1 Սամուել
Սամուէլը հանդէսով և հրապարակաւ հրաժարական է տալիս։
12 Եւ Սամուէլը բոլոր Իսրայէլին ասեց. Ահա ես ձեր ձայնին լսեցի այն բոլոր բաներում որ դուք ինձ ասեցիք. ու ձեզ վերայ թագաւոր դրի։ 2 Եւ ահա հիմա ձեր առաջից թագաւորը կ’գայ. բայց ես ծերացել եմ եւ մազերս սպիտակել են. եւ ահա իմ որդիքը ձեզ հետ են. եւ ես իմ մանկութիւնից մինչեւ այս օրը ձեր առաջին գնացի։ 3 Ահա ես. Տիրոջ առաջին եւ նորա օծեալի առաջին ինձ համար յայտնապէս ասեցէք. թէ Ես որի՞ եզն եմ առել, ու որի՞ էշն եմ առել, եւ որի՞ն եմ զրկանք կամ անիրաւութիւն արել, եւ որի՞ ձեռքից կաշառք առել, եւ նորանով իմ աչքերը կուրացրել. ու ես ձեզ ետ դարձնեմ։ 4 Եւ ասեցին. Մեզ զրկանք կամ անիրաւութիւն չես արել, եւ ոչ մի մարդի ձեռքից մի բան չես առել։ 5 Եւ նա ասեց նորանց. Տէրը եւ նորա օծեալը ձեզ վկայ լինեն այս օրը, որ դուք իմ ձեռքում մի բան չ’գտաք։ Եւ ասեցին. Վկայ լինեն։
6 Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Եհովան որ Մովսէսին եւ Ահարօնին ընտրեց, եւ ձեր հայրերին Եգիպտոսի երկրիցը հանեց վկայ է։ 7 Եւ հիմա կանգնեցէք, եւ ես ձեզ հետ դատ տեսնեմ Տիրոջ առաջին այն բոլոր արդարութիւնների մասին՝ որ Տէրը ձեզ եւ ձեր հայրերին արաւ։ 8 Երբոր Յակոբը գնաց Եգիպտոս, եւ ձեր հայրերը աղաղակեցին Տիրոջը, եւ Տէրը ուղարկեց Մովսէսին եւ Ահարօնին, որ ձեր հայրերը դուրս հանեցին Եգիպտոսիցը, եւ նորանց այստեղ բնակեցրին։ 9 Բայց նորանք մոռացան իրանց Տէր Աստուծուն. եւ նա էլ Հասորի զօրագլուխ՝ Սիսարայի ձեռքը եւ Փղշտացիների ձեռքը եւ Մովաբի թագաւորի ձեռքը մատնեց նորանց, եւ նորանք պատերազմ արին նորանց հետ։ 10 Եւ նորանք Տիրոջը աղաղակեցին եւ ասեցին՝ Մենք մեղք գործեցինք, որ Տիրոջը թողեցինք եւ Բահաղիմին ու Աստարովթին ծառայութիւն արինք. եւ հիմա ազատիր մեզ մեր թշնամիների ձեռքից եւ քեզ կ’ծառայենք։ 11 Եւ Տէրն ուղարկեց Յերոբաաղին, Բեդանին, Յեփթայէին եւ Սամուէլին, եւ ձեզ ազատեց ձեր շրջակայ թշնամիների ձեռքիցը եւ ապահով բնակուեցաք։ 12 Եւ երբոր տեսաք որ Ամմոնացիների թագաւորը՝ Նաասը ձեզ վերայ է գալիս, ինձ ասեցիք. Ոչ, անպատճառ մեզ վերայ մի թագաւոր լինի. թէ եւ ձեր թագաւորը Եհովայ Աստուածն էր։ 13 Եւ հիմա ահա այն թագաւորը, որ ընտրեցիք եւ ուզեցիք. եւ ահա Տէրը ձեզ վերայ մի թագաւոր դրաւ։ 14 Եթէ Տէրից վախենաք եւ նորան ծառայութիւն անէք, եւ նորա ձայնին լսէք, եւ Տիրոջ խօսքի դէմ չ’կենաք, այն ժամանակ թէ դուք եւ թէ ձեր թագաւորը՝ որ թագաւորում է ձեզ վերայ, ձեր Տէր Աստուծոյ ետեւից ապահով կ’լինէք։ 15 Բայց եթէ Տիրոջ ձայնին չ’լսէք, եւ Տիրոջ հրամանի դէմ կենաք, այն ժամանակ Տիրոջ ձեռքը ձեզ վերայ եւ ձեր հայրերի վերայ կ’լինի։ 16 Եւ հիմա կանգնեցէք եւ տեսէք այն մեծ բանը՝ որ Տէրն անում է ձեր աչքերի առաջին։ 17 Այսօր ցորենի հունձի ժամանակը չէ՞. ես Տիրոջը կ’աղաղակեմ, եւ նա որոտում եւ անևրեւ կը տայ, որ հասկանաք եւ տեսէք թէ մեծ է ձեր չարութիւնը որ արիք Տիրոջ առաջին ձեզ համար թագաւոր ուզելով։
18 Այն ժամանակ Սամուէլը Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նոյն օրը որոտում եւ անձրեւ տուաւ. եւ բոլոր ժողովուրդը շատ վախեցաւ Տէրիցը եւ Սամուէլիցը։ 19 Եւ բոլոր ժողովուրդը Սամուէլին ասեց. Քո Տէր Աստուծուն աղօթք արա քո ծառաների համար որ չ’մեռնենք. որովհետեւ մեր ամեն մեղքերի վերայ այս չարութիւնն էլ աւելացրինք, որ մեզ համար թագաւոր ուզեցինք։ 20 Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Մի վախենաք. դուք այս բոլոր չարութիւնը արիք, սակայն Տէրիցը մի խոտորուիք, եւ ձեր բոլոր սիրտովը Տիրոջը ծառայեցէք։ 21 Եւ մի խոտորուիք. որովհետեւ ոչինչ բաների ետեւից կ’լինէք գնացած, որոնք օգուտ չեն եւ չեն կարող ազատել, որովհետեւ նորանք ոչինչ են։ 22 Նորա համար որ Տէրը իր մեծ անունի համար՝ իր ժողովրդին չի թողիլ, որովհետեւ Տէրն ուզեց որ ձեզ իր համար ժողովուրդ անէ։ 23 Բայց ես՝ քաւ լիցի, որ Տիրոջ դէմ մեղք գործեմ, ձեզ համար աղօթք անելուց դադարելով, այլ ես ձեզ կ’սովորեցնեմ բարի եւ ուղիղ ճանապարհը։ 24 Միայն թէ Տէրիցը վախեցէք, եւ ճշմարտութեամբ ու ձեր բոլոր սիրտովը նորան ծառայեցէք. որովհետեւ տեսաք որ նա ձեզ համար ինչ մեծ բաներ արաւ։ 25 Իսկ եթէ չարութիւն անէք, դուք էլ ձեր թագաւորն էլ կը կորչէք։