Ղևտական
13 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Եթե մարդու մաշկի վրա այտուց, կեղևակալում կամ հետք առաջանա, որը կարող է վերածվել բորոտության,*+ ապա այդ մարդը պետք է տարվի Ահարոն քահանայի կամ ուրիշ քահանայի՝ նրա որդիներից որևէ մեկի մոտ:+ 3 Քահանան կզննի մաշկի ախտահարված մասը: Եթե վրայի մազերը սպիտակել են, և ախտահարումը մաշկի մեջ խորացած է երևում, ապա դա բորոտություն է: Քահանան կզննի այն ու նրան անմաքուր կհայտարարի: 4 Սակայն եթե գունաթափված հետքը սպիտակ է, ախտահարումը մաշկի մեջ խորացած չի երևում, և վրայի մազերն էլ չեն սպիտակել, քահանան յոթ օրով կմեկուսացնի ախտակիր մարդուն:+ 5 Յոթերորդ օրը քահանան կզննի նրան և եթե տեսնի, որ հետքն անփոփոխ է մնացել ու չի տարածվել մաշկի վրա, ապա նրան կմեկուսացնի ևս յոթ օրով:
6 Յոթերորդ օրը քահանան դարձյալ պետք է զննի նրան, ու եթե ախտահարված մասի գույնը սկսել է վերականգնվել, և ախտը չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան մաքուր կհայտարարի նրան:+ Դա անվտանգ ախտահարում է: Նա պետք է լվանա իր հագուստները և դրանից հետո մաքուր կլինի: 7 Սակայն եթե նա քահանային ներկայանա և մաքուր հայտարարվի, բայց հետո ախտահարումը ակնհայտորեն տարածվի մաշկի վրա, ապա նա կրկին պետք է ներկայանա քահանային: 8 Քահանան կզննի մաշկը և, եթե ախտահարումը տարածվել է, այդ մարդուն անմաքուր կհայտարարի: Դա բորոտություն է:+
9 Եթե մարդու վրա բորոտության ախտանիշ հայտնվի, ապա նա պետք է տարվի քահանայի մոտ: 10 Քահանան կզննի նրան,+ և եթե մաշկի վրա սպիտակավուն այտուց կա, վրայի մազերը սպիտակել են, և այտուցված հատվածում բաց վերք կա,+ 11 ապա դա քրոնիկ բորոտություն է նրա մաշկի վրա. քահանան նրան անմաքուր կհայտարարի: Կարիք չկա նրան մեկուսացնել+ հետագա զննության համար. նա անմաքուր է: 12 Իսկ եթե բորոտությունը տարածվել է ամբողջ մաշկի վրա, ու մարդը ոտքից գլուխ ախտահարված է (որքանով որ քահանան կարող է տեսնել), 13 և քահանան նրան զննի ու տեսնի, որ բորոտությունը ծածկել է նրա ամբողջ մարմինը, ախտահարված մաշկն էլ արդեն սպիտակել է, ապա հիվանդին մաքուր կհայտարարի. նա վարակիչ չէ:* 14 Բայց երբ մաշկի վրա բաց վերք առաջանա, նա անմաքուր կլինի: 15 Բաց վերքը տեսնելով՝ քահանան մարդուն անմաքուր կհայտարարի:+ Այդպիսի վերքն անմաքուր է դարձնում նրան: Դա բորոտություն է:+ 16 Իսկ եթե բաց վերքը նորից սպիտակի, մարդը պետք է գա քահանայի մոտ: 17 Քահանան կզննի հիվանդին+ ու տեսնելով, որ ախտահարված մասը սպիտակել է՝ նրան մաքուր կհայտարարի: Նա մաքուր է:
18 Եթե որևէ մեկի մաշկի վրա թարախապալար առաջանա և հետո բուժվի, 19 բայց դրա տեղը սպիտակավուն այտուց կամ կարմրասպիտակավուն հետք առաջանա, ապա նա պետք է ներկայանա քահանային: 20 Քահանան կզննի այդ մասը,+ ու եթե ախտահարումը մաշկի մեջ խորացած է երևում, ու վրայի մազերը սպիտակել են, ապա նրան անմաքուր կհայտարարի: Դա թարախապալարի տեղում առաջացած բորոտություն է: 21 Սակայն եթե քահանան զննի հետքը ու տեսնի, որ վրան սպիտակ մազեր չկան, այն մաշկի մեջ խորացած չէ, և գույնը բավականին վերականգնվել է, ապա յոթ օրով կմեկուսացնի նրան:+ 22 Եթե այն ակնհայտորեն տարածվի մաշկի վրա, ապա քահանան անմաքուր կհայտարարի այդ մարդուն: Դա բորոտություն է: 23 Սակայն եթե հետքը չտարածվի, ապա դա թարախապալարից մնացած բորբոքում է: Քահանան նրան մաքուր կհայտարարի:+
24 Եթե որևէ մեկը այրվածք ստանա, այնպես որ միսը երևա, ու այդ վերքը կարմրասպիտակավուն կամ սպիտակավուն դառնա, 25 քահանան պետք է զննի այն: Եթե այդ հատվածի մազերը սպիտակել են, և այն մաշկի մեջ խորացած է երևում, ապա դա վերքի հատվածում առաջացած բորոտություն է: Քահանան նրան անմաքուր կհայտարարի: Դա բորոտություն է: 26 Սակայն եթե քահանան, զննելով գունափոխված մասը, տեսնի, որ դրա վրա սպիտակ մազեր չկան, այն մաշկի մեջ խորացած չէ, և գույնը բավականին վերականգնվել է, ապա յոթ օրով կմեկուսացնի այդ մարդուն:+ 27 Յոթերորդ օրը քահանան կզննի նրան: Եթե ախտահարումը ակնհայտորեն տարածվել է մաշկի վրա, ապա քահանան նրան անմաքուր կհայտարարի: Դա բորոտություն է: 28 Սակայն եթե ախտահարումը չի տարածվել մաշկի վրա, և գույնը բավականին վերականգնվել է, ապա դա պարզապես վերքի հատվածի այտուցվածություն է: Քահանան այդ մարդուն մաքուր կհայտարարի, քանի որ դա վերքի բորբոքում է:
29 Եթե որևէ տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրա մաշկային խնդիր առաջանա, 30 քահանան կզննի ախտահարված մասը,+ ու եթե ախտահարումը մաշկի մեջ խորացած է երևում, այդ մասում մազերը դեղին են ու նոսր, ապա այդ մարդուն անմաքուր կհայտարարի: Դա գլխի կամ դեմքի մաշկի հիվանդություն է՝ գլխի կամ կզակի բորոտություն: 31 Բայց եթե քահանան տեսնի, որ ախտահարումը մաշկի մեջ խորացած չի երևում, սակայն այդ հատվածում սև մազեր չկան, ապա յոթ օրով կմեկուսացնի հիվանդին:+ 32 Յոթերորդ օրը քահանան կզննի ախտահարված մասը, ու եթե ախտահարումը չի տարածվել, այդ հատվածում դեղին մազեր չկան, և ախտահարումը մաշկի մեջ խորացած չի երևում, 33 ապա մարդը պետք է սափրվի, բայց ախտահարված մասը չպետք է սափրի: Քահանան ևս յոթ օրով կմեկուսացնի նրան:
34 Յոթերորդ օրը քահանան պետք է նորից զննի ախտահարված մասը, և եթե այն գլխի կամ դեմքի մաշկի վրա չի տարածվել ու մաշկի մեջ խորացած չի երևում, ապա քահանան նրան մաքուր կհայտարարի: Նա պետք է լվանա իր հագուստները և դրանից հետո մաքուր կլինի: 35 Բայց եթե մաքուր հայտարարվի, ու հետո ախտահարումը ակնհայտորեն տարածվի մաշկի վրա, 36 քահանան պետք է զննի նրան ու, եթե ախտահարումը տարածվել է մաշկի վրա, չպետք է շարունակի զննել տեսնելու համար՝ դեղին մազեր կան, թե ոչ. այդ մարդն անմաքուր է: 37 Բայց եթե զննության արդյունքում պարզ դառնա, որ ախտահարումը չի տարածվել, և այդ հատվածում սև մազեր են աճել, ապա այդ մարդը բուժվել է: Նա մաքուր է, և քահանան նրան մաքուր կհայտարարի:+
38 Եթե որևէ տղամարդու կամ կնոջ մաշկի վրա սպիտակ հետքեր առաջանան, 39 ապա քահանան պետք է զննի դրանք:+ Եթե մաշկի վրայի հետքերը խամրած սպիտակ լինեն, ապա դա անվտանգ ցան է: Այդ մարդը մաքուր է:
40 Եթե տղամարդու գլխի մազերը թափվեն, ու նա ճաղատանա, այդ մարդը մաքուր է: 41 Եթե նրա գլխի առջևի մասի մազերը թափվեն, և այդ հատվածը ճաղատանա, նա մաքուր է: 42 Բայց եթե նրա գլխի ճաղատացած հատվածի կամ ճակատի վրա կարմրասպիտակավուն վերք առաջանա, ապա դա ճաղատացած մասում առաջացած բորոտություն է: 43 Քահանան պետք է զննի նրան, ու եթե նրա գլխի ճաղատացած հատվածի կամ ճակատի վրայի այտուցված վերքը կարմրասպիտակավուն է և նման է մարմնի մաշկի վրայի բորոտության, 44 ապա այդ մարդը բորոտ է: Նա անմաքուր է: Քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի նրա գլխամաշկի հիվանդության պատճառով: 45 Բորոտ մարդու հագուստը պետք է պատառոտված լինի, մազերը՝ չխնամված: Նա պետք է ծածկի իր բերանը* ու բղավի. «Անմաքո՜ւր, անմաքո՜ւր»: 46 Հիվանդության ողջ ընթացքում նա անմաքուր կլինի: Եվ քանի որ անմաքուր է, պետք է մեկուսացած ապրի: Նրա բնակության տեղը պետք է ճամբարից դուրս լինի:+
47 Եթե բորոտության* նշան հայտնվի բրդյա կամ վուշե* հագուստի վրա, 48 բրդյա կամ վուշե գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի* վրա, կաշվի կամ կաշվից պատրաստված որևէ իրի վրա, 49 այսինքն՝ եթե այդ հագուստի, կաշվի, գործվածքի հենքաթելերի և միջնաթելերի վրա կամ կաշվից պատրաստված իրի վրա դեղնականաչավուն կամ կարմրավուն հետք առաջանա, ապա այդ իրը ախտահարված է բորոտությամբ: Այն հարկավոր է ցույց տալ քահանային: 50 Քահանան կզննի ախտահարված իրը և յոթ օր այն առանձին տեղ կպահի:+ 51 Յոթերորդ օրը, երբ նա զննի ախտահարված իրը ու տեսնի, որ ախտը տարածվել է հագուստի, գործվածքի հենքաթելերի և միջնաթելերի կամ կաշվի վրա (անկախ նրանից, թե ինչի համար է կաշին օգտագործվում), ապա դա վարակիչ բորոտություն է: Այդ իրը անմաքուր է:+ 52 Նա պետք է այրի այդ ախտահարված իրը՝ լինի դա հագուստ, բրդյա կամ վուշե գործվածք կամ ցանկացած կաշվե իր, քանի որ դա վարակիչ բորոտություն է: Այդ իրը հարկավոր է այրել:
53 Բայց եթե քահանան զննի ախտահարված իրը ու տեսնի, որ ախտը չի տարածվել հագուստի, գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի կամ կաշվից պատրաստված իրի վրա, 54 ապա պետք է պատվիրի լվանալ ախտահարված իրը ու ևս յոթ օր առանձին պահի այն: 55 Եթե այդ իրը լավ լվանալուց հետո յոթ օր անց քահանան զննի ու տեսնի, որ հետքի տեսքը չի փոխվել, ապա թեև ախտը չի տարածվել, միևնույն է, այդ իրն անմաքուր է: Այն հարկավոր է այրել, քանի որ ախտը ներսից կամ դրսից քայքայել է այն:
56 Սակայն եթե քահանան զննի ու տեսնի, որ լավ լվանալուց հետո հետքը խամրել է, ապա հագուստի, կաշվի կամ գործվածքի վրայից պետք է կտրի ախտահարված մասը: 57 Բայց եթե այդ հետքը կրկին հայտնվի հագուստի, գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի կամ կաշվե իրի վրա, ապա ախտը տարածվում է: Այդ իրը հարկավոր է այրել:+ 58 Իսկ եթե լվանալուց հետո հագուստի, գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի կամ կաշվե իրի վրայից հետքը վերանա, ապա այն պետք է երկրորդ անգամ լվացվի ու հետո մաքուր կլինի:
59 Սա է բրդյա կամ վուշե հագուստի, գործվածքի հենքաթելերի կամ միջնաթելերի կամ կաշվե որևէ իրի վրա հայտնվող բորոտության մասին օրենքը, որպեսզի քահանան իմանա, թե որ դեպքում այդ իրերը մաքուր կամ անմաքուր հայտարարի»: