1 Թագավորներ
14 Այդ ժամանակ Հերոբովամի որդին՝ Աբիան, հիվանդացավ: 2 Ուստի Հերոբովամն ասաց իր կնոջը. «Խնդրում եմ, վեր կաց, կերպարանափոխվիր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա Սելով: Աքիա մարգարեն այնտեղ է: Նա էր ինձ ասել, որ ես թագավորելու եմ այս ժողովրդի վրա:+ 3 Քեզ հետ վերցրու տասը հաց, բլիթներ,* մի սափոր մեղր ու գնա նրա մոտ: Նա քեզ կասի, թե ինչ է լինելու տղային»:
4 Հերոբովամի կինն այդպես էլ արեց. գնաց Սելով՝+ Աքիայի տուն: Աքիան աչքերը մի կետի էր հառել. նա ծերության պատճառով կորցրել էր տեսողությունը:
5 Բայց Եհովան Աքիային ասել էր. «Հերոբովամի կինը գալիս է իր որդու մասին քեզնից հարցնելու, քանի որ նա հիվանդ է: Ես քեզ կասեմ, թե ինչ ասես նրան:* Երբ նա գա, թաքցնելու է իր ով լինելը»:
6 Երբ կինը ներս էր մտնում, Աքիան լսեց նրա ոտնաձայներն ու ասաց. «Մտիր, Հերոբովամի՛ կին: Ինչո՞ւ ես թաքցնում ինքնությունդ: Ինձ հանձնարարվել է քեզ աղետաբեր լուր հաղորդել: 7 Գնա ու ասա Հերոբովամին. «Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես ընտրեցի քեզ ժողովրդի միջից, որպեսզի իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը դարձնեմ:+ 8 Հետո թագավորությունը խլեցի* Դավթի տնից ու քեզ տվեցի:+ Սակայն դու չեղար իմ ծառա Դավթի նման, որը պահեց իմ պատվիրաններն ու ամբողջ սրտով հնազանդվեց ինձ՝ անելով միայն այն, ինչը ճիշտ է իմ աչքում:+ 9 Դու ավելի վատ վարվեցիր, քան քո բոլոր նախորդները. քեզ համար ուրիշ աստված ու ձուլածո արձաններ պատրաստեցիր, որպեսզի ինձ վիրավորես,+ և թիկունք դարձրիր ինձ:+ 10 Դրա համար էլ ես Հերոբովամի տան վրա աղետ կբերեմ և Իսրայելից կբնաջնջեմ նրա տան բոլոր տղամարդկանց,* նույնիսկ անօգնականին ու թույլին: Կվերացնեմ Հերոբովամի տունը,+ ինչպես որ գոմաղբն են վերացնում, մինչև որ էլ ոչինչ չմնա: 11 Հերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, նրան շները կուտեն, իսկ ով դաշտում մեռնի, նրան երկնքի թռչունները կուտեն, որովհետև Եհովան է ասել»»:
12 Հիմա վեր կաց գնա քո տուն: Երբ ոտք դնես քաղաք, տղան կմահանա: 13 Ամբողջ Իսրայելը նրա համար սուգ կանի ու կթաղի նրան, որովհետև Հերոբովամի ընտանիքից նա միակը կլինի, որ կթաղվի գերեզմանում, քանի որ Իսրայելի Աստված Եհովան Հերոբովամի տնից միայն նրա մեջ է մի բարի բան գտել: 14 Եհովան Իսրայելի համար թագավոր կընտրի, և երբ այդ օրը գա, նա կվերացնի Հերոբովամի տունը.+ այդ օրը մոտ է: 15 Եհովան կհարվածի Իսրայելին, և Իսրայելը կնմանվի ջրի մեջ տարուբերվող եղեգի: Նա արմատախիլ կանի իսրայելացիներին այս լավ երկրից, որը տվել էր նրանց նախահայրերին,+ ու ցիրուցան կանի նրանց Եփրատի* այն կողմում,+ որովհետև իրենց համար սուրբ ձողեր*+ պատրաստեցին և այդպիսով վիրավորեցին Եհովային: 16 Նա կլքի Իսրայելին Հերոբովամի գործած մեղքերի պատճառով, որոնք նա Իսրայելին դրդեց գործել»:+
17 Հերոբովամի կինը վեր կացավ գնաց իր ճանապարհով ու եկավ Թերսա: Հենց որ նա տան շեմից ներս մտավ, տղան մահացավ: 18 Նրան թաղեցին, և ողջ Իսրայելը սուգ արեց նրա համար, ինչպես որ Եհովան ասել էր իր ծառայի՝ Աքիա մարգարեի միջոցով:
19 Հերոբովամի կյանքի մնացած իրադարձությունների մասին, թե նա ինչպես է պատերազմներ վարել+ և թագավորել, գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 20 Հերոբովամը թագավորեց 22 տարի և հանգչեց իր նախահայրերի հետ:+ Նրանից հետո սկսեց թագավորել իր որդին՝ Նադաբը:+
21 Իսկ Հուդայում թագավորում էր Սողոմոնի որդին՝ Ռոբովամը: Նա 41 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 17 տարի իշխեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Եհովան ընտրել էր+ Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր տարածքներից, որպեսզի իր անունը այնտեղ լինի:+ Ռոբովամի մոր անունը Նաամա էր. նա ամմոնացի էր:+ 22 Հուդայի ժողովուրդը արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում,+ և իր գործած մեղքերով ավելի բարկացրեց նրան, քան իր բոլոր նախահայրերը:+ 23 Հուդայի ժողովուրդը նույնպես սրբավայրեր կառուցեց, սուրբ սյուներ ու սուրբ ձողեր պատրաստեց+ ամեն բարձր բլրի վրա+ և ամեն սաղարթախիտ ծառի տակ:+ 24 Երկրում նաև տաճարային մարմնավաճառներ* կային:+ Ժողովուրդն անում էր այն բոլոր գարշելի գործերը, ինչ մյուս ազգերը, որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից:
25 Ռոբովամի թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ+ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա+ 26 և վերցրեց Եհովայի տան ու թագավորի պալատի գանձերը:+ Նա վերցրեց ամեն բան, այդ թվում՝ Սողոմոնի պատրաստած բոլոր ոսկե վահանները:+ 27 Դրանց փոխարեն Ռոբովամ թագավորը պղնձե վահաններ պատրաստեց և դրանք հանձնեց պահակների* պետերի պահպանությանը: Պահակները հսկում էին թագավորի պալատի մուտքը: 28 Երբ թագավորը գնում էր Եհովայի տուն, պահակները, այդ վահանները ձեռքներին, ուղեկցում էին նրան, իսկ հետո դրանք նորից դնում էին պահակասենյակում:
29 Ռոբովամի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»:+ 30 Ռոբովամն ու Հերոբովամը մշտապես պատերազմում էին իրար դեմ:+ 31 Ռոբովամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում՝+ իր նախահայրերի մոտ: Նրա մոր անունը Նաամա էր. նա ամմոնացի էր:+ Ռոբովամից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աբիամը:+