1 Տիմոթեոս
1 Ես՝ Պողոսս, որ առաքյալ եմ նշանակվել մեր Փրկչի՝ Աստծու և մեր հույսի+ հիմք Քրիստոս Հիսուսի հրամանով, 2 գրում եմ Տիմոթեոսին՝*+ հավատի մեջ իմ հարազատ զավակին:+
Թող Աստված՝ Հայրը, և մեր Տեր Քրիստոս Հիսուսը անզուգական բարություն ու գթասրտություն դրսևորեն քո հանդեպ և խաղաղություն տան քեզ:
3 Երբ պատրաստվում էի ուղևորվել Մակեդոնիա, քեզ հորդորեցի մնալ Եփեսոսում: Հիմա էլ եմ հորդորում, որ մնաս ու պատվիրես ոմանց, որ ուրիշ ուսմունք չսովորեցնեն, 4 ուշադրություն չդարձնեն հորինված պատմություններին+ ու չտարվեն տոհմաբանություններով: Այդպիսի բաները ոչ մի օգուտ չեն բերում,+ միայն անհիմն ենթադրությունների տեղիք են տալիս և ոչ մի կապ չունեն այն ամենի հետ, ինչ Աստված տալիս է մեր հավատն ամրացնելու համար: 5 Այս պատվերը նրա համար է, որ բոլորը դրսևորեն սեր,+ որը բխում է մաքուր սրտից, մաքուր խղճից և կեղծավորությունից զերծ հավատից:+ 6 Այս ամենը թողած՝ ոմանք տարվել են դատարկ զրույցներով:+ 7 Նրանք ուզում են լինել օրենքի ուսուցիչներ,+ բայց ո՛չ հասկանում են, թե ինչ են խոսում, ո՛չ էլ գլուխ են հանում այն ամենից, ինչն այդպես համառորեն պնդում են:
8 Ինչ խոսք, մենք գիտենք, որ Օրենքը լավ է, եթե այն ճիշտ* է գործադրվում: 9 Չէ՞ որ օրենքները սահմանված են ոչ թե արդար մարդու համար, այլ օրինազանցների+ ու ըմբոստների, Աստծուն արհամարհողների ու մեղսագործների, անհավատարիմների* ու սրբապիղծների, ծնողասպանների ու մարդասպանների, 10 անբարոյականների,* համասեռամոլների,* առևանգիչների, ստախոսների, սուտ երդում տվողների և մյուս բոլորի համար, ովքեր ճիշտ* ուսմունքին հակառակ բաներ են անում:+ 11 Այդ ուսմունքը ներդաշնակ է երջանիկ Աստծու փառավոր բարի լուրին, որը նա վստահեց ինձ:+
12 Երախտապարտ եմ մեր Տեր Քրիստոս Հիսուսին՝ ինձ զորություն տվողին, որ նա, ինձ հավատարիմ համարելով, ծառայության նշանակեց,+ 13 թեև նախկինում ես աստվածանարգ, հալածող ու հանդուգն մարդ էի:+ Բայց իմ հանդեպ գթասրտություն ցուցաբերվեց, քանի որ իմ անգիտության և անհավատության պատճառով էի այդպես վարվում: 14 Մեր Տերը առատորեն անզուգական բարություն* ցուցաբերեց իմ հանդեպ, և ես Քրիստոս Հիսուսի շնորհիվ ձեռք բերեցի հավատ ու սեր: 15 Եվ այն, ինչ հիմա կասեմ, ճշմարիտ է ու արժանի լիակատար վստահության. Քրիստոս Հիսուսը եկավ աշխարհ՝ մեղավորներին փրկելու:+ Այդ մեղավորների մեջ առաջինը ես եմ:+ 16 Այդուհանդերձ, իմ հանդեպ գթասրտություն ցուցաբերվեց, որպեսզի իմ՝ վատթարագույն մեղավորիս օրինակով Քրիստոս Հիսուսը ցույց տա, թե որքան մեծ է իր համբերատարությունը, և իմ օրինակով օգնի մյուսներին, ովքեր իր հանդեպ հավատ կդրսևորեն, որ հավիտենական կյանք ստանան:+
17 Թող հավիտենության Թագավորին՝+ անմահ,+ անտեսանելի+ և միակ Աստծուն,+ փառք ու պատիվ տրվի հավիտյանս հավիտենից: Ամեն:
18 Տիմոթեո՛ս, զավա՛կս, իմ տված այս պատվերը ներդաշնակ է քո մասին արված մարգարեական կանխատեսումներին: Դրանց համաձայն վարվելով՝ դու կկարողանաս շարունակել վեհ նպատակով մղվող պատերազմդ՝+ 19 պահպանելով քո հավատն ու մաքուր խիղճը,+ ինչից ոմանք հրաժարվեցին, և արդյունքում նրանց հավատը նավաբեկության ենթարկվեց: 20 Այդպիսիներից են Հիմենեոսն+ ու Ալեքսանդրոսը: Ես նրանց Սատանային հանձնեցի,*+ որ խրատվեն և սովորեն չանարգել Աստծուն: