Ղուկաս
14 Մի Շաբաթ օր Հիսուսը ճաշի գնաց փարիսեցիների առաջնորդներից մեկի տուն: Ներկաները ուշադիր հետևում էին նրան: 2 Այնտեղ մի մարդ կար, որը ջրգողությամբ էր տառապում:* 3 Հիսուսը Օրենքի գիտակներին և փարիսեցիներին հարցրեց. «Ճիշտ կլինի՞ Շաբաթ օրով բուժում անել, թե՞ ոչ»:+ 4 Բայց նրանք լուռ մնացին: Հիսուսը դիպավ այդ մարդուն, բուժեց նրան և ճանապարհ դրեց: 5 Ապա հարցրեց նրանց. «Եթե որևէ մեկիդ որդին կամ ցուլը Շաբաթ օրը ջրհորն ընկնի,+ մի՞թե անմիջապես դուրս չեք հանի նրան»:+ 6 Եվ նրանք չկարողացան պատասխան տալ:
7 Դրանից հետո, նկատելով, որ հրավիրվածները ամենապատվավոր տեղերն են ընտրում,+ Հիսուսն ասաց նրանց.* 8 «Երբ հրավիրվում ես հարսանեկան խնջույքի, մի՛ բազմիր ամենապատվավոր տեղը:+ Գուցե քեզնից ավելի պատվարժան մեկն էլ հրավիրված լինի: 9 Այդ ժամանակ հրավիրողը կգա ու քեզ կասի. «Տեղդ այս մարդուն զիջիր»: Եվ դու ամոթով վեր կկենաս ու կգնաս ամենավերջին տեղը կնստես: 10 Այլ երբ քեզ հրավիրում են, գնա ու նստիր ամենացածր տեղը, այդ դեպքում հրավիրողը կգա ու քեզ կասի. «Բարեկա՛մս, եկ ավելի լավ տեղ նստիր»: Եվ դու պատվի կարժանանաս մյուս բոլոր հյուրերի առաջ:+ 11 Ով բարձրացնում է իրեն, կխոնարհեցվի, իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի»:+
12 Հետո դիմելով իրեն հրավիրողին՝ Հիսուսն ասաց. «Երբ ճաշի կամ ընթրիքի սեղան ես գցում, մի՛ կանչիր ընկերներիդ, եղբայրներիդ, ազգականներիդ կամ հարուստ հարևաններիդ, որովհետև գուցե նրանք էլ քեզ հրավիրեն, և այդպիսով քո արածը կփոխհատուցվի: 13 Այլ երբ ճաշկերույթ ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, կաղերին, կույրերին և ուրիշ հաշմանդամների,+ 14 և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք քեզ փոխհատուցելու ոչինչ չունեն: Աստված էլ կվարձատրի քեզ արդարների հարության ժամանակ»:+
15 Դա լսելով՝ հյուրերից մեկն ասաց նրան. «Երանի՜ նրան, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ»:
16 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց+ ու շատերին հրավիրեց: 17 Երբ արդեն ընթրիքը սկսելու ժամն էր, նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, ամեն ինչ պատրաստ է»: 18 Սակայն բոլորն էլ սկսեցին պատրվակ բերել ու հրաժարվել:+ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գնել, պետք է գնամ տեսնեմ: Կներես, չեմ կարող գալ»: 19 Մյուսն ասաց. «Ես հինգ զույգ լծկան անասուն եմ գնել, գնում եմ աշխատեցնեմ, որ տեսնեմ՝ ոնցն են: Կներես, չեմ կարող գալ»:+ 20 Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ ամուսնացել, դրա համար չեմ կարող գալ»: 21 Ծառան եկավ ու նրանց ասածները հաղորդեց տիրոջը: Տանտերը բարկացավ ու ծառային ասաց. «Հենց հիմա գնա քաղաքի գլխավոր փողոցներն ու նրբանցքները և այստեղ բեր աղքատներին, կույրերին, կաղերին և մյուս հաշմանդամներին»: 22 Որոշ ժամանակ անց ծառան եկավ ու ասաց. «Տե՛ր, ինչ որ հրամայեցիր, արեցի, բայց դեռ տեղ կա»: 23 Տերն էլ ասաց ծառային. «Քաղաքից դուրս արի և ճանապարհներին ում որ տեսնես, համոզիր ու բեր այստեղ: Թող գան, որ տունս լցվի:+ 24 Ասում եմ ձեզ. այն առաջին հրավիրվածներից և ոչ մեկը չի ճաշակի իմ ընթրիքը»»:+
25 Հետո երբ Հիսուսը ճանապարհ ընկավ, նրա հետ մարդկանց մեծաթիվ խմբեր էին գնում: Նա շրջվեց ու ասաց նրանց. 26 «Ինձ մոտ եկողներից նա, ով չի սիրում ինձ առավել, քան իր հորն ու մորը,* կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին և իր իսկ կյանքը,+ նա չի կարող իմ աշակերտը լինել:+ 27 Ով չի ուզում տանել իր տանջանքի սյունը* և չի գալիս իմ հետևից, չի կարող իմ աշակերտը լինել:+ 28 Չէ՞ որ եթե ձեզանից որևէ մեկը ցանկանա աշտարակ կառուցել, նախ կնստի ու կհաշվի ծախսը, որ տեսնի՝ բավականաչափ միջոցներ ունի՞ ավարտին հասցնելու համար: 29 Այլապես հիմքը կգցի, բայց գուցե չկարողանա մինչև վերջ կառուցել, և բոլոր տեսնողները կսկսեն ծաղրել նրան 30 ու կասեն. «Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»: 31 Կամ ո՞ր մի թագավորը մեկ ուրիշ թագավորի դեմ պատերազմի գնալիս նախ չի նստի և իր խորհրդատուների հետ ծանրութեթև անի, թե իր 10 000-անոց զորքով կկարողանա՞ հակառակորդի 20 000-անոց զորքի դեմ դուրս գալ: 32 Եթե տեսնի, որ չի կարող, քանի դեռ հակառակորդը հեռու է, նա մի խումբ դեսպաններ կուղարկի և խաղաղության բանակցություններ կսկսի: 33 Այսպիսով հաստատ իմացեք. ով պատրաստ չէ հրաժարվել իր ողջ ունեցվածքից, չի կարող իմ աշակերտը լինել:+
34 Ինչ խոսք, աղը լավ բան է: Բայց եթե կորցնի իր համը, այլևս հնարավոր չի լինի վերականգնել այն:+ 35 Այդպիսի աղը ոչ մի բանի պիտանի չէ, անգամ պիտանի չէ հողին կամ գոմաղբին խառնելու համար:* Ուստի մարդիկ այն դուրս կթափեն: Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+