Երեմիա
35 Հուդայի թագավորի՝ Հովսիայի որդի Հովակիմի+ օրոք Եհովան ասաց Երեմիային. 2 «Գնա Ռեքաբյանների+ մոտ, խոսիր նրանց հետ և նրանց բեր Եհովայի տան ճաշասենյակներից* մեկը ու գինի առաջարկիր»:
3 Ուստի հետս վերցրի Քաբասինիայի որդի Երեմիայի որդի Հեզոնիային, նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին, նաև բոլոր Ռեքաբյաններին 4 ու նրանց բերեցի Եհովայի տուն՝ Եգդոլիայի որդու՝ ճշմարիտ Աստծու մարդ Հանանի որդիների ճաշասենյակը, որը իշխանների ճաշասենյակի կողքին էր, որն էլ Սեղումի որդի դռնապան Մաասիայի ճաշասենյակի վերևում էր: 5 Ապա Ռեքաբյանների առջև գինով լի բաժակներ ու գավաթներ դրեցի և ասացի. «Գինի խմեք»:
6 Բայց նրանք պատասխանեցին. «Մենք գինի չենք խմի, որովհետև մեր նախահայր Ռեքաբի որդի Հովնադաբը+ պատվիրել է մեզ. «Դուք և ձեր որդիները երբեք գինի չխմեք: 7 Տուն չկառուցեք և սերմ չցանեք, խաղողի այգի չտնկեք կամ ձեռք չբերեք, այլ միշտ վրաններում կբնակվեք, որպեսզի երկար ապրեք այն երկրում, որտեղ պանդուխտ եք»: 8 Եվ մենք մինչ օրս հնազանդվում ենք Հովնադաբին՝ մեր նախահայր Ռեքաբի որդուն՝ կատարելով ամեն բան, որ նա պատվիրել է. մեզնից ոչ ոք երբևէ գինի չի խմում՝ ո՛չ մենք, ո՛չ մեր կանայք և ո՛չ էլ մեր որդիներն ու դուստրերը: 9 Մենք մեզ համար տներ չենք կառուցում և այգիներ, արտեր ու սերմեր չունենք: 10 Վրաններում ենք բնակվում և հնազանդվում ենք այն ամենին, ինչ մեր նախահայր Հովնադաբը պատվիրել է: 11 Բայց երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը դուրս եկավ պատերազմելու այս երկրի դեմ,+ մենք ասացինք. «Եկեք փախչենք քաղդեացիների ու ասորիների զորքերից և գնանք Երուսաղեմ»: Եվ հիմա մենք Երուսաղեմում ենք բնակվում»:
12 Եհովան ասաց Երեմիային. 13 «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Գնա և Հուդայի ժողովրդին ու Երուսաղեմի բնակիչներին ասա. «Մի՞թե ձեզ շարունակ հորդոր չէր տրվում հնազանդվել իմ խոսքերին,+– ասում է Եհովան:– 14 Ռեքաբի որդի Հովնադաբը իր սերունդներին պատվիրեց գինի չխմել, և նրանք մինչ օրս հնազանդվում են իրենց նախահոր հրահանգին և գինի չեն խմում:+ Իսկ ես նորից ու նորից հորդորում* էի ձեզ, մինչդեռ դուք չէիք հնազանդվում ինձ:+ 15 Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, նորից ու նորից էի ուղարկում* նրանց՝+ ասելով. «Խնդրում եմ, թողեք ձեր բռնած չար ուղին+ և ճիշտն արեք: Մի՛ պաշտեք ուրիշ աստվածների և մի՛ ծառայեք նրանց: Եթե այդպես վարվեք, կշարունակեք բնակվել այն երկրում, որը ձեզ ու ձեր նախահայրերին եմ տվել»:+ Բայց դուք չլսեցիք ինձ և ուշադրություն չդարձրիք ասածներիս: 16 Ռեքաբի որդի Հովնադաբի սերունդները պահում են իրենց նախահոր հրահանգը,+ բայց այս ժողովուրդը չի լսում ինձ»»:
17 Դրա համար սա է ասում Եհովան՝ Զորքերի Աստվածը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա ես բերելու եմ այն բոլոր աղետները, որոնց մասին նախազգուշացրել եմ,+ որովհետև ես խոսում էի, բայց նրանք չէին լսում, կանչում էի նրանց, բայց պատասխան չէին տալիս»»:+
18 Երեմիան ասաց Ռեքաբյաններին. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Քանի որ դուք հնազանդվում եք ձեր նախահայր Հովնադաբին՝ կատարում եք այն ամենը, ինչ նա պատվիրել է, և ամեն ինչ անում եք ճիշտ այնպես, ինչպես որ նա ասել է, 19 սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ռեքաբի որդի Հովնադաբի սերունդներից միշտ կլինի մեկը, ով կծառայի իմ առաջ»»»: