Տարեցները օրհնություն են երիտասարդների համար
«Մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. մինչեւ որ քո բազուկը պատմեմ հաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին» (ՍԱՂՄՈՍ 71։18)։
1, 2. Աստծու տարեց ծառաները ի՞նչ պետք է հասկանան, և ի՞նչ կքննարկենք այժմ։
ԱՐԵՎՄՏՅԱՆ Աֆրիկայում մի երեց, այցելելով մի տարեց օծյալ եղբոր, հարցրեց. «Ինչպե՞ս ես»։ «Ես կարող եմ վազել, ցատկել, նույնիսկ մեկ ոտքի վրա թռչկոտել»,— պատասխանեց եղբայրը և փորձեց ցույց տալ իր ունակությունները։ «Բայց,— ավելացրեց նա,— ես չեմ կարող թռչել»։ Պարզ էր, թե ինչ էր նա ուզում ասել։ «Ինչ որ կարող եմ անել, ուրախությամբ անում եմ, բայց ինչ որ չեմ կարող, չեմ անում»։ Օծյալ եղբորն այցելած երեցն այժմ 80 տարեկան է և սիրով հիշում է նրա հումորի զգացումն ու նվիրվածությունը։
2 Տարեց անհատի աստվածահաճո հատկությունները կարող են անջնջելի տպավորություն թողնել ուրիշների վրա։ Ինչ խոսք, ծերանալ չի նշանակում ինքնաբերաբար իմաստուն դառնալ և ձեռք բերել քրիստոնեական հատկություններ (Ժողովող 4։13)։ Աստվածաշունչն ասում է. «Մազի ճերմկութիւնը փառաց պսակ է, եթէ անիկա արդարութեան ճամբուն մէջ գտնուի» (Առակաց 16։31, ԱԱ)։ Եթե դու արդեն տարեց ես, արդյոք գիտակցո՞ւմ ես, որ քո խոսքերն ու գործերը կարող են դրականորեն ազդել ուրիշների վրա։ Քննենք աստվածաշնչյան մի քանի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ մեծ օրհնություն են եղել տարեցները երիտասարդների համար։
Հավատ, որի օգուտները զգացվում են մինչև օրս
3. Նոյի հավատարմությունն ինչպե՞ս է կապված այն բանի հետ, որ այսօր երկրի վրա կյանք գոյություն ունի։
3 Նոյի հավատն ու հաստատակամությունն այնպիսի դրական արդյունքներ բերեցին, որոնց օգուտները զգացվում են մինչև օրս։ Նոյը գրեթե 600 տարեկան էր, երբ կառուցեց տապանը, հավաքեց կենդանիներին և քարոզեց հարևաններին (Ծննդոց 7։6; 2 Պետրոս 2։5)։ Իր աստվածավախության շնորհիվ նա իր ընտանիքի հետ վերապրեց մեծ Ջրհեղեղից և դարձավ երկրի վրա ներկայումս ապրող բոլոր մարդկանց նախահայրը։ Ճիշտ է, Նոյն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ կյանքի տևողությունը շատ ավելի երկար էր, քան այժմ, սակայն նույնիսկ խոր ծերության մեջ նա հավատարիմ մնաց Աստծուն, և դա մեծ օրհնություններ բերեց մարդկանց։ Տեսնենք, թե ինչպես։
4. Նոյի հաստատակամությունը ի՞նչ օգուտներ է բերում այսօր Աստծու ծառաներին։
4 Նոյը մոտ 800 տարեկան էր, երբ Նեբրովթը սկսեց կառուցել Բաբելոնի աշտարակը՝ ընդդիմանալով Եհովայի՝ «լցրէք երկիրը» պատվերին (Ծննդոց 9։1; 11։1–9)։ Սակայն Նոյը չմասնակցեց Նեբրովթի ապստամբությանը։ Ուստի հնարավոր է՝ նրա լեզուն չփոխվեց, երբ ապստամբների լեզուները խառնվեցին։ Նոյի հավատը և հաստատակամությունը, որոնք դրսևորվեցին ոչ միայն ծեր հասակում, այլև նրա ամբողջ կյանքում, արժանի են ընդօրինակման Աստծու՝ բոլոր տարիքի ծառաների կողմից (Եբրայեցիներ 11։7)։
Բարերար ազդեցություն՝ ընտանիքում
5, 6. ա) Երբ Աբրահամը 75 տարեկան էր, ի՞նչ պատվեր ստացավ Եհովայից։ բ) Ինչպե՞ս Աբրահամն արձագանքեց Աստծու պատվերին։
5 Այն, թե ինչ ազդեցություն կարող են թողնել տարեցները իրենց ընտանիքի անդամների հավատի վրա, կարելի է տեսնել Նոյից հետո ապրած նահապետների օրինակից։ Աբրահամը մոտավորապես 75 տարեկան էր, երբ Աստված նրան ասաց. «Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ’տամ։ Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ» (Ծննդոց 12։1, 2)։
6 Պատկերացրու, որ քեզ խնդրում են թողնել տունդ, ընկերներիդ, ծննդավայրդ, ազգականներիդ ու գնալ մի երկիր, որի մասին գաղափար անգամ չունես։ Աբրահամը հենց այդ պետք է աներ։ Նա «գնաց ինչպէս Եհովան նորան ասել էր» և իր մնացած կյանքը անցկացրեց Քանանի երկրում՝ ապրելով վրաններում որպես պանդուխտ (Ծննդոց 12։4; Եբրայեցիներ 11։8, 9)։ Թեև Եհովան ասել էր, որ նրան «մեծ ազգ պիտի շինի», այնուամենայնիվ Աբրահամը չտեսավ այդ ժամանակները. նրա սերունդը բազմաքանակ դարձավ միայն դարեր անց։ 25 տարի շարունակ խոստացյալ երկրում շրջելուց հետո Աբրահամն ու նրա կինը՝ Սառան, ընդամենը մեկ որդի ունեցան՝ Իսահակին (Ծննդոց 21։2, 5)։ Աբրահամը չհուսահատվեց ու չվերադարձավ այն քաղաքը, որտեղից դուրս էր եկել։ Հավատի և տոկունության ինչպիսի՜ օրինակ։
7. Իր տոկունությամբ ի՞նչ ազդեցություն թողեց Աբրահամը Իսահակի վրա, և ի՞նչ նշանակություն ունեցավ դա ողջ մարդկության համար։
7 Աբրահամն իր տոկունությամբ զորեղ ազդեցություն թողեց իր որդու՝ Իսահակի վրա, որն իր ամբողջ կյանքը՝ 180 տարի, ապրեց որպես պանդուխտ Քանանի երկրում։ Իսահակը նույնպես տոկունություն դրսևորեց, որովհետև Աստծու խոստումների հանդեպ հավատ ուներ, հավատ, որ նրա մեջ սերմանել էին տարեց ծնողները։ Հետագայում նրա հավատը զորացավ Եհովայի խոսքերից (Ծննդոց 26։2–5)։ Իսահակի հաստատակամությունը վճռական դեր ունեցավ Եհովայի այն խոստման իրականացման հարցում, համաձայն որի՝ ողջ մարդկությունը օրհնվելու էր Աբրահամի «սերնդի» միջոցով։ Հարյուրավոր տարիներ անց Հիսուս Քրիստոսը՝ այդ «սերնդի» գլխավոր մասը, իրեն հավատ ընծայող բոլոր մարդկանց հնարավորություն ընձեռեց հաշտվելու Աստծու հետ և վայելելու հավիտենական կյանքը (Գաղատացիներ 3։16; Հովհաննես 3։16)։
8. Ինչպե՞ս Հակոբը ամուր հավատ դրսևորեց, և ի՞նչ արդյունքով։
8 Իսահակը, իր հերթին, օգնեց իր որդի Հակոբին ամուր հավատ զարգացնել, ինչը վերջինիս զորացրեց տարեց հասակում։ Հակոբը 97 տարեկան էր, երբ ամբողջ գիշեր գոտեմարտեց հրեշտակի հետ՝ օրհնություն ստանալու համար (Ծննդոց 32։24–28)։ Նա մահացավ 147 տարեկանում և մահից առաջ իր մեջ բավական ուժ գտավ օրհնելու 12 որդիներից յուրաքանչյուրին (Ծննդոց 47։28)։ Նրա մարգարեական խոսքերը, որ գրված են Ծննդոց 49։1–28-ում, իրականացել են և շարունակում են իրականանալ։
9. Ի՞նչ կարելի է ասել այն մասին, թե ինչ ազդեցություն կարող են թողնել հոգևորապես հասուն տարեցները ընտանիքի անդամների վրա։
9 Հստակ է, որ Աստծու տարեց ծառաները կարող են բարերար ազդեցություն ունենալ իրենց ընտանիքի անդամների վրա։ Աստվածաշնչի վրա հիմնված նրանց իմաստուն խորհուրդները, ինչպես նաև տոկունության օրինակը կարող են վճռական դեր խաղալ, որ երիտասարդն իր մեջ ամուր հավատ զարգացնի (Առակաց 22։6)։ Տարեցները երբեք չպետք է թերահավատորեն մոտենան այն բանին, որ իրենք կարող են բարերար ազդեցություն ունենալ իրենց ընտանիքի անդամների վրա։
Բարերար ազդեցություն՝ հավատակիցների վրա
10. Հովսեփն ի՞նչ «պատվեր տվեց իր ոսկորների վերաբերյալ», և ի՞նչ ազդեցություն դա ունեցավ հետագա սերունդների վրա։
10 Տարեցները կարող են բարերար ազդեցություն թողնել նաև հավատակիցների վրա։ Հակոբի որդի Հովսեփը ծեր հասակում իր հավատը դրսևորեց մի պարզ ձևով, որը, սակայն, խոր ազդեցություն էր թողնելու իրենից հետո ապրող միլիոնավոր ճշմարիտ երկրպագուների վրա։ Նա 110 տարեկան էր, երբ «պատվեր տվեց իր ոսկորների վերաբերյալ», այն է՝ երբ իսրայելացիները վերջապես հեռանային Եգիպտոսից, պետք է նրա ոսկորներն իրենց հետ տանեին (Եբրայեցիներ 11։22; Ծննդոց 50։25)։ Հովսեփի մահից հետո իսրայելացիները երկար տարիներ ծանր ստրկության մեջ էին, և այդ խոսքերը ազատագրման հույս էին տալիս նրանց։
11. Ի՞նչ ազդեցություն է, ըստ ամենայնի, թողել տարեց Մովսեսը Հեսուի վրա։
11 Հովսեփի՝ հավատ արտահայտող խոսքերը քաջալերել են նաև Մովսեսին։ Վերջինս, երբ 80 տարեկան էր, Հովսեփի ոսկորները Եգիպտոսից հանեց (Ելից 13։19)։ Այդ ժամանակներում էր, որ Մովսեսը ծանոթացավ Հեսուի հետ, որն իրենից բավական երիտասարդ էր։ Հաջորդ 40 տարիներին Հեսուն դարձավ «Մովսեսի ընտրեալ ծառան» (Թուոց 11։28)։ Նա ուղեկցեց Մովսեսին դեպի Սինա լեռ և դիմավորեց վերջինիս, երբ նա սարից իջնում էր վկայության տախտակները ձեռքին (Ելից 24։12–18; 32։15–17)։ Ի՜նչ ընտիր խորհուրդներ և իմաստուն խոսքեր է, ըստ ամենայնի, լսել Հեսուն տարեց Մովսեսից։
12. Ինչպե՞ս Հեսուն իր կյանքի ողջ ընթացքում բարերար ազդեցություն թողեց Իսրայել ազգի վրա։
12 Հեսուն, իր հերթին, ամբողջ կյանքում քաջալերեց Իսրայել ազգին։ Դատաւորաց 2։7–ում ասվում է. «Ժողովուրդը Տիրոջը պաշտեց Յեսուի բոլոր օրերումը եւ Յեսուից յետոյ ողջ մնացող եւ Իսրայելի համար Տիրոջ արած ամեն մեծ գործքերը տեսնող ծերերի բոլոր օրերումը»։ Սակայն Հեսուի և մյուս ծերերի մահից հետո կեղծ աստվածների պաշտամունքը գլուխ բարձրացրեց, և պայքար սկսվեց ճշմարիտ և կեղծ երկրպագության միջև, որը տևեց 300 տարի՝ մինչև Սամուել մարգարեի օրերը։
Սամուելը «արդարություն գործադրեց»
13. Ինչպե՞ս Սամուելը «արդարություն գործադրեց»։
13 Աստվածաշունչը չի ասում, թե Սամուել մարգարեն քանի տարեկանում մահացավ։ Սակայն կարելի է նկատել, որ «Ա Թագաւորաց» գիրքը, որը գրել է Սամուելը, պարունակում է 102 տարվա պատմություն, և մարգարեն դեպքերի մեծամասնությանը ականատես է եղել։ Եբրայեցիներ 11։32, 33–ում կարդում ենք, որ ուղղամիտ դատավորներն ու մարգարեները «արդարություն գործադրեցին»։ Սամուելը կարողացավ իր ժամանակակիցներից ոմանց օգնել, որ խուսափեն սխալ արարքներից կամ ընդհանրապես հեռանան մեղավոր ճանապարհից (Ա Թագաւորաց 7։2–4)։ Ինչպե՞ս դա նրան հաջողվեց։ Նա նվիրված մնաց Եհովային իր ողջ կյանքում (Ա Թագաւորաց 12։2–5)։ Նա չվախեցավ խստորեն հանդիմանել նույնիսկ թագավորին (Ա Թագաւորաց 15։16–29)։ Բացի այդ, Սամուելը, որը «ծերացել էր, և որի մազերը սպիտակել էին», ուրիշների համար աղոթելու գերազանց օրինակ թողեց։ Նա ասաց. «Քաւ լիցի, որ Տիրոջ դէմ մեղք գործեմ, ձեզ [իսրայելացիների] համար աղօթք անելուց դադարելով» (Ա Թագաւորաց 12։2, 23)։
14, 15. Ինչպե՞ս կարող են տարեցներն ընդօրինակել Սամուելին աղոթելու հարցում։
14 Բոլոր այս օրինակները ցույց են տալիս, թե տարեցներն ինչ կարևոր դեր ունեն, և թե ինչպես կարող են բարերար ազդեցություն գործել Եհովայի մյուս ծառաների վրա։ Նրանք կարող են աղոթել ուրիշների համար՝ չնայած առողջական և այլ դժվարություններին։ Սիրելի՛ տարեցներ, գիտե՞ք, թե որքան օգտակար կարող են լինել ձեր աղոթքները ժողովի համար։ Քրիստոսի թափած արյան հանդեպ ձեր հավատի շնորհիվ դուք բարի անուն ունեք Եհովայի մոտ։ Ձեր տոկունության շնորհիվ ձեր հավատը «փորձված որակ» ունի (Հակոբոս 1։3; 1 Պետրոս 1։7)։ Երբեք չմոռանա՛ք, որ «արդար մարդու աղաչանքը, երբ ներգործում է, մեծ ուժ ունի» (Հակոբոս 5։16)։
15 Հանուն Եհովայի Թագավորության շահերի ասված ձեր աղոթքները շատ կարևոր են։ Օրինակ՝ մեր եղբայրներից ոմանք գտնվում են բանտերում՝ քրիստոնեական չեզոքություն պահելու պատճառով։ Ոմանք էլ բնական աղետների, պատերազմների և քաղաքացիական ընդհարումների զոհ են դարձել։ Ուրիշներն էլ՝ հենց մեր ժողովի անդամները, զանազան գայթակղությունների և հակառակությունների են դիմագրավում (Մատթեոս 10։35, 36)։ Քարոզչական գործում և ժողովում պատասխանատվություն ունեցող եղբայրները ևս ձեր կանոնավոր աղոթքների կարիքն ունեն (Եփեսացիներ 6։18, 19; Կողոսացիներ 4։2, 3)։ Որքա՜ն հաճելի է, որ դուք Եպաֆրասի պես ձեր աղոթքներում հիշատակում եք հավատակիցներին (Կողոսացիներ 4։12)։
Սովորեցրեք հաջորդ սերնդին
16, 17. Ի՞նչ է կանխագուշակվել Սաղմոս 71։18–ում, և ինչպե՞ս է այն իրականանում։
16 «Փոքր հոտի» հավատարիմ անդամների հետ համագործակցությունը անչափ օգտակար է եղել «ուրիշ ոչխարների» համար, որոնք երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն (Ղուկաս 12։32; Հովհաննես 10։16)։ Այս մասին կանխագուշակվել է Սաղմոս 71։18–ում, որտեղ կարդում ենք. «Մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. մինչեւ որ քո բազուկը պատմեմ հաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին»։ Ոգով օծված քրիստոնյաները, նախքան Հիսուս Քրիստոսի հետ երկնքում փառավորվելը, ջանասիրաբար կրթել են իրենց ընկերակից «ուրիշ ոչխարներին», որպեսզի վերջիններս ավելի մեծ պատասխանատվություններ ստանձնեն։
17 Այն, ինչ ասվում է Սաղմոս 71։18–ում «հաջորդ սերունդին» սովորեցնելու մասին, ըստ էության, կարող է վերաբերել նաև «ուրիշ ոչխարներին»։ Եհովան առանձնաշնորհում է տվել այդ խմբի տարեց անդամներին իր մասին վկայելու նրանց, ովքեր այժմ գալիս են դեպի ճշմարիտ երկրպագությունը (Յովէլ 1։2, 3)։ «Ուրիշ ոչխարների» համար մեծ օրհնություն է սովորել օծյալներից, և նրանք մղվում են իրենց ստացած սուրբգրային կրթությունը փոխանցել նրանց, ովքեր ցանկանում են ծառայել Եհովային (Հայտնություն 7։9, 10)։
18, 19. ա) Եհովայի տարեց ծառաներից շատերն ի՞նչ արժեքավոր բաներ կարող են պատմել ուրիշներին։ բ) Ինչո՞ւմ պետք է վստահ լինեն տարեց քրիստոնյաները։
18 Եհովայի տարեց ծառաները՝ թե՛ օծյալները և թե՛ նրանք, ովքեր պատկանում են «ուրիշ ոչխարների» խմբին, ականատես են եղել պատմական կարևոր իրադարձությունների։ Դեռևս կենդանի են ոմանք, ովքեր «Արարչության լուսադրամայի» առաջին հանդիսատեսներից են եղել։ Ոմանք անձամբ ճանաչել են առաջնորդություն վերցրած այն եղբայրներին, որոնք ազատազրկվել էին 1918 թ.–ին։ Մյուսները մասնակցել են «Դիտարանի» ռադիոկայանի (WBBR) հաղորդումներին։ Շատերը կարող են պատմել այն ժամանակների մասին, երբ Եհովայի ժողովուրդը բարձրագույն դատարաններում պայքար է մղել իր կրոնական ազատությունը պաշտպանելու համար։ Ուրիշներն էլ, ապրելով բռնապետական ռեժիմի ներքո, անվախորեն թիկունք են կանգնել ճշմարիտ երկրպագությանը։ Տարեցները կարող են նաև պատմել, թե ինչպես է ճշմարտության վերաբերյալ հասկացողությունը ավելի խորացել տարիների ընթացքում։ Աստվածաշունչը քաջալերում է մեզ օգտվել տարեցների հարուստ փորձից (Բ Օրինաց 32։7)։
19 Տարեց քրիստոնյաներին հորդոր է տրվում լավ օրինակ լինել երիտասարդների համար (Տիտոս 2։2–4)։ Գուցե հիմա դուք չեք նկատում, թե ինչ ազդեցություն են գործում ձեր տոկունությունը, աղոթքները և խորհուրդները ուրիշների վրա։ Նոյը, Աբրահամը, Հովսեփը, Մովսեսը և մյուսները հավանաբար չէին պատկերացնում, թե իրենց հավատարմությունն ինչ ազդեցություն կարող է թողնել եկող սերունդների վրա։ Այո՛, նրանց հավատն ու անարատությունը անջնջելի հետք են թողել ուրիշների վրա. դու նո՛ւյնպես կարող ես նման ազդեցություն գործել։
20. Ի՞նչ օրհնություններ են սպասում նրանց, ովքեր իրենց հույսը մինչև վերջ ամուր են պահում։
20 Անկախ այն բանից, թե ինչպես դու կմտնես Աստծու նոր աշխարհ՝ մեծ նեղությունից վերապրելով թե հարության միջոցով՝ քեզ համար մեծ ուրախություն կլինի վայելել «իսկական կյանքը» (Մատթեոս 24։21; 1 Տիմոթեոս 6։19)։ Պատկերացրու այն ժամանակները, երբ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ներքո Եհովան կվերացնի ծերության հետևանքները։ Ամեն օր արթնանալով՝ մենք ոչ թե կզգանք, թե ինչպես է քայքայվում մեր մարմինը, այլ թե ինչպես է այն բարելավվում. մենք կդառնանք ավելի կայտառ, կունենանք ավելի սուր տեսողություն և լսողություն, ավելի գեղեցիկ տեսք (Յոբ 33։25; Եսայիա 35։5, 6)։ Աստծու նոր աշխարհում ապրողները երիտասարդ կլինեն ամբողջ հավիտենության մեջ (Եսայիա 65։22)։ Ուրեմն՝ թող որ բոլորս ամուր պահենք մեր հույսը և շարունակենք ամբողջ սրտով ծառայել Եհովային։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան կիրականացնի այն ամենը, ինչ խոստացել է, և դա կգերազանցի մեր բոլոր ակնկալիքները (Սաղմոս 37։4; 145։16)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս տարեց Նոյի հաստատակամությունը օգուտներ բերեց ողջ մարդկությանը։
• Ի՞նչ ազդեցություն է թողել նահապետների հավատը նրանց սերունդների վրա։
• Տարեց հասակում ինչպե՞ս են Հովսեփը, Մովսեսը, Հեսուն և Սամուելը ամրապնդել Եհովայի մյուս երկրպագուներին։
• Ի՞նչ ժառանգություն կարող են տարեցները փոխանցել երիտասարդներին։
[նկար 26–րդ էջի վրա]
Աբրահամն իր տոկունությամբ մեծ ազդեցություն թողեց Իսահակի վրա
[նկար 28–րդ էջի վրա]
Մովսեսի իմաստուն խորհուրդները քաջալերեցին Հեսուին
[նկար 29–րդ էջի վրա]
Ուրիշների համար ասած քո աղոթքները անչափ օգտակար կարող են լինել
[նկար 30–րդ էջի վրա]
Երիտասարդները կարող են օգուտներ ստանալ՝ լսելով տարեցներին