Գործեր
18 Այս ամենից հետո Պողոսը հեռացավ Աթենքից ու գնաց Կորնթոս: 2 Այնտեղ նա հանդիպեց Ակյուղաս անունով մի հրեայի,+ որը ծագումով պոնտացի էր: Նա իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ վերջերս էր եկել Իտալիայից, որովհետև Կլավդիոսը բոլոր հրեաներին հրամայել էր լքել Հռոմը: Ուստի Պողոսը գնաց նրանց մոտ, 3 և քանի որ միևնույն արհեստն ունեին՝ վրանագործությամբ էին զբաղվում, մնաց նրանց տանը ու սկսեց նրանց հետ աշխատել:+ 4 Ամեն Շաբաթ օր նա ժողովարանում համոզիչ ելույթ էր անում,*+ ինչի արդյունքում հրեաներն ու հույները մտափոխ էին լինում:
5 Երբ Շիղան+ ու Տիմոթեոսը+ Մակեդոնիայից եկան Պողոսի մոտ, նա սկսեց իր ողջ ժամանակը տրամադրել Աստծու խոսքը քարոզելուն՝ հրեաներին ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը:+ 6 Բայց քանի որ նրանք հակառակվում էին Պողոսին ու վիրավորական խոսքեր ասում, նա թափ տվեց իր հագուստն+ ու ասաց. «Դո՛ւք եք մեղավոր լինելու ձեր մահվան համար:*+ Ես անմեղ եմ:+ Այսուհետ այլազգիների մոտ կգնամ»:+ 7 Այնտեղից* նա գնաց Տիտիոս Հուստոս անունով մի աստվածապաշտ մարդու տուն, որը ժողովարանին կից էր: 8 Ժողովարանի պետը՝ Կրիսպոսը,+ իր բոլոր տնեցիների հետ հավատաց Տիրոջը: Եվ կորնթացիներից շատերն էլ, լսելով բարի լուրը, հավատացին ու մկրտվեցին: 9 Գիշերը տեսիլքի միջոցով Տերն ասաց Պողոսին. «Մի՛ վախեցիր, շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա, 10 որովհետև ես քեզ հետ եմ:+ Եթե անգամ որևէ մեկը հարձակվի քեզ վրա, վնաս չի լինի քեզ, քանի որ այս քաղաքում շատ մարդիկ հավատալու են ինձ»: 11 Պողոսը մեկ տարի ու վեց ամիս մնաց այնտեղ. այդ ընթացքում նա Աստծու խոսքն էր սովորեցնում նրանց:
12 Երբ Աքայայի պրոկոնսուլը* Գալլիոնն էր, հրեաները միավորվելով բռնեցին Պողոսին ու տարան դատավարական ամբիոնի մոտ: 13 Նրանք ասացին. «Այս մարդը համոզում է ժողովրդին Աստծուն երկրպագել այնպիսի ձևով, որը հակառակ է օրենքին»: 14 Բայց երբ Պողոսը պատրաստվում էր խոսել, Գալլիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթե նա իրոք որևէ սխալ բան կամ լուրջ հանցագործություն արած լիներ, խելամիտ կլիներ, որ համբերությամբ լսեի ձեզ: 15 Բայց եթե հարցը վերաբերում է խոսքերին, անուններին և ձեր օրենքին,+ իրար հետ լուծեք այն, ես չեմ ուզում նման հարցերին առնչվող դատ վարել»: 16 Եվ նրանց վռնդեց այնտեղից: 17 Այդ ժամանակ նրանք բռնեցին Սոսթենեսին՝+ ժողովարանի պետին, ու դատավարական ամբիոնի առաջ սկսեցին ծեծել, բայց Գալլիոնը չէր ուզում որևէ կերպ միջամտել:
18 Պողոսը մի քանի օր էլ մնաց այնտեղ, հետո հրաժեշտ տվեց եղբայրներին ու Պրիսկիղայի և Ակյուղասի հետ նավով ճանապարհ ընկավ դեպի Ասորիք: Մինչ այդ Կենքրայում+ նա իր մազերը շատ կարճ կտրել էր, քանի որ երդում էր արել: 19 Երբ հասան Եփեսոս, նա նրանց թողեց քաղաքում, իսկ ինքը գնաց ժողովարան ու սկսեց տրամաբանել հրեաների հետ:+ 20 Թեև նրանք խնդրում էին Պողոսին, որ ավելի երկար մնա, սակայն նա չհամաձայնվեց, 21 այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Եթե Եհովան* կամենա, նորից կգամ ձեզ մոտ»: Եփեսոսից ծով դուրս գալով՝ նա 22 մեկնեց Կեսարիա, ապա գնաց Երուսաղեմ, ողջունեց ժողովին, այնտեղից էլ ուղևորվեց Անտիոք:+
23 Այնտեղ մի որոշ ժամանակ մնալուց հետո Պողոսը նորից ճանապարհ ընկավ: Նա շրջում էր Գաղատիայի ու Փռյուգիայի քաղաքներով+ և զորացնում էր բոլոր աշակերտներին:+
24 Ապողոս անունով մի հրեա,+ որը ծագումով Ալեքսանդրիայից էր, եկավ Եփեսոս: Նա ճարտարախոս մարդ էր և լավ գիտեր սուրբ գրքերը: 25 Նրան ուսուցանել էին Եհովայի ճանապարհի* մասին: Ապողոսը, սուրբ ոգուց մղված, խանդավառությամբ խոսում ու սովորեցնում էր Հիսուսի մասին: Նա ճշգրտությամբ էր դա անում, թեև միայն Հովհաննեսի քարոզած մկրտությանն էր ծանոթ: 26 Ապողոսը սկսեց համարձակորեն խոսել ժողովարանում: Երբ Պրիսկիղան ու Ակյուղասը+ նրան լսեցին, իրենց մոտ վերցրին և ավելի ճշգրտությամբ բացատրեցին Աստծու ճանապարհը: 27 Հետո երբ նա ուզում էր գնալ Աքայա, եղբայրները գրեցին այնտեղի աշակերտներին՝ հորդորելով, որ գրկաբաց ընդունեն նրան: Երբ նա տեղ հասավ, շատ օգնեց նրանց, ովքեր Աստծու անզուգական բարության շնորհիվ հավատացյալներ էին դարձել. 28 նա մեծ եռանդով հրապարակորեն ապացուցում էր հրեաներին նրանց սխալ լինելը՝ սուրբ գրքերից ցույց տալով, որ Հիսուսն է Քրիստոսը:+