Գործեր
22 «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, այժմ լսեք, թե ինչ եմ ասում ձեզ ի պաշտպանություն ինձ»:+ 2 Երբ հավաքվածները լսեցին, որ Պողոսը եբրայերենով է իրենց դիմում, կատարյալ լռություն տիրեց: Եվ նա ասաց. 3 «Ես հրեա եմ,+ ծնվել եմ Կիլիկիայի Տարսոն քաղաքում,+ իսկ կրթությունս ստացել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի մոտ:+ Ինձ սովորեցրել են խստորեն պահել մեր նախահայրերի Օրենքը,+ և ես նախանձախնդրորեն ծառայել եմ Աստծուն, ինչպես և դուք:+ 4 Ես հալածում, բանտարկում ու մահվան էի մատնում այս Ճանապարհով* գնացողներին՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց:+ 5 Դա կարող են հաստատել քահանայապետն ու երեցների ողջ խորհուրդը: Նրանցից նույնիսկ նամակներ եմ ստացել՝ ուղղված Դամասկոսի եղբայրներին,* որ գնայի այնտեղ և ձերբակալեի այդ Ճանապարհով գնացողներին ու բերեի Երուսաղեմ, որ պատժվեին:
6 Բայց երբ մոտենում էի Դամասկոսին, կեսօրին մոտ հանկարծ երկնքից մի ուժեղ լույս փայլատակեց ինձ վրա:+ 7 Ես գետին ընկա ու մի ձայն լսեցի. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»: 8 Ես հարցրի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»: Նա էլ պատասխանեց. «Ես նազարեթցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես»: 9 Ինձ հետ եղող մարդիկ տեսնում էին լույսը, բայց ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում: 10 Եվ ես հարցրի. «Ի՞նչ անեմ, Տե՛ր»: Տերը պատասխանեց. «Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի, թե ինչ է որոշված, որ անես»:+ 11 Բայց քանի որ վառ լույսի պատճառով ես ոչինչ չէի տեսնում, ինձ հետ եղողները, ձեռքիցս բռնած, ուղեկցեցին ինձ Դամասկոս:
12 Այնտեղ Անանիա անունով մի աստվածավախ մարդ կար: Նա պահում էր Օրենքը, և նրա մասին Դամասկոսի բոլոր հրեաները լավն էին խոսում: 13 Նա եկավ ինձ մոտ, կանգնեց կողքիս ու ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, թող քո տեսողությունը վերականգնվի»: Եվ հենց այդ պահին տեսողությունս վերականգնվեց, ու տեսա նրան:+ 14 Նա ասաց. «Մեր նախահայրերի Աստվածը ընտրել է քեզ, որ իմանաս, թե որն է նրա կամքը, տեսնես Արդարին+ ու լսես նրա ձայնը, 15 որովհետև նրա մասին բոլոր մարդկանց առաջ պետք է վկայություն տաս՝ պատմելով այն ամենը, ինչ տեսար ու լսեցիր:+ 16 Հիմա ինչո՞ւ ես հապաղում: Վեր կաց, մկրտվիր ու մաքրվիր մեղքերիցդ՝+ նրա անունը կանչելով»:+
17 Երբ ես վերադարձա Երուսաղեմ+ և տաճարում աղոթում էի, տեսիլք տեսա, 18 որում Տերն ասաց ինձ. «Շտապի՛ր և շուտ դո՛ւրս արի Երուսաղեմից, որովհետև նրանք չեն ընդունի իմ մասին քո վկայությունը»:+ 19 Ես ասացի. «Տե՛ր, նրանք լավ գիտեն, որ քեզ հավատացողներին ես բանտարկում ու ժողովարաններում ծեծում էի:+ 20 Երբ քո վկա Ստեփանոսի արյունը թափվում էր, ես այնտեղ կանգնած էի և հավանություն էի տալիս դրան ու նրան սպանողների վերնահագուստներն էի հսկում»:+ 21 Բայց նա ասաց ինձ. «Գնա՛, ես քեզ ուղարկելու եմ հեռավոր վայրերում ապրող ազգերի մոտ»»:+
22 Մինչև այդ պահը հավաքվածները լսում էին Պողոսին, բայց հետո սկսեցին բղավել. «Թող այս մարդը վերանա՛ երկրի երեսից, որովհետև արժանի չէ ապրելու»: 23 Նրանք աղաղակում էին, այս ու այն կողմ էին նետում իրենց վերնահագուստները և օդի մեջ փոշի էին շաղ տալիս:+ 24 Ուստի զորապետը հրամայեց, որ Պողոսին զորանոց բերեն և խարազանելով հարցաքննեն, որպեսզի ստույգ իմանա, թե ինչու է ամբոխը նրա մահը պահանջում: 25 Բայց երբ նրան կապեցին, որ խարազանեն, Պողոսը այնտեղ կանգնած հարյուրապետին ասաց. «Օրենքով թույլատրելի՞ է առանց դատ անելու խարազանել հռոմեացուն»:*+ 26 Սա լսելով՝ հարյուրապետը գնաց զորապետի մոտ ու ասաց նրան. «Այս մարդը հռոմեացի է: Ի՞նչ ես անելու»: 27 Ուստի զորապետը մոտեցավ Պողոսին ու հարցրեց. «Ասա ինձ, դու հռոմեացի՞ ես»: Նա պատասխանեց. «Այո՛»: 28 Զորապետն ասաց. «Ես մեծ գումարով եմ ձեռք բերել այս քաղաքացիությունը»: Պողոսն էլ ասաց. «Իսկ ես ծնված օրվանից ունեմ այն»:+
29 Այն մարդիկ, ովքեր պատրաստվում էին նրան տանջելով հարցաքննել, անմիջապես հետ քաշվեցին նրանից, իսկ զորապետը վախեցավ, որ հռոմեացու է շղթայել:+
30 Հաջորդ օրը, ցանկանալով պարզել, թե ինչու են հրեաները մեղադրում Պողոսին, զորապետը ազատ արձակեց նրան և հրամայեց, որ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը հավաքվեն: Ապա Պողոսին բերեց ու կանգնեցրեց նրանց առաջ:+