Գործեր
3 Մի անգամ Պետրոսն ու Հովհաննեսը աղոթքի ժամին՝ մոտավորապես երեքին,* գնում էին տաճար: 2 Այդ ժամանակ մի մարդու բերեցին, որն ի ծնե կաղ էր: Ամեն օր նրան թողնում էին տաճարի այն դարպասի մոտ, որը Գեղեցիկ էր կոչվում, որպեսզի տաճար մտնողներից ողորմություն խնդրի: 3 Երբ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք ուզում էին տաճար մտնել, սկսեց ողորմություն խնդրել նրանցից: 4 Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նայեցին նրան, ու Պետրոսն ասաց. «Մե՛զ նայիր»: 5 Նա էլ իր հայացքը հառեց նրանց՝ ակնկալելով, որ ինչ-որ բան կտան: 6 Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, այն եմ տալիս. նազարեթցի Հիսուս Քրիստոսի անունով վե՛ր կաց ու քայլի՛ր»:+ 7 Ապա բռնեց նրա աջ ձեռքն ու բարձրացրեց նրան:+ Հենց այդ պահին նրա ոտքերն ամրացան,+ 8 և նա ցատկելով կանգնեց+ ու սկսեց քայլել: Հետո նրանց հետ տաճար մտավ՝ քայլելով, թռչկոտելով ու Աստծուն գովաբանելով: 9 Բոլորը տեսան, որ նա քայլում է ու գովաբանում Աստծուն, 10 և ճանաչեցին, որ նա տաճարի՝ Գեղեցիկ կոչվող դարպասի մոտ նստող մուրացկանն էր:+ Նրանք շատ զարմացան ու ապշեցին տեղի ունեցածի պատճառով:
11 Այս մարդը Պետրոսին ու Հովհաննեսին բաց չէր թողնում: Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը ապշահար վազեց նրանց մոտ՝ դեպի Սողոմոնի սյունասրահ կոչվող վայրը:+ 12 Սա տեսնելով՝ Պետրոսը ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, ինչո՞ւ եք զարմանում և այնպես նայում մեզ, ասես մեր իսկ զորության կամ Աստծու հանդեպ մեր նվիրվածության շնորհիվ նա քայլեց: 13 Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝+ մեր նախահայրերի Աստվածը, փառավորեց իր Ծառային՝+ Հիսուսին,+ որին դուք մահվան մատնեցիք+ և ուրացաք Պիղատոսի առաջ, չնայած որ վերջինս որոշել էր ազատ արձակել նրան: 14 Այո՛, դուք ուրացաք նրան, ով սուրբ էր ու արդար, և խնդրեցիք, որ ազատ արձակվի մի մարդասպան:+ 15 Դուք սպանեցիք կյանք պարգևող գլխավոր Առաջնորդին,+ բայց Աստված հարություն տվեց նրան, ինչի վկաներն ենք մենք:+ 16 Հիսուսի անվան ու դրա հանդեպ մեր հավատի շնորհիվ է, որ այս մարդու ոտքերն ամրացան: Հիսուսի հանդեպ մեր հավատի շնորհի՛վ այս մարդը, որին դուք տեսնում ու ճանաչում եք, առողջացավ ձեր աչքի առաջ: 17 Եղբայրնե՛ր, գիտեմ, որ դուք անգիտությամբ վարվեցիք,+ ինչպես և ձեր առաջնորդները:+ 18 Բայց այդպիսով Աստված կատարեց այն, ինչ նախօրոք իր բոլոր մարգարեների միջոցով հայտնել էր. իր Քրիստոսը պետք է չարչարվեր:+
19 Ուրեմն զղջացե՛ք+ և դարձի՛ եկեք,+ որ ձեր մեղքերը ջնջվեն,+ որ Եհովան* թարմություն* տա ձեզ 20 և ուղարկի ձեզ համար նշանակված Քրիստոսին՝ Հիսուսին: 21 Նա պետք է մնա երկնքում, մինչև որ գան բոլոր բաների վերականգնման ժամանակները, ինչի մասին Աստված ասել է հնում ապրած իր սուրբ մարգարեների միջոցով: 22 Մովսեսն ասել է. «Ձեր Աստված Եհովան ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ:+ Դուք պետք է լսեք նրան, ինչ էլ որ ասի ձեզ:+ 23 Եվ յուրաքանչյուր ոք,* ով չլսի այդ Մարգարեին, կբնաջնջվի Աստծու ժողովրդի միջից»:+ 24 Բոլոր մարգարեները, սկսած Սամուելից, նույնպես հստակ կերպով հայտնել են այս օրերի մասին:+ 25 Դուք մարգարեների որդիներն եք և ժառանգները այն ուխտի,* որն Աստված կապեց ձեր նախահայրերի հետ,+ երբ Աբրահամին ասաց. «Քո սերնդի միջոցով երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն»:+ 26 Աստված իր Ծառային նախ ձեզ մոտ ուղարկեց,+ որպեսզի օրհնի ձեզ՝ օգնելով ամեն մեկիդ վերջ տալ ձեր չար գործերին»: