Ուշադրություն դարձրեք Աստծո հրաշալի գործերին
«Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. եւ քո խորհուրդները մեզ վերայ են. ոչ ով քեզ հաւասար չէ» (Սաղմոս 40։5)։
1, 2. Ի՞նչ ապացույցներ կան, որ Աստծո գործերը հրաշալի են, և դա ի՞նչ անելու պետք է մղի մեզ։
ԿԱՐԴԱԼՈՎ Աստվածաշունչը՝ հեշտությամբ կարելի է տեսնել, որ Աստված հրաշքներ է գործել իր հինավուրց ժողովուրդ իսրայելի համար (Յեսու 3։5; Սաղմոս 106։7, 21, 22)։ Նույնիսկ եթե այսօր Եհովան այդպես չի միջամտում մարդկանց գործերին, միևնույն է, շրջապատում ամենուրեք տեսնում ենք նրա հրաշալի գործերը։ Այո՛, մենք հիմքեր ունենք միանալու սաղմոսերգուին, որը բացականչեց. «Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծուածներովը» (Սաղմոս 104։24; 148։1–5)։
2 Այսօր շատերը անտեսում կամ ժխտում են այն բանի ակնհայտությունը, որ Ստեղծիչը գործում է (Հռովմայեցիս 1։20)։ Մենք օգուտներ կքաղենք՝ խորհելով այդ գործերի շուրջ և որոշակի մտահանգումների գալով Արարչի առջև մեր ունեցած դիրքի ու պարտականության առնչությամբ։ Յոբ 38–41 գլուխները գերազանց օգնություն են հանդիսանում, քանի որ այդ գլուխներում Եհովան Հոբի ուշադրությունը հրավիրում է իր հրաշալի գործերի որոշ կողմերի վրա։ Քննարկենք Աստծո կողմից առաջ քաշված մի քանի ծանրակշիռ հարցեր։
Հզոր և հրաշալի գործեր
3. Ըստ Յոբ 38։22, 23, 25–29-ի՝ ինչի՞ մասին էր հարցնում Աստված։
3 Աստված հարցրեց Հոբին. «Արդեօք գնացե՞լ ես ձիւնի շտեմարանները, եւ կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես. որ ես պահել եմ նեղութեան ժամանակի համար, կռիւի եւ պատերազմի օրուան համար»։ Երկրագնդի բազմաթիվ մասերում ձյունն ու կարկուտը մարդկանց կյանքի մի մասն են կազմում։ Աստված շարունակում է հարցեր տալ. «Ո՞վ է հեղեղների համար անցք բանում, եւ ճանապարհ՝ որոտմանց փայլակի համար. որ անձրեւ գայ անմարդաբնակ երկրի վերայ, անապատումը՝ ուր որ մարդ չ’կայ, որ ամայի եւ ամայացուած տեղերը կշտացնէ, եւ որ դալար խոտ բուսցնէ։ Անձրեւը հայր ունի՞ արդեօք, կամ ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը։ Որի՞ արգանդիցն է դուրս գալիս սառը, եւ երկնքի եղեամի ծնողն ո՞վ է» (Յոբ 38։22, 23, 25–29)։
4-6. Ի՞նչ իմաստով են թերի մարդու գիտելիքները ձյան մասին։
4 Նրանք, ովքեր ապրում են հարաշարժ հասարակության մեջ կամ պետք է ճանապարհորդեն, կարող են ձյունը զուտ խոչընդոտ համարել։ Սակայն, անհամար մարդկանց ձյունը հիացմունք է պատճառում։ Նրանց համար ձմեռը հրաշքների աշխարհ է, երբ հնարավորություններ են բացվում յուրահատուկ զբաղմունքների համար։ Աստծո տված հարցին համաձայն՝ արդյոք ունե՞ք խոր գիտելիքներ այն մասին, թե ինչ է ձյունը կամ գոնե ինչի է նման։ Այո՜, մենք գիտենք, թե ձյունը ինչի է նման, երբ առատ է լինում։ Դա մեզ հայտնի է գուցե ձյունաթմբեր պատկերող լուսանկարներից կամ էլ տեսնում ենք իրականում։ Սակայն ի՞նչ կարելի է ասել ձյան փաթիլների մասին։ Գիտե՞ք, թե ինչի են նման։ Կարո՞ղ եք հետազոտել, թե ինչպես են դրանք առաջանում։
5 Ոմանք տասնյակ տարիներ են նվիրել ձյան փաթիլներ ուսումնասիրելուն և լուսանկարելուն։ Ձյան փաթիլը կարող է կազմված լինել մինչև հարյուրի հասնող նուրբ սառցաբյուրեղիկներից և ունենալ բազմազան գեղեցիկ ձևավորումներ։ Մի գրքում ասվում է. «Ձյան փաթիլի անվերջ բազմազանությունը քաջ հայտնի է։ Եվ թեև գիտնականները պնդում են, որ բնության ոչ մի օրենք չի խանգարում նրանց նույնաձև լինելուն, երկու միանման փաթիլներ երբեք չեն գտնվել։ Վիլսոն Բենթլին ավելի քան 40 տարի վիթխարի հետազոտական աշխատանքներ է կատարել՝ ուսումնասիրելով և միկրոսկոպի միջոցով լուսանկարելով ձյան փաթիլները, և այդպես էլ չի գտել իրար ճշգրտորեն նման փաթիլներ» («Atmosphere»)։ Իսկ եթե գտնվեն էլ, մի՞թե դրանք կարող են պակաս հրաշալի դարձնել ձյան փաթիլների անսպառ բազմազանությունը։
6 Հիշենք, թե ինչ հարցրեց Աստված. «Արդեօք գնացե՞լ ես ձիւնի շտեմարանները»։ Շատերն են կարծում, որ ամպերը կարծես թե ձյան շտեմարաններ լինեն։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ դեպի վեր՝ այդ շտեմարաններն եք գնում, որպեսզի ցուցակագրեք ձյան անվերջ բազմազան փաթիլները և ուսումնասիրեք, թե ինչպես են դրանք առաջանում։ Մի գիտական հանրագիտարանում ասվում է. «Սառցաբյուրեղների սաղմնային վիճակի բնույթն ու ծագումը, իսկ դրանք անհրաժեշտ են ամպերի ջրային կաթիլների սառեցման համար մոտ -40°C պայմաններում, մինչև հիմա դեռևս պարզաբանված չէ» (Սաղմոս 147։16, 17; Եսայիա 55։9, 10)։
7. Որքանո՞վ են սպառիչ մարդու գիտելիքներն անձրևի մասին։
7 Իսկ ի՞նչ կարելի է ասել անձրևի մասին։ Աստված հարցրեց Հոբին. «Անձրեւը հայր ունի՞ արդեօք, կամ ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը»։ Այդ նույն գիտական հանրագիտարանում ասվում է. «Մթնոլորտային շարժերի բարդության և գոլորշու ու օդի մասնիկների քանակի անվերջ փոփոխականության պատճառով անհնար է թվում մանրամասնորեն մի ընդհանուր տեսություն առաջ քաշել ամպերի գոյացման և տեղումների առաջացման մասին»։ Պարզ ասած՝ գիտնականները զանազան մանրակրկիտ տեսություններ են առաջարկել, բայց մինչև վերջ չեն կարողանում բացատրել, թե ինչ է անձրևը։ Այդուհանդերձ, դուք գիտեք, թե որքան կարևոր է անձրևը։ Այն ջրում է հողը, սնունդ է ապահովում բույսերի համար և կյանքը դարձնում հնարավոր ու հաճելի։
8. Ինչո՞ւ են տեղին Պողոսի Գործք 14։16–ում գրված խոսքերը։
8 Համաձայն կլինե՞ք Պողոս առաքյալի ստորև բերվող եզրակացության հետ։ Նա հորդորում էր մարդկանց այդ հրաշալի գործերի մեջ տեսնել Նրան, ով կանգնած է դրանց ետևում։ Պողոսը խոսում էր Եհովա Աստծո մասին. «Նա իրեն առանց վկայութեան չթողեց, այլ իր բարերարութեամբ երկնքից ձեզ անձրեւներ տուեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախութեամբ» (Գործք 14։16, Սաղմոս 147։8)։
9. Ինչպե՞ս են Աստծո հրաշալի գործերը վկայում նրա մեծ ուժի մասին։
9 Ոչ մի կասկած լինել չի կարող, որ այսպիսի հրաշալի և օգտակար գործեր Անողը անվերջ իմաստության և ահռելի ուժի տեր է։ Պատկերացնելու համար, թե ինչ ուժ ունի նա, նկատի առեք հետևյալը։ Ըստ հաշվարկների՝ օրական 45 000 ամպրոպ է տեղի ունենում, այսինքն՝ տարեկան ավելի քան 16 մլն։ Դա նշանակում է, որ մոտ 2 000 ամպրոպ է տեղի ունենում հենց այս պահին։ Կույտավոր ամպերում մեկ ամպրոպի ժամանակ առաջացած էներգիան հավասար է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գցված ատոմային ռումբերի հզորության տասնապատիկին և ավելի։ Այդ էներգիայի որոշ մասն արտահայտվում է կայծակի տեսքով։ Բացի ահազդու լինելուց, կայծակը, փաստորեն, նպաստում է ազոտ գազի հողի մեջ անցնելուն, որտեղ էլ բույսերը կլանում են նրան՝ որպես բնական պարարտանյութի։ Այնպես որ, կայծակը էներգիայի դրսևորում լինելուց բացի նաև օգուտ է տալիս (Սաղմոս 104։14, 15)։
Ի՞նչ կասեք դուք
10. Ինչպե՞ս կպատասխանեիք Յոբ 38։33–38-ում առաջ քաշված հարցերին։
10 Պատկերացրեք, որ դուք Հոբն եք, և Ամենակարող Աստված ձեզ է հարցեր տալիս։ Հավանաբար կհամաձայնեք, որ մարդկանց մեծ մասը գրեթե ուշադրություն չի դարձնում Աստծո հրաշալի գործերին։ Եհովան մեզ է ուղղում այն հարցերը, որոնք կարդում ենք Յոբ 38։33–38-ում։ «Գիտե՞ս երկնքի կանոնները, կամ դո՞ւ ես դնում նորա իշխանութիւնը երկրի վերայ։ Կարո՞ղ ես ձայնդ բարձրացնել ամպերին, որ մի ջրհեղեղ քեզ ծածկէ. կայծակներ ուղարկել որ գնան, եւ քեզ ասեն. Ահա այստեղ ենք։ Ո՞վ դրաւ երիկամունքներում [«ամպերում», ՆԱ] իմաստութիւն, կամ սրտին [«երկնային երևույթներին», ՆԱ] ո՞վ տուաւ հանճար։ Ո՞վ է համարում ամպերն իմաստութեամբ, եւ երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում, երբոր փոշին ձուլածոյ է ձուլվում, եւ հողի կոշտերը իրար են կպչում»։
11, 12. Ի՞նչ ապացույցներ կան, որ Աստված հրաշքներ Գործող է։
11 Մենք շոշափեցինք միայն մի քանիսն այն հարցերից, որոնք Եղիուսը քննարկեց Հոբի հետ, ինչպես նաև նկատի առանք հարցեր, որոնց Հոբը, Եհովայի կոչով, պետք է «տղամարդի պէս» պատասխաներ (Յոբ 38։3)։ Ասում ենք «մի քանի», որովհետև Աստված 38 և 39–րդ գլուխներում ուշադրություն է դարձնում արարչագործության այլ հիշարժան կողմերի վրա։ Օրինակ՝ երկնային համաստեղությունները։ Ո՞վ գիտի նրանց բոլոր օրենքներն ու կանոնները (Յոբ 38։31–33)։ Եհովան Հոբի ուշադրությունն ուղղեց որոշ կենդանիների վրա՝ առյուծ ու ագռավ, քարայծ ու զեբր, ռնգեղջյուր և ջայլամ, ձի և արծիվ։ Փաստորեն, Աստված հարցնում էր Հոբին, թե արդյոք նա է այդ բազմապիսի կենդանիներին օժտել որոշակի հատկություններով, որոնց շնորհիվ էլ նրանք կարողանում են ապրել։ Դուք կարող եք գեղագիտական հաճույք ստանալ՝ քննելով այդ գլուխները, հատկապես եթե սիրում եք ձիեր կամ այլ կենդանիներ (Սաղմոս 50։10, 11)։
12 Կարելի է քննել նաև Յոբ 40 և 41–րդ գլուխները, որտեղ Եհովան կրկին խնդրում է Հոբին պատասխանել երկու առանձնահատուկ արարածների վերաբերող հարցերին։ Դրանցից մեկը գետաձին է (Բեհեմովթ)՝ մի աժդահա կենդանի, մյուսը՝ սարսափազդու նեղոսյան կոկորդիլոսը (Լևիաթան)։ Նրանցից յուրաքանչյուրը արարչագործության մի ուշագրավ և ինքնատիպ հրաշք է հանդիսանում։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ եզրակացության է հարկավոր հանգել։
13. Ի՞նչ ազդեցություն թողեցին Հոբի վրա Աստծո տված հարցերը, և ինչպե՞ս է այդ ամենը ազդում մեզ վրա։
13 Յոբ 42–րդ գլխում տեսնում ենք, թե ինչ ազդեցություն թողեցին Հոբի վրա Աստծո տված հարցերը։ Ավելի վաղ Հոբը չափից դուրս կենտրոնացել էր իր անձի և մյուսների վրա։ Սակայն, ընդունելով հարցերի միջոցով Աստծո տված խրատները, փոխեց իր մտածելակերպը։ Նա խոստովանեց. «Գիտեմ որ ամեն բան կարող ես [Եհովա]. եւ քո դիտաւորութիւնը չի արգիլուիլ. ո՞վ է նա որ խորհուրդը նսեմացնէ անիմաստ խօսքերով։ Իրաւ՝ խօսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի [«չափազանց հրաշալի», ՆԱ] են եղել, եւ ես չ’գիտէի» (Յոբ 42։2, 3)։ Այո՛, ուշադրություն դարձնելով Աստծո գործերին՝ Հոբն ասաց, որ այդ ամենը չափազանց հրաշալի է եղել իր համար։ Ստեղծագործության հրաշքների այս բոլոր քննարկումներից հետո պետք է որ մենք էլ նման կերպով տպավորվենք Աստծո իմաստությունից և ուժից։ Եվ ի՞նչ նպատակով։ Միայն տպավորվե՞նք Եհովայի հսկայական ուժից և կարողությունից։ Թե՞ դրանից ավելին է պետք անել։
14. Ինչպե՞ս արձագանքեց Դավիթը Աստծո հրաշալի գործերին։
14 Սաղմոս 86–ում նմանատիպ արտահայտություններ կան՝ արված Դավթի կողմից։ Իսկ մինչ այս սաղմոսը նա ասել էր. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։ Օրը օրին խօսք է բղխում. եւ գիշերը գիշերին գիտութիւն է ցոյց տալիս» (Սաղմոս 19։1, 2)։ Բայց Դավիթը չբավարարվեց դրանով։ Սաղմոս 86։10, 11–ում կարդում ենք. «Դու մեծ ես եւ հրաշք գործող. դու ես միայն Աստուած։ Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ»։ Դավիթը ոչ միայն պատկառանք, այլև երկյուղածություն էր զգում Ստեղծիչի հանդեպ նրա հրաշալի գործերի համար։ Հասկանալի է, թե ինչու։ Դավիթը չէր ցանկանում տհաճություն պատճառել Նրան, ով կարող էր այդ հրաշքները գործել։ Նույնը մեզ է վերաբերում։
15. Ինչո՞ւ էր տեղին Դավթի երկյուղածությունն Աստծո հանդեպ։
15 Դավիթը, ըստ երևույթին, գիտակցում էր, որ Աստծո ձեռքում հսկայական ուժ կա, և, հետևաբար, կարող է այն ուղղել նրանց դեմ, ովքեր իր հավանությանը չեն արժանանա։ Այդ ուժը աղետաբեր է նրանց համար։ Աստված հարցրեց Հոբին. «Արդեօք գնացե՞լ ես ձիւնի շտեմարանները, եւ կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես. որ ես պահել եմ նեղութեան ժամանակի համար, կռիւի եւ պատերազմի օրուան համար»։ Ձյունը, կարկուտը, անձրևախառն փոթորիկը, քամին և կայծակը՝ բոլորն էլ պահված են նրա զինանոցում։ Եվ ի՜նչ ահարկու են բնության այդ ուժերը (Յոբ 38։22, 23)։
16, 17. Ի՞նչն է վկայում Աստծո ահարկու ուժի մասին, և ինչպե՞ս է նա օգտագործել այդ ուժը անցյալում։
16 Հավանաբար, լսել եք որոշ աղետների մասին, որոնց պատճառն է եղել փոթորիկը, թայֆունը, ցիկլոնը, կարկտախառն քամին և հեղեղը։ Օրինակ՝ 1999 թ.–ի վերջում մի ահեղ փոթորիկ հարվածեց հարավարևմտյան Եվրոպային։ Նույնիսկ օդերևութաբաններն էին ապշել։ Հողմի արագությունը հասնում էր մինչև 200 կմ/ժ–ի։ Հազարավոր տանիքներ քանդվեցին, էլեկտրասյուներ գետին տապալվեցին և բեռնատար մեքենաներ շրջվեցին։ Փորձեք պատկերացնել այդ ամենը. փոթորիկը արմատախիլ արեց կամ կոտրատեց մոտ 270 մլն ծառ, որից միայն 10 000–ը՝ Փարիզի մոտ գտնվող Վերսալյան պուրակում։ Միլիոնավոր ընտանիքներ զրկվեցին էլեկտրականությունից։ Մոտավորապես 100 մարդ զոհվեց։ Եվ այդ ամենը մի կարճ ժամանակահատվածում։ Ինչպիսի՜ ուժ։
17 Թերևս ինչ–որ մեկը փոթորիկը համարի որպես մի քմահաճ, աննպատակ և չվերահսկվող երևույթ։ Սակայն ի՞նչ կպատահի, եթե Ամենակարողը չտեսնված գործեր կատարի՝ վերահսկելով և ուղղություն տալով այդ ուժերին։ Նման մի բան նա արել է Աբրահամի օրերում։ Նրան հայտնվեց, որ համայն երկրի Դատավորը գիտի, թե որքան են չարացել Սոդոմ և Գոմոր քաղաքները։ Նրանց ապականվածության աղաղակը մինչև Աստծուն հասավ, և նա օգնեց բոլոր արդարներին խուսափելու դատապարտված քաղաքների դատաստանից։ Պատմությունը վկայում է. «Եվ Եհովան Սոդոմի եւ Գոմորի վերայ ծծումբ եւ կրակ տեղաց Եհովայի կողմից երկնքիցը»։ Դա մի չտեսնված գործ էր, որի ժամանակ խնայվեցին արդարները և կործանվեցին անուղղելի ամբարիշտները (Ծննդոց 19։24)։
18. Ի՞նչ սքանչելի բաների մասին է գրված Եսայիա 25–րդ գլխում։
18 Ավելի ուշ Աստված դատավճիռ կայացրեց հին քաղաք Բաբելոնի նկատմամբ, որի մասին է, ըստ երևույթին, խոսվում Եսայիա 25–րդ գլխում։ Աստված կանխագուշակեց, որ այդ քաղաքը ավերակ էր դառնալու. «Քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. քաղաքը՝ օտարների պալատ[ը], յաւիտեան չէ շինուելու»։ (Եսայիա 25։2)։ Այսօր այդ վայրերում լինող զբոսաշրջիկները կարող են հաստատել այս խոսքերը։ Զուգադիպությո՞ւն էր Բաբելոնի կործանումը։ Ո՛չ։ Այդպես մտածելու փոխարեն՝ կարող ենք Եսայիայի պես գոչել. «Ո՛վ Տէր, իմ Աստուածս դուն ես. քեզ պիտի բարձրացնեմ, քու անուանդ փառք պիտի տամ. քանզի սքանչելի բաներ ըրիր, քու վաղեմի խորհուրդներն հաւատարիմ եւ ճշմարիտ են» (Եսայիա 25։1, Արևմտ. Աստ.)։
Հրաշալի գործեր ապագայում
19, 20. Եսայիա 25։6–8 խոսքերի ի՞նչ իրագործմանն ենք սպասում մենք։
19 Աստված իրագործեց վերոհիշյալ մարգարեությունն անցյալում, և ապագայում էլ հրաշալիորեն կգործի։ Այն համատեքստում, որտեղ Եսայիան հիշատակեց Աստծո «սքանչելի բաների» մասին, տեսնում ենք մի արժանահավատ մարգարեություն, որը դեռ պետք է կատարվի ճիշտ այնպես, ինչպես Բաբելոնի դատաստանն ի կատար ածվեց։ Ի՞նչ «սքանչելի բան» է խոստացված։ Եսայիա 25։6–ում ասվում է. «Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով»։
20 Այս մարգարեությունը վստահաբար տեղի է ունենալու Աստծո խոստացած նոր աշխարհում, որը շատ մոտ է։ Այդ ժամանակ մարդկությունը կազատվի այն պրոբլեմներից, որոնք այսօր շատերին են անհանգստացնում։ Փաստորեն, Եսայիա 25։7, 8 համարներում գրված մարգարեությունը երաշխավորում է, որ Աստված կօգտագործի իր ստեղծագործ ուժը՝ կատարելու բոլոր ժամանակների ամենահիասքանչ գործերից մեկը. «Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում»։ Ավելի ուշ Պողոս առաքյալը մեջբերեց այս համարից՝ ցույց տալու համար, որ Աստված մահացածներին կյանքի է վերադարձնելու՝ հարություն է տալու նրանց։ Ի՜նչ հրաշալի գործ է դա լինելու (Ա Կորնթացիս 15։51–54)։
21. Ի՞նչ հրաշալի գործ է կատարելու Աստված մահացածների համար։
21 Պատճառներից մեկն էլ, թե ինչու են վշտի արցունքները չորանալու, այն է, որ մարդիկ բուժվելու են իրենց ֆիզիկական տկարություններից։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա շատերին բժշկեց. կույրին վերադարձրեց տեսողությունը, խուլին՝ լսողությունը, անդամալույծին՝ ուժը։ Յովհաննէս 5։5–9-ում պատմվում է, որ նա բուժեց 38 տարվա մի հաշմանդամի։ Ականատեսների կարծիքով դա հրաշք էր՝ հրաշագործություն։ Եվ իրո՛ք այդպես էր։ Սակայն Հիսուսն ասաց, որ է՛լ ավելի սքանչելի կլինի այն, երբ հարություն տա մահացածներին. «Դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար» (Յովհաննէս 5։28, 29)։
22. Ինչո՞ւ խեղճն ու աղքատը կարող են հույսով նայել ապագային։
22 Այդ ամենն անպատճառ կատարվելու է, քանի որ խոստացողը ինքը Եհովան է։ Վստահ եղեք, որ երբ նա զգուշությամբ գործի դնի իր ամոքիչ ուժը, արդյունքները սքանչելի կլինեն։ Սաղմոս 72–ը ցույց է տալիս, թե ինչ է Աստված անելու իր Թագավոր–Որդու միջոցով։ Այն ժամանակ արդարը կծաղկի։ Շատ խաղաղություն կլինի։ Աստված կփրկի խեղճին ու աղքատին։ Նա խոստանում է. «Ցորենի առատութիւն պիտի ըլլայ երկրի մէջ։ Լեռներուն գլուխը, անոր պտուղը [հին] Լիբանանի պէս պիտի ըլլայ։ Գետնի խոտին պէս պիտի ծաղկին քաղաքացիները» (Սաղմոս 72։16, Արևմտ. Աստ.)։
23. Ի՞նչ անելու պետք է մղեն մեզ Աստծո հրաշալի գործերը։
23 Պարզ է, որ մենք հիմքեր ունենք ուշադրություն դարձնելու Եհովայի բոլոր սքանչելի գործերին. այն, թե ինչ է արել անցյալում, ինչ է անում ներկայումս և ինչ է անելու մոտ ապագայում։ «Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. որ մինակ նա է հրաշք անող։ Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն» (Սաղմոս 72։18, 19)։ Մեր բարեկամների և այլոց հետ սովորաբար սա պետք է լինի մեր խոսակցության նյութը։ Այո՛, եկեք ‘պատմենք հեթանոսների մեջ նրա փառքը, ամեն ազգերի մեջ նրա հրաշքները’ (Սաղմոս 78։3, 4; 96։3, 4)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս են Հոբին առաջադրված հարցերը ընդգծում մարդու գիտելիքների սահմանափակությունը։
• Յոբ 37–41 գլուխներում նկարագրված Աստծո հրաշալի գործերից ո՞րն է ձեզ տպավորել։
• Ի՞նչ է հարկավոր անել Աստծո հրաշալի գործերի շուրջ խորհրդածելուց հետո։
[նկարներ 10–րդ էջի վրա]
Ի՞նչ կասեիք ձյան փաթիլների անսպառ բազմազանության և կայծակի ահազդու ուժի մասին
[թույլտվությամբ]
snowcrystals.net
[նկարներ 13–րդ էջի վրա]
Թող որ Աստծո հրաշալի գործերը ձեր խոսակցության նյութը լինեն