Ծննդոց
35 Դրանից հետո Աստված ասաց Հակոբին. «Վեր կաց, գնա Բեթել+ ու այնտեղ բնակվիր: Այդ վայրում զոհասեղան շինիր ինձ համար՝ ճշմարիտ Աստծու, որ երևաց քեզ, երբ փախչում էիր քո եղբայր Եսավից»:+
2 Այդ ժամանակ Հակոբն ասաց իր տնեցիներին ու բոլոր նրանց, ովքեր իր հետ էին. «Հեռացրե՛ք ձեր ունեցած օտար աստվածները,+ մաքրվե՛ք ու փոխե՛ք ձեր հագուստները: 3 Եկեք ճանապարհ ընկնենք ու գնանք Բեթել: Այնտեղ ես զոհասեղան կշինեմ ճշմարիտ Աստծու համար, ով պատասխանել է աղաչանքներիս իմ նեղության ժամանակ, ով ինձ հետ է եղել, ուր էլ որ գնացել եմ»:*+ 4 Նրանք Հակոբին տվեցին իրենց ունեցած օտար աստվածներն ու ականջօղերը,* և նա թաղեց* դրանք այն մեծ ծառի տակ, որը Սյուքեմի մոտ էր:
5 Երբ նրանք ճանապարհ ընկան, Աստված սարսափ տարածեց նրանց շուրջը գտնվող քաղաքներում, այնպես որ դրանց բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին: 6 Վերջապես Հակոբը և բոլոր նրանք, որ իր հետ էին, հասան Լուզ,+ այսինքն՝ Բեթել, որը Քանանում է: 7 Այնտեղ նա զոհասեղան շինեց և այդ վայրը Էլ-Բեթել* կոչեց, քանի որ այնտեղ ճշմարիտ Աստված հայտնվել էր իրեն, երբ նա փախել էր իր եղբորից:+ 8 Որոշ ժամանակ անց Դեբորան՝+ Ռեբեկայի դայակը,* մահացավ, ու նրան թաղեցին մի կաղնու տակ՝ այն բլրի ստորոտում, որի վրա Բեթելն էր: Ուստի Հակոբը այդ ծառի անունը Ալոն-Բախութ* դրեց:
9 Հակոբի այս ճամփորդության ժամանակ, որը նա սկսել էր Փադան-Արամից, Աստված կրկին հայտնվեց նրան և օրհնեց: 10 Աստված ասաց. «Քո անունը Հակոբ+ է, բայց այլևս Հակոբ չի լինի, այլ Իսրայել»: Եվ սկսեց նրան Իսրայել+ կոչել: 11 Հետո ասաց նրան. «Ես Ամենակարող Աստվածն+ եմ: Ես այնպես կանեմ, որ շատ սերունդներ ունենաս: Դու մեծաթիվ ժողովրդի հայր կդառնաս,*+ և թագավորներ կսերեն քեզանից:*+ 12 Իսկ ինչ վերաբերում է այն երկրին, որը ես տվել եմ Աբրահամին ու Իսահակին, այն քեզ եմ տալու և քեզնից հետո եկող սերունդներիդ»:+ 13 Դրանից հետո Աստված հեռացավ նրա մոտից՝ այն վայրից, որտեղ խոսել էր նրա հետ:
14 Ապա Հակոբը մի քարե հուշասյուն կանգնեցրեց այդ վայրում, որտեղ Աստված խոսել էր իր հետ, ու դրա վրա ըմպելիք լցրեց որպես ընծա, նաև յուղ:+ 15 Այդ վայրը, որտեղ Աստված խոսել էր իր հետ, Հակոբը շարունակեց Բեթել+ կոչել:
16 Հետո Հակոբը և բոլոր նրանք, որ իր հետ էին, հեռացան Բեթելից: Երբ Եփրաթայից որոշ հեռավորության վրա էին, Ռաքելի ցավերը բռնեցին. նրա ծննդաբերությունը շատ ծանր էր: 17 Երբ նրա ցավերը անասելի սաստկացան, մանկաբարձուհին ասաց նրան. «Մի՛ վախեցիր, այս որդուն էլ կունենաս»:+ 18 Երբ Ռաքելի կյանքն արդեն մարում էր՝ երբ նա մահանում էր, իր որդու անունը Բենոնի* դրեց, սակայն հայրը նրան Բենիամին*+ կոչեց: 19 Ռաքելը մահացավ, և նրան թաղեցին Եփրաթայի, այսինքն՝ Բեթլեհեմի+ ճանապարհին: 20 Հակոբը մի սյուն կանգնեցրեց նրա գերեզմանի վրա, և մինչ օրս դա Ռաքելի գերեզմանի սյունն է:
21 Այնուհետև Իսրայելը ճանապարհ ընկավ ու իր վրանը կանգնեցրեց Եդերի աշտարակից ոչ հեռու: 22 Երբ Իսրայելը դեռ այդ երկրում էր բնակվում, Ռուբենը գնաց ու հարաբերություն ունեցավ իր հոր հարճի՝ Բալլայի հետ, և Իսրայելը լսեց այդ մասին:+
Այսպիսով՝ Հակոբի որդիները 12-ն էին: 23 Լիայից ծնված որդիներն էին Ռուբենը՝+ Հակոբի առաջնեկը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարն ու Զաբուղոնը: 24 Ռաքելից ծնված որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը: 25 Ռաքելի աղախին Բալլայից ծնված որդիներն էին Դանն ու Նեփթաղիմը: 26 Իսկ Լիայի աղախին Զելփայից ծնված որդիներն էին Գադն ու Ասերը: Սրանք էին Հակոբի որդիները, որոնց նա ունեցել էր Փադան-Արամում:
27 Ի վերջո Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե՝+ Կարիաթ-Արբայի, այսինքն՝ Քեբրոնի տարածք, որտեղ Աբրահամն ու Իսահակը ապրել էին որպես պանդուխտ:+ 28 Ընդհանուր հաշվով Իսահակն ապրեց 180 տարի:+ 29 Վերջին շունչը տալով՝ նա մահացավ: Երկար ու գոհացուցիչ կյանք ապրած՝* նա միացավ իր նախահայրերին,* և որդիները՝ Եսավն ու Հակոբը, թաղեցին նրան:+