Գործեր
15 Հրեաստանից ոմանք եկան ու սկսեցին սովորեցնել եղբայրներին, որ եթե չթլփատվեն՝ համաձայն Մովսեսի օրենքի,+ չեն կարող փրկվել: 2 Պողոսն ու Բառնաբասը լուրջ տարաձայնություն ունեցան նրանց հետ, և նրանք շատ վիճեցին: Այդ պատճառով որոշում կայացվեց, որ Պողոսը, Բառնաբասը և մի քանի այլ եղբայրներ գնան Երուսաղեմ՝+ այս հարցը առաքյալներին ու երեցներին ներկայացնելու համար:
3 Ժողովը ճանապարհի մի մասը ուղեկցեց նրանց, ինչից հետո նրանք շարունակեցին իրենց ճանապարհը՝ անցնելով Փյունիկիայի և Սամարիայի միջով: Նրանք եղբայրներին մանրամասնորեն պատմում էին, որ այլազգի մարդիկ սկսել են պաշտել Աստծուն, և բոլորն անչափ ուրախանում էին: 4 Երբ հասան Երուսաղեմ, ժողովը, առաքյալներն ու երեցները գրկաբաց ընդունեցին նրանց, և նրանք պատմեցին այն բազմաթիվ բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով: 5 Սակայն հավատացյալ դարձածներից ոմանք, ովքեր փարիսեցիների աղանդից էին եղել, վեր կացան ու ասացին. «Հարկավոր է նրանց թլփատել և պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»:+
6 Առաքյալներն ու երեցները հավաքվեցին, որպեսզի քննեն այս հարցը: 7 Երկար ու թեժ քննարկումից հետո Պետրոսը վեր կացավ ու ասաց. «Եղբայրնե՛ր, դուք լավ գիտեք, որ Աստված սկզբում ինձ է ընտրել ձեր միջից, որպեսզի այլազգի մարդիկ իմ միջոցով բարի լուրը լսեն ու հավատան:+ 8 Աստված, ով գիտի սրտերը,+ փաստեց, որ ընդունում է նրանց՝ տալով սուրբ ոգին,+ ինչպես որ մեզ է տվել: 9 Եվ նա, ոչ մի խտրականություն չդնելով մեր ու նրանց միջև,+ նրանց սրտերը մաքրեց հավատով:+ 10 Ուրեմն հիմա ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ աշակերտների վրա բեռ* դնելով,+ որը ո՛չ մեր նախահայրերը կարողացան տանել, ո՛չ էլ մենք:+ 11 Չէ՞ որ մենք հավատում ենք, որ Տեր Հիսուսի անզուգական բարության շնորհիվ ենք փրկված,+ ինչպես և այդ մարդիկ»:+
12 Այս խոսքերից հետո բոլորը լռեցին: Նրանք սկսեցին լսել Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին այն բազմաթիվ զորավոր գործերի ու հրաշքների մասին, որ Աստված իրենց միջոցով արել էր այլազգիների մեջ: 13 Երբ նրանք ավարտեցին իրենց խոսքը, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ի՛նձ լսեք: 14 Շմավոնը*+ մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ ուշադրություն դարձրեց այլազգի մարդկանց, որպեսզի նրանց միջից մի ժողովուրդ հավաքի, որը կրելու է իր անունը:+ 15 Եվ սա ներդաշնակ է մարգարեների հետևյալ խոսքերին. 16 «Այս ամենից հետո ես կվերադառնամ ու նորից կբարձրացնեմ Դավթի ընկած վրանը,* կվերակառուցեմ դրա ավերակները և կվերականգնեմ այն, 17 որպեսզի նրանք, ովքեր մնացել են, ջանադրաբար ծառայեն* Եհովային* բոլոր ազգերից հավաքված ժողովրդի հետ, ժողովուրդ, որն իմ անունով է կոչվում,– ասում է Եհովան, ով անում է այս բաները,+ 18 որոնք վաղուց ի վեր որոշել էր»:+ 19 Հետևաբար, իմ կարծիքով, հարկ չկա նեղություն տալ այլազգի մարդկանց, որոնք ուզում են ծառայել Աստծուն,+ 20 այլ հարկ է գրել նրանց, որ հեռու մնան կռապաշտությանն առնչվող ցանկացած բանից,+ անբարոյականությունից,*+ խեղդված կենդանիների* մսից, ինչպես նաև հեռու մնան արյունից:+ 21 Չէ՞ որ վաղեմի ժամանակներից յուրաքանչյուր քաղաքում Մովսեսի խոսքերը քարոզվում են՝ ամեն Շաբաթ օր բարձրաձայն ընթերցվելով ժողովարաններում»:+
22 Այդ ժամանակ առաքյալներն ու երեցները ողջ ժողովի հետ որոշեցին իրենց միջից մարդիկ ընտրել և Պողոսի ու Բառնաբասի հետ ուղարկել Անտիոք: Նրանք էին Բարսաբա կոչվող Հուդան և Շիղան,+ որոնք ժողովում առաջնորդելու պատասխանատվություն ունեին: 23 Նրանց միջոցով այս նամակը ուղարկեցին, որում գրված էր.
«Ձեզ՝ Անտիոքում,+ Ասորիքում և Կիլիկիայում բնակվող եղբայրներիդ, ողջույններ են հղում առաքյալներն ու երեցները՝ ձեր եղբայրները: 24 Լսել ենք, որ այստեղի եղբայրներից ոմանք եկել ու իրենց խոսքերով ձեզ շփոթեցրել են՝+ փորձելով մոլորեցնել, թեև մենք ոչ մի հրահանգ չէինք տվել նրանց: 25 Այդ պատճառով միաձայն որոշում կայացրինք ընտրել երկու եղբոր և ձեզ մոտ ուղարկել մեր սիրելի Բառնաբասի ու Պողոսի հետ, 26 որոնք իրենց կյանքը վտանգել են հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան:+ 27 Ուղարկում ենք Հուդային ու Շիղային, որ իրենց խոսքով հաստատեն մեր գրածը:+ 28 Սուրբ ոգու օգնությամբ+ մենք եկանք այն եզրակացության, որ ավել բեռ չդնենք ձեզ վրա՝ բացի հետևյալ անհրաժեշտ բաներից. 29 հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից,+ արյունից,+ խեղդված կենդանիների* մսից+ և անբարոյականությունից:*+ Եթե այդպես վարվեք, ձեզ համար լավ կլինի: Ո՛ղջ եղեք»:
30 Այս եղբայրները գնացին Անտիոք, աշակերտներին մեկտեղ հավաքեցին և նամակը տվեցին նրանց: 31 Կարդալով այդ քաջալերական նամակը՝ նրանք ուրախացան: 32 Հուդան ու Շիղան շատ ելույթներով քաջալերեցին ու զորացրին եղբայրներին,+ քանի որ նույնպես մարգարեներ էին: 33 Նրանք որոշ ժամանակ մնացին այնտեղ: Հետո եղբայրները նրանց խաղաղություն մաղթեցին ու ճանապարհ դրեցին, և նրանք վերադարձան Երուսաղեմ: 34 ....* 35 Բայց Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում մնացին. նրանք ուսուցանում էին և շատ եղբայրների հետ հռչակում էին բարի լուրը՝ Եհովայի խոսքը:
36 Մի քանի օր անց Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի հիմա* վերադառնանք այն բոլոր քաղաքները, որտեղ Եհովայի խոսքը քարոզեցինք, որպեսզի այցելենք եղբայրներին ու տեսնենք, թե ինչպես են»:+ 37 Բառնաբասը որոշել էր իր հետ վերցնել Հովհաննեսին, որին Մարկոս էին կոչում:+ 38 Սակայն Պողոսը դեմ էր, որ նա իրենց հետ գա, քանի որ վերջինս Պամփյուլիայում հեռացել էր իրենցից և իրենց հետ չէր գնացել քարոզչական գործին մասնակցելու:+ 39 Այդ պատճառով բարկության ուժեղ պոռթկում եղավ, ու նրանք բաժանվեցին իրարից: Բառնաբասը+ իր հետ վերցրեց Մարկոսին ու նավով գնաց Կիպրոս, 40 իսկ Պողոսն ընտրեց Շիղային: Հետո եղբայրները աղոթեցին, որ Եհովան իր անզուգական բարությամբ հոգ տանի Պողոսի համար, և նա ճանապարհ ընկավ:+ 41 Պողոսը անցավ Ասորիքի ու Կիլիկիայի միջով՝ զորացնելով ժողովները: