2 Կորնթացիներ
7 Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ Աստված մեզ այսպիսի խոստումներ է տվել,+ եկեք մաքրենք մեզ մարմնի ու մտքի* ամեն պղծությունից+ և Աստծու հանդեպ վախով լցված՝ ավելի ու ավելի սուրբ դառնանք:
2 Մեր առաջ բացեք ձեր սրտի դռները:+ Մենք ոչ ոքի չարիք չենք պատճառել, վնաս չենք տվել և չենք շահագործել:+ 3 Խոսքերիս մեջ դատապարտություն չկա, չէ՞ որ արդեն ասացի, որ ինչ էլ լինի՝ ապրենք, թե մեռնենք, դուք մեր սրտում եք: 4 Ես ազատ ու անկեղծ եմ խոսում ձեզ հետ: Շատ եմ հպարտանում ձեզնով: Իմ սիրտը մխիթարվել է, ու չնայած մեր բոլոր նեղություններին՝ ես անչափ ուրախ եմ:+
5 Բանն այն է, որ երբ հասանք Մակեդոնիա,+ մենք* հանգիստ չունեցանք, այլ ամեն կողմից նեղության մեջ էինք. դրսում՝ խիստ հակառակություններ, ներսում՝ անհանգստություն: 6 Սակայն վհատվածներին մխիթարություն տվող Աստվածը+ սփոփեց մեզ Տիտոսի ներկայությամբ: 7 Բայց մեզ մխիթարում էր ոչ միայն նրա ներկայությունը, այլև այն, որ նա ձեր մոտից քաջալերված էր վերադարձել: Նա պատմեց, թե որքան եք ուզում տեսնել ինձ, որքան մեծ էր ձեր տխրությունը, և թե որքան շատ եք մտահոգվում* ինձ համար. այդ ամենը ինձ մեծ ուրախություն պարգևեց:
8 Եվ նույնիսկ եթե ձեզ տխրեցրել էի իմ նամակով,+ չեմ ափսոսում դրա համար: Սկզբում ափսոսացի (իմանալով, որ այդ նամակը տխրեցրել է ձեզ, թեկուզև կարճ ժամանակով), 9 բայց այժմ ուրախ եմ: Ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տխրել էիք, այլ որ ձեր տխրությունը մղեց ձեզ զղջալու: Դա Աստծուն հաճելի տխրություն էր: Դրա համար էլ ասում ենք, որ ոչ մի վնաս չենք պատճառել ձեզ: 10 Աստծուն հաճելի տխրությունը մղում է զղջալու, ինչն էլ տանում է փրկության, և ափսոսանքի զգացում չի թողնում:+ Մինչդեռ աշխարհի մարդկանց բնորոշ տխրությունը մահվան է տանում: 11 Տեսեք, թե Աստծուն հաճելի տխրությունը ինչպես մղեց ձեզ ջանքեր թափելու, մաքրելու ձեր համբավը, ինչպիսի վրդովմունք առաջ բերեց, ինչպիսի աստվածավախություն, սխալն ուղղելու ինչպիսի մեծ ցանկություն և նախանձախնդրություն:+ Դուք ամեն բան պատշաճ կերպով արեցիք, որ լուծեք այդ հարցը: 12 Գրածս մեղք գործողի համար չէր,+ ոչ էլ այդ սխալի պատճառով տուժածի համար, այլ որ Աստծու առաջ ցույց տաք մեզ լսելու ձեր պատրաստակամությունը: 13 Ահա թե ինչու մենք մխիթարվեցինք:
Մխիթարվելուց բացի՝ անչափ ուրախացանք՝ տեսնելով Տիտոսի ուրախությունը, որի պատճառը ձեզնից ստացած թարմությունն էր: 14 Ես Տիտոսի մոտ գովել էի ձեզ և ամոթով չմնացի: Ինչի համար գովել էինք ձեզ, ճիշտ դուրս եկավ, ինչպես որ ձեզ ասած մեր բոլոր խոսքերն էին ճշմարիտ: 15 Երբ Տիտոսը մտաբերում է, թե բոլորդ ինչպիսի հնազանդություն եք դրսևորել,+ թե ինչ խոր հարգանքով եք ընդունել իրեն, ձեր հանդեպ նրա ջերմ սերը ավելի է մեծանում: 16 Ուրախ եմ, որ ամեն առումով կարող եմ վստահություն ունենալ ձեր հանդեպ: