1 Պետրոս
Յորդորում է Քրիստոնեաներին մեղքից հրաժարուիլ, յիշեցնելով Քրիստոսի օրինակը։ Մխիթարում է նորանց հալածանքի մասին։
4 Արդ Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց: 2 Որ այլ եւս ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, այլ Աստուծոյ կամքի պէս ապրիք մարմնում մնացած ժամանակը: 3 Որովհետեւ բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիճութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով. 4 Որ դորա վերայ զարմանում են, որ դուք նորանց հետ չէք վազում նոյն անկարգ զեղխութեան մէջ, եւ հայհոյում են, 5 Որ նորանք պիտի հաշիւ տան նորան, որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին: 6 Որովհետեւ իսկ սորա համար մեռելներին էլ աւետարանուեցաւ, որ մարդի կողմանէ մարմնով դատուին, բայց կենդանի լինեն Աստուծոյ կողմանէ հոգով:
7 Եւ ամեն բանի վերջը մօտեցել է, ուրեմն պարկեշտ կացէք եւ արթուն եղէք աղօթքներում: 8 Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը: 9 Հիւրասէր եղէք իրար հետ առանց տրտնջանքի: 10 Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ: 11 Եթէ մէկը խօսում է թող ինչպէս Աստուծոյ հրամաններ խօսի. եթէ մէկը մատակարարում է թող լինի ինչպէս այն զօրութիւնից, որ Աստուած է շնորհում. որ ամեն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն:
12 Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ: 13 Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք: 14 Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ, նորանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառաւորվում: 15 Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպէս ուրիշի բանին խառնուող. 16 Բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին: 17 Որովհետեւ ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը. բայց եթէ առաջ մեզանից, ապա ի՞նչ կ’լինի նորանց վերջը որ Աստուծոյ աւետարանին անհնազանդ են: 18 Եւ եթե արդարն հազիւ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղաւորը ո՞րտեղ կ’երեւայ: 19 Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով: