Ելք
26 «Խորանը+ պատրաստեք տասը պաստառներով, որոնք պետք է գործված լինեն մանված բարձրորակ վուշից,* ինչպես նաև կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից: Դրանց վրա պետք է քերովբեներ+ ասեղնագործվեն:+ 2 Յուրաքանչյուր պաստառի երկարությունը պետք է լինի 28 կանգուն, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* Բոլոր պաստառները պետք է միևնույն չափսի լինեն:+ 3 Հինգ պաստառները պետք է իրար միացվեն ու դառնան մեկ ամբողջական կտոր: Նույն ձևով իրար պետք է միացվեն նաև մյուս հինգ պաստառները: 4 Ստացված կտորի վերջին պաստառի եզրին կապույտ թելից կապօղակներ պատրաստեք: Նույնպիսի կապօղակներ պատրաստեք նաև մյուս կտորի վերջին պաստառի եզրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն: 5 Պատրաստեք 50 կապօղակ մի կտորի եզրին և 50 կապօղակ՝ մյուսի եզրին, այնպես որ միացվելիս դրանք դեմ դիմաց լինեն: 6 Պատրաստեք 50 ոսկե կեռիկ և դրանցով երկու կտորներն իրար միացրեք, որպեսզի մեկ ամբողջական ծածկոց ստացվի խորանի համար:+
7 Պատրաստեք նաև այծի մազից+ պաստառներ՝ խորանը ծածկելու համար. 11 պաստառ պետք է պատրաստեք:+ 8 Յուրաքանչյուր պաստառի երկարությունը պետք է լինի 30 կանգուն, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* Բոլոր 11 պաստառները պետք է միևնույն չափսի լինեն: 9 Հինգ պաստառները իրար միացրեք: Նույն ձևով իրար միացրեք նաև մնացած վեց պաստառները: Խորանի առջևի մասում վեցերորդ պաստառը կծալեք դեպի վեր: 10 Ստացված կտորի վերջին պաստառի եզրին 50 կապօղակ պատրաստեք և 50 կապօղակ էլ պատրաստեք մյուս կտորի վերջին պաստառի եզրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն: 11 Պատրաստեք 50 պղնձե կեռիկ և դրանք անցկացնելով կապօղակների մեջ՝ երկու կտորներն իրար միացրեք, որպեսզի ստացվի մեկ ամբողջական ծածկոց: 12 Ծածկոցի պաստառի ավելացած մասը պետք է կախված մնա: Պաստառի այդ կես մասը թող կախված մնա խորանի հետևի կողմից: 13 Իսկ երկու կողքերից կախված մասերը պետք է կտավի ծածկոցից մեկ կանգուն* երկար լինեն՝ յուրաքանչյուր կողմից՝ մեկ կանգուն, որպեսզի երկու կողմերից ծածկեն խորանը:
14 Խորանի համար պատրաստեք ևս մեկ ծածկոց խոյի* կարմիր ներկված կաշվից, մի ծածկոց էլ դրա վրա գցելու համար՝ փոկի կաշվից:+
15 Խորանի կառուցման համար ակացիայի փայտից շրջանակներ+ պատրաստեք, որոնք պետք է ուղղահայաց կանգնեցվեն:+ 16 Յուրաքանչյուր շրջանակի երկարությունը պետք է լինի տասը կանգուն, իսկ լայնությունը՝ մեկուկես կանգուն:* 17 Ամեն շրջանակ պետք է իրար զուգահեռ երկու ելուստ ունենա: Այդպես պետք է պատրաստեք խորանի բոլոր շրջանակները: 18 Խորանի հարավային կողմի համար 20 շրջանակ պատրաստեք:
19 Այդ 20 շրջանակները կանգնեցնելու համար 40 արծաթե պատվանդան պատրաստեք,+ յուրաքանչյուրի վրա՝ մեկական ակոս, այսինքն՝ երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:+ 20 Քսան շրջանակ էլ պատրաստեք խորանի մյուս, այսինքն՝ հյուսիսային կողմի համար, 21 ինչպես նաև 40 արծաթե ակոսավոր պատվանդան. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան: 22 Խորանի հետնամասի, այսինքն՝ դեպի արևմուտք նայող կողմի համար վեց շրջանակ պատրաստեք:+ 23 Խորանի հետնամասի համար պատրաստեք ևս երկու շրջանակ՝ որպես անկյունային հենարաններ: 24 Դրանք ներքևից վերև պետք է բաղկացած լինեն երկու միանման տախտակներից, որոնք վերևում՝ առաջին ոսկե օղակի մոտ, պետք է իրար միանան: Երկու շրջանակն էլ այդպես պետք է պատրաստվեն: Դրանք կծառայեն որպես երկու անկյունային հենարաններ: 25 Այսպիսով՝ պետք է լինի ութ շրջանակ՝ իրենց 16 արծաթե ակոսավոր պատվանդաններով. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:
26 Շրջանակներն իրար միացնելու համար ակացիայի փայտից ձողեր պատրաստեք. հինգ ձող՝* խորանի հարավային կողմի համար,+ 27 հինգ ձող՝ խորանի հյուսիսային կողմի համար և հինգ ձող՝ խորանի արևմտյան կողմի, այսինքն՝ հետնամասի համար: 28 Յուրաքանչյուր կողմի մեջտեղի ձողը, որն անցնելու է շրջանակների կենտրոնով, պետք է ձգվի մի ծայրից մյուս ծայրը:
29 Շրջանակները ոսկով պատեք+ և դրանց վրա ամրացնելու համար ոսկե օղակներ պատրաստեք, որոնց միջով կանցկացվեն ձողերը: Ձողերը նույնպես ոսկով պատեք: 30 Խորանը կառուցեք այն նախագծի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա:+
31 Մի վարագույր+ պատրաստեք կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Դրա վրա պետք է քերովբեներ ասեղնագործվեն: 32 Այն կկախեք ակացիայի փայտից պատրաստված ու ոսկով պատված չորս սյուներից: Դրանց վրայի կախիչները պետք է ոսկուց լինեն: Սյուները պետք է չորս արծաթե ակոսավոր պատվանդանների վրա կանգնեցվեն: 33 Վարագույրը կկախեք կեռիկների* հենց ներքևում և Վկայության տապանակը+ վարագույրից ներս կբերեք: Վարագույրը պետք է Սրբությունը+ բաժանի Սրբությունների Սրբությունից:+ 34 Վկայության տապանակի կափարիչը դրեք վրան և տապանակը տեղադրեք Սրբությունների Սրբությունում:
35 Սեղանը դրեք վարագույրից դուրս՝ խորանի հյուսիսային կողմում, իսկ սեղանի դիմաց՝ հարավային կողմում, դրեք ճրագակալը:+ 36 Վրանի մուտքի համար վարագույր պատրաստեք կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից՝ միահյուսելով դրանք:+ 37 Վարագույրը կախելու համար ակացիայի փայտից հինգ սյուն պատրաստեք և ոսկով պատեք: Դրանց վրայի կախիչները պետք է ոսկուց լինեն: Սյուների համար պղնձից հինգ ակոսավոր պատվանդան ձուլեք»: