Եսայիա
Տիրոջը փառաբանութիւն։ Ազգերի համար ուրախութեան խնջոյքը Սիօնումը։
25 Եհովայ, դու իմ Աստուածն ես. ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը. որովհետեւ դու սքանչելիք արիր, վաղեմի խորհուրդներ, հաւատարմութիւն եւ ճշմարտութիւն: 2 Որովհետեւ քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. քաղաքը՝ օտարների պալատ, յաւիտեան չէ շինուելու: 3 Նորա համար քեզ պիտի պատուէ զօրաւոր ժողովուրդը, ահարկու ազգերի քաղաքը պիտի վախենայ քեզանից: 4 Որ դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է: 5 Օտարների աղմուկը տաքութեն պէս է չոր տեղում, որ դու խոնարհեցիր. տաքութիւնը ամպի հովանիով անցնելու պէս բռնաւորների երդը պիտի իջնէ:
6 Եւ Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով: 7 Եւ բնաջինջ է անելու այս սարի վերայ երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ: 8 Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում:
9 Եւ այն օրն ասելու են, ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին յուսացել ենք, ուրախանալու եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը: 10 Որովհետեւ Տիրոջ ձեռքը հանգչելու է այս սարի վերայ. եւ Մովաբը ջարդուելու է նորա տակին, ինչպէս որ խոզանը կոխ է տրվում աղբահարումը: 11 Եւ նա տարածելու է իր ձեռքերը նորա մէջ, ինչպէս որ տարածում է լողացողը լողանալիս, բայց նա պիտի ցածացնէ նորա հպարտութիւնը նորա ձեռքերի հնարքների հետ: 12 Եւ քո պարիսպների բարձր ամրութիւնը նա պիտի խոնարհեցնէ, ցածացնէ, մինչեւ փոշին գետնովը տայ: