1 Սամուել
Դաւիթի ընտրուիլը և թագաւոր օծուիլը։ Նորա քնար ածելը հանգստացնում է տխուր Սաւուղին։
16 Եւ Տէրը Սամուէլին ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի Սաւուղի համար սուգ անես. որովհետեւ ես նորան մերժեցի որ Իսրայէլի վերայ չ’թագաւորէ. եղջիւրդ իւղով լցրու, եւ եկ քեզ ուղարկեմ Բեթլեհէմացի Յեսսէի մօտ. որովհետեւ նորա որդկանց մէկին ինձ համար թագաւոր տեսայ։ 2 Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչպէս գնամ. եթէ Սաւուղը լսէ՝ ինձ կ’մեռցնէ. եւ Տէրն ասեց. Հետդ մէկ երինջ առ եւ ասիր թէ եկայ Տիրոջը զոհ անելու։ 3 Եւ Յեսսէին հրաւիրիր զոհին. եւ ես քո անելու բանը քեզ կ’հասկացնեմ. եւ ինձ համար օծես նորան՝ որին քեզ կ’ասեմ։
4 Եւ Սամուէլն արաւ Տիրոջ ասածը, եւ գնաց Բեթլէհէմ։ Եւ քաղաքի ծերերը դողալով դիմաւորեցին նորան, եւ ասեցին. Խաղաղութեա՞մբ է գալդ։ 5 Եւ նա ասեց. Խաղաղութեամբ. Տիրոջ համար զոհ անելու եկայ. սրբուեցէք՝ եւ ինձ հետ զոհի եկէք. եւ Յեսսէին եւ նորա որիդներին սրբել տուակ, եւ նորանց զոհի հրաւիրեց։ 6 Եւ երբոր նորանք եկան Եղիաբին տեսածին պէս ասեց. Ահա Տիրոջ օծեալը իր առաջին։ 7 Բայց Տէրը Սամուէլին ասեց. Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի. այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում։ 8 Եւ Յեսսէն Աբինադաբին կանչեց, եւ նորան Սամուէլի առաջովը անցկացրեց, եւ նա ասեց. Տէրը սորան էլ չ’ընտրեց։ 9 Եւ Յեսսէն Սամաային անցկացրեց. եւ նա ասեց. Տէրը սորան էլ չ’ընտրեց։ 10 Եւ Յեսսէն Սամուէլի առաջովը իր եօթը որդիներին անցկացրեց, եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Տէրը սորանցից չ’ընտրեց։ 11 Եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Տղերքդ ամենն էլ սորա՞նք են։ Եւ նա ասեց. Տակաւին մնացել է կրտսերը, եւ ահա նա ոչխարները արածեցնում է։ Եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Մարդ ուղարկիր եւ նորան բերել տուր. որովհետեւ մենք սեղան պիտի չ’նստենք, մինչեւ որ նա այստեղ չ’գայ։ 12 Եւ նա մարդ ուղարկեց, եւ նորան բերել տուաւ. եւ նա կարմիր էր եւ գեղեցիկ աչքերով, եւ դէմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տէրն ասեց. Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է։ 13 Եւ Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան իր եղբայրների մէջ. եւ այն օրից յետոյ Տիրոջ Հոգին եկաւ Դաւիթի վերայ. եւ Սամուէլը վեր կացաւ գնաց Ռամա։
14 Եւ Տիրոջ Հոգին հեռացաւ Սաւուղից. եւ Տիրոջ կողմանէ մի չար ոգի նեղում էր նորան։ 15 Եւ Սաւուղի ծառաները նորան ասեցին. Ահա Աստուծոյ կողմանէ մի չար ոգի քեզ նեղում է. 16 Մեր Տէրն իր առաջին եղող ծառաներիդ ասի, որ մի լաւ քնարահար որոնեն, որ երբոր Աստուծոյ կողմանէ այն չար ոգին քեզ վերայ գայ, նա իր ձեռքովը քնարն ածէ, եւ դու լաւանաս։ 17 Եւ Սաւուղն իր ծառաներին ասեց. Հիմա ինձ համար մէկ լաւ քնարահար գտէք, եւ նորան ինձ մօտ բերէք։ 18 Եւ ծառաների մէկը պատասխանեց եւ ասեց. Ահա Բեթլեհէմացի Յեսսէի մէկ տղան տեսայ, որ քնար ածել գիտէ. եւ քաջ, զօրաւոր, պատերազմող, ճարտասան, եւ գեղեցիկ տեսքով մարդ է. եւ Տէրը նորա հետ է։ 19 Եւ Սաւուղը Յեսսէին պատգամաւորներ ուղարկեց եւ ասեց. Քո որդի Դաւիթին, որ ոչխարների մօտն է, ինձ մօտ ուղարկիր։ 20 Եւ Յեսսէն մի էշի բեռն հաց, մի տիկ գինի, եւ այծերից մի ուլ առաւ, եւ իր որդի Դաւիթի ձեռքովը Սաւուղին ուղարկեց։ 21 Եւ Դաւիթը Սաւուղի մօտ եկաւ, եւ նորա առաջին կանգնեց։ Եւ Սաւուղը նորան շատ սիրեց, եւ նա նորա կապարճակիրը դառաւ։
22 Եւ Սաւուղը Յեսսէին մարդ ուղարկեց ասելով. Դաւիթը թող իմ առաջին կանգնէ, որովհետեւ նա իմ առաջին շնորհք գտաւ։ 23 Երբոր Աստուածանից այն ոգին գալիս էր Սաւուղի վերայ, Դաւիթը առնում էր քնարը եւ իր ձեռքովը ածում. եւ Սաւուղը հանգստանում եւ լաւանում էր, եւ չար ոգին նորա վերայից գնում էր։