունչը գրվի պարզ ու հասկանալի լեզվով, ուստի գործնականում ամեն ոք կարող է ըմբռնել այդ Գրքի թանկագին ճշմարտությունները։ Թեև Աստվածաշունչը թարգմանվել է հարյուրավոր լեզուներով, նրա ճշմարտությունները մնում են անփոփոխ։ Հնագույն լեզուներ հասկանալը կարող է լինել օգտակար, բայց ոչ անհրաժեշտ։ Եվ բացի այդ, եթե անհատը հպարտանում է իր՝ լեզուների իմացությամբ, ապա նա գուցե այլևս ընդունակ չլինի անելու այն, ինչը շատ կարևոր է ճշմարիտ քրիստոնյաների համար։ Դա սովորելն է (Ա Տիմոթէոս 6։4)։
19. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մեր ծառայությունը խոնարհության դրսևորում է։
19 Ոչ մի կասկած լինել չի կարող, որ մեր քրիստոնեական ծառայությունը մի գործունեություն է, որը խոնարհություն է պահանջում։ Ամեն ժամանակ բախվում ենք մարդկանց անտարբերությանը, ենթարկվում ենք հակառակության և նույնիսկ հալածանքի (Յովհաննէս 15։20)։ Բայց մենք մեր հավատարիմ ծառայությամբ կարևոր աշխատանք ենք անում։ Եթե շարունակում ենք խոնարհաբար ծառայել ուրիշներին, ապա դրանով ընդօրինակում ենք Հիսուս Քրիստոսի սերը։ Մի՞թե մեկ ոչխարանման անհատի գտնելու համար չարժե քարոզել հազար մարդու, որոնք անտարբեր են մեր խոսքի հանդեպ կամ հակառակություն են ցույց տալիս։ Իհա՛րկե արժե։ Ուստի համառ ջանքեր գործադրելով՝ մենք հավատարմորեն ծառայում ենք այն ոչխարանման անհատներին, որոնց դեռ չենք գտել։ Անտարակույս, Եհովան ու Հիսուս Քրիստոսը ամեն ինչ անում են, որպեսզի դեռ շատ ու շատ ցանկալի անձնավորությունների հանդիպենք ու օգնենք նրանց, քանի դեռ վերջը չի եկել (Անգէ 2։7)։
20. Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել մեր անձնական օրինակով։
20 Անձնական օրինակով ուսուցանելը մեկ ուրիշ միջոց է՝ ցույց տալու, որ մենք պատրաստ ենք ծառայելու ուրիշներին։ Ենթադրենք՝ ցանկանում ենք մարդկանց բացատրել, որ Եհովային՝ ‘երանելի Աստծուն’ ծառայելը հնարավոր լավագույն ապրելակերպն է (Ա Տիմոթէոս 1։11)։ Կարո՞ղ են նրանք ասել, որ մենք երջանիկ ու գոհ անձնավորություններ ենք՝ դատելով այն բանից, թե ինչպես ենք շփվում մեր հարևանների, դասընկերների ու աշխատակիցների հետ։ Մարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս ասում ենք, որ քրիստոնեական ժողովը սիրո օազիս է այս սառը, դաժան աշխարհում։ Կարո՞ղ են նրանք հեշտությամբ տեսնել, որ մենք սիրում ենք ժողովի բոլոր անդամներին ու ամեն ինչ անում ենք նրանց հետ խաղաղություն պահպանելու համար (Ա Պետրոս 4։8)։
21, 22. ա) Ծառայության հետ կապված ինքնաքննություն կատարելը կարող է ի՞նչ հնարավորությունների դուռ բացել։ բ) Ինչի՞ մասին է խոսվելու «Դիտարանի» հաջորդ համարում։
21 Եթե ծառայության նկատմամբ պատրաստակամ վերաբերմունք ենք ցուցաբերում, ապա թերևս ժամանակ առ ժամանակ ցանկություն ունենանք քննել, թե ծառայելու ինչ հնարավորություններ ունենք։ Դա անելով օբյեկտիվորեն՝ շատերը հայտնաբերել են, որ կարող են ծառայել որպես ընդհանուր ռահվիրա կամ էլ կարող են տեղափոխվել մեկ ուրիշ վայր, որտեղ քարոզիչների խիստ կարիք է զգացվում։ Մյուսները որոշել են սովորել օտար լեզուներ, որպեսզի իրենց իսկ բնակավայրում կարողանան բարի լուրը քարոզել ներգաղթյալներին, որոնց թիվը գնալով մեծանում է։ Եթե ծառայությունն ընդլայնելու այսպիսի տարբերակներ կան, ուշադիր մտածիր սրանց շուրջ և աղոթիր Եհովային քո հնարավորությունների մասին։ Ծառայության մեջ անցկացրած կյանքը մեծ ուրախություն, բավականություն և հոգեկան անդորր է բերում (Ժողովող 5։12)։
22 Եկեք ամեն ինչում ընդօրինակենք Հիսուս Քրիստոսին՝ էլ ավելի շատ սիրելով այն ճշմարտությունները, որ ուսուցանում ենք, և այն մարդկանց, ում ուսուցանում ենք։ Այդ սերը մշակելով ու դրսևորելով՝ մենք ամուր հիմք կդնենք՝ դառնալու այնպիսի ուսուցիչ, ինչպիսին Քրիստոսն էր։ Իսկ ինչպե՞ս կարող ենք կառուցել այդ հիմքի վրա։ Այս հարցը կքննարկվի «Դիտարանի» հաջորդ համարում, որտեղ կխոսվի Հիսուսի ուսուցման մեթոդներից մի քանիսի մասին։
[ծանոթագրություն]
a Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ հնարավոր է ընդօրինակել Հիսուսին ուսուցանելու հարցում։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Աստվածաշնչից իմացած ճշմարտությունները։
• Գիտելիքներն ավելացնելուն զուգընթաց ինչո՞ւ է կարևոր շարունակել խոնարհ մնալ։
• Ի՞նչ ձևերով կարող ենք սեր ցուցաբերել այն մարդկանց հանդեպ, ում ուսուցանում ենք։
[նկարներ 16–րդ էջի վրա]
Հնարավորին չափ լավ նախապատրաստվիր
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Եթե «Աստուծոյ գիտութիւնը» քեզ համար գանձի պես է, ապա կկարողանաս արդյունավետ կերպով օգտվել Աստվածաշնչից
[նկար 18–րդ էջի վրա]
Մարդկանց հանդեպ մեր սերը ցույց ենք տալիս բարի լուրը քարոզելով