Գործեր
26 Ագրիպասն+ ասաց Պողոսին. «Կարող ես խոսել ի պաշտպանություն քեզ»: Այդ ժամանակ Պողոսը ձեռքը մեկնեց ու սկսեց խոսել.
2 «Ագրիպա՛ս թագավոր, ուրախ եմ, որ հենց քո առաջ պետք է այսօր պաշտպանեմ ինձ հրեաների մեղադրանքներից,+ 3 քանի որ դու քաջատեղյակ ես հրեաների բոլոր սովորույթներին և վիճահարույց հարցերին: Խնդրում եմ քեզ, համբերությամբ լսիր ինձ:
4 Այն, թե պատանեկությունիցս ի վեր ինչ կյանք եմ վարել իմ ազգի մեջ և Երուսաղեմում, հայտնի է բոլոր հրեաներին,+ 5 որոնք ինձ վաղուց գիտեն: Եվ, եթե իհարկե ցանկանան, կարող են հաստատել, որ ես եղել եմ փարիսեցի՝+ մեր կրոնի մի ուղղության հետևորդ,+ որ խստագույն պահանջներն ունի Օրենքը պահելու հարցում: 6 Սակայն այժմ ես կանգնած եմ դատարանի առաջ, քանի որ հույսով սպասում եմ մի խոստման, որն Աստված տվել է մեր նախահայրերին:+ 7 Այս նույն հույսի իրականացումն են ուզում տեսնել նաև մեր 12 ցեղերը, մինչ գիշեր-ցերեկ ջերմեռանդորեն սուրբ ծառայություն են մատուցում Աստծուն: Հրեաները հենց այս հույսն ունենալու համար են ինձ մեղադրում,+ ո՛վ թագավոր:
8 Ինչո՞ւ է ձեզ անհավատալի թվում, որ Աստված հարություն է տալիս մահացածներին: 9 Իրականում ես ինքս էլ այն համոզման էի, որ պետք է հնարավոր ամեն բան անեմ նազարեթցի Հիսուսի անվան դեմ պայքարում: 10 Հենց դա էլ անում էի Երուսաղեմում. ավագ քահանաներից իշխանություն ստանալով՝+ սրբերից* շատերին բանտարկում էի,+ և երբ նրանց պատրաստվում էին մահապատժի ենթարկել, հավանություն էի տալիս:* 11 Հաճախ գնում էի ժողովարանից ժողովարան և նրանց պատժում էի, որպեսզի ստիպեմ հրաժարվել իրենց համոզմունքներից: Ես այնքան կատաղած էի, որ նույնիսկ ուրիշ քաղաքներում էի նրանց հալածում:
12 Մի անգամ հենց այդ նպատակով ավագ քահանաներից լիազորություն և հանձնարարություն ստանալով՝ ուղևորվեցի Դամասկոս: 13 Երբ ճանապարհին էի, ո՛վ թագավոր, կեսօրին արևի լույսից ավելի ուժեղ լույս տեսա, որ երկնքից փայլատակեց իմ և ինձ հետ ճամփորդողների վրա:+ 14 Այդ ժամանակ բոլորս գետին ընկանք, և մի ձայն լսեցի, որ եբրայերենով ասաց ինձ. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում: Խթանին* քացի տալով՝ քեզ ես վնասում»: 15 Իսկ ես հարցրի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»: Տերը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես: 16 Բայց հիմա վե՛ր կաց ու կանգնի՛ր: Ես քեզ երևացի, որովհետև քեզ ընտրել եմ, որ իմ ծառան լինես և վկայես ինձ հետ կապված այն բաների մասին, որոնք տեսար, և որոնք ցույց կտամ քեզ:+ 17 Ես կազատեմ քեզ այս ժողովրդից և այն ազգերից, որոնց մոտ ուղարկում եմ,+ 18 որպեսզի նրանց աչքերը բացվեն,+ նրանք խավարից+ դեպի լույս գան+ ու Սատանայի իշխանությունից՝+ դեպի Աստված և իմ հանդեպ իրենց հավատի շնորհիվ մեղքերի ներում ստանան+ ու ժառանգություն՝ մյուս առանձնացվածների* հետ»:
19 Այդ պատճառով, Ագրիպա՛ս թագավոր, ես չընդդիմացա այն ամենին, ինչ ասվեց ինձ այդ երկնային տեսիլքում, 20 այլ քարոզեցի նախ՝ Դամասկոսի,+ ապա՝ Երուսաղեմի+ և ողջ Հրեաստանի բնակիչներին, ինչպես նաև այլ ազգերին՝ ասելով, որ պետք է զղջան ու վերադառնան Աստծու մոտ՝ իրենց զղջմանը համապատասխանող գործեր անելով:+ 21 Ահա թե ինչու հրեաները տաճարում բռնեցին ինձ ու փորձեցին սպանել:+ 22 Բայցևայնպես, Աստծու օգնությամբ ես մինչ օրս քարոզում եմ* թե՛ հասարակ և թե՛ անվանի մարդկանց և ասում եմ միայն այն, ինչ մարգարեներն ու Մովսեսն էին մարգարեանում.+ 23 Քրիստոսը պետք է չարչարվեր+ ու որպես հարություն առածներից առաջինը՝+ լույս քարոզեր և՛ այս ժողովրդին, և՛ այլազգիներին»:+
24 Մինչ Պողոսը ի պաշտպանություն իրեն խոսում էր, Ֆեստոսը բարձրաձայն ասաց. «Ցնորվե՛լ ես, Պողո՛ս: Շատ գիտելիքները քեզ խելացնորությա՛ն են հասցրել»: 25 Բայց Պողոսն ասաց. «Չեմ ցնորվել, Ձե՛րդ գերազանցություն Ֆեստոս, իմ խոսքերը ճիշտ են ու ողջամիտ: 26 Իրականում թագավորը լավատեղյակ է այս ամենին, ուստի կարող եմ ազատ խոսել նրա հետ: Ես համոզված եմ, որ ոչինչ չի վրիպել նրա ուշադրությունից, քանի որ այդ ամենը գաղտնի չի արվել:+ 27 Հավատո՞ւմ ես մարգարեներին, Ագրիպա՛ս թագավոր: Գիտեմ, որ հավատում ես»: 28 Ագրիպասն ասաց Պողոսին. «Քիչ է մնում՝ համոզես, որ քրիստոնյա դառնամ»: 29 Պողոսն էլ ասաց. «Աղոթում եմ Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլև բոլոր նրանք, ովքեր այսօր լսում են ինձ, դառնան այնպիսին, ինչպիսին ես եմ, սակայն առանց այս ձեռնաշղթաների»:
30 Այդ ժամանակ թագավորը վեր կացավ, վեր կացան նաև կառավարիչը, Բերնիկեն և նրանց հետ նստած մյուս մարդիկ: 31 Հեռանալիս նրանք ասում էին իրար. «Այս մարդը մահվան կամ բանտարկության արժանի ոչինչ չի արել»:+ 32 Ագրիպասն ասաց Ֆեստոսին. «Եթե այս մարդը կայսրին բողոքած չլիներ, կարելի էր ազատ արձակել նրան»:+