Գիտեի՞ք արդյոք
Ի՞նչ էր «դատավորական աթոռը», որի մոտ տարան Պողոս առաքյալին
▪ Ըստ Գործեր 18։12, 13 համարների՝ կորնթացի հրեաները Պողոսին մեղադրեցին ապօրինի դավանափոխության մեջ և նրան տարան «դատավորական աթոռի», կամ՝ բեմայի մոտ (բեման հունարեն բառ է, որը նշանակում է «քայլ»)։ Հին Կորնթոսում կար մի բարձրադիր բացօթյա հարթակ, որը ագորայի, կամ՝ հրապարակի կենտրոնական մասում էր գտնվում և, հավանաբար, ժողովարանից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա էր։ Այս հարթակի դիրքը հնարավորություն էր տալիս խոսելու ժողովրդի հետ։ Այն կառուցված էր կապույտ ու սպիտակ մարմարից և զարդարված էր նրբագեղ փորագրություններով։ Հարթակին կից կար երկու սպասասրահ, որտեղ կային մարմարյա նստարաններ և խճանկարային հատակ։
Այդ հռետորի հարթակն էլ, ըստ ամենայնի, հենց այն դատավորական աթոռն էր, որտեղ Աքայիայի պրոկոնսուլ Գալլիոնի առաջ կանգնեց Պողոս առաքյալը։ Պաշտոնյաները այստեղ էին նստում և դատական գործեր վարում, ապա հավաքված ամբոխին հայտնում իրենց վճիռները։
Հունաստանի քաղաք-պետություններում սովորական բան էր բեմաների առաջ հավաքվելը. քաղաքին վերաբերող բոլոր հարցերը այստեղ էին քննարկվում։ Մատթեոս 27։19 և Հովհաննես 19։13 համարների բնագրում, որոնք վերաբերում են Հիսուսի դատավարությանը, ասվում է, որ Պոնտացի Պիղատոսը ժողովրդին դիմեց իր բեմայից (Գործեր 12։21)։
Ինչո՞ւ որոշ հրեաների համար գայթակղության պատճառ եղավ այն, թե ինչպես մահացավ Հիսուսը
▪ Վաղ քրիստոնյաների վերաբերյալ Պողոս առաքյալը գրեց. «Մինչդեռ մենք քարոզում ենք ցցին գամված Քրիստոսին, որը գայթակղության պատճառ է հրեաների համար և հիմարություն՝ ազգերի համար» (1 Կորնթացիներ 1։23)։ Ինչո՞ւ այն, թե ինչպես մահացավ Հիսուսը, պատճառ եղավ, որ ոմանք գայթակղվեն, կամ՝ հրաժարվեն քրիստոնյա դառնալուց։
Աստվածաշնչի մեկնաբան Բեն Վիդերինգտոն III-ը այն մասին, թե ինչպես սպանեցին Հիսուսին և ինչ սովորություններ ունեին առաջին դարում Մերձավոր Արևելքի բնակիչները, ասում է. «[Դա] ամենախայտառակ մահն էր։ Այն չէր դիտվում որպես վեհ նահատակություն»։ Վիդերինգտոնը նաև նշում է. «Այն ժամանակ մարդիկ համոզված էին, որ քո մահը ցույց է տալիս, թե ով ես դու եղել։ Ուստի, ստացվում է, որ Հիսուսը սրիկա էր, մի անարգ մարդ, ով դավաճանել է պետությանը, և արժանի էր այն մահապատժին, որն իրականացվում էր ապստամբ ստրուկների նկատմամբ»։ Այս ամենը հաշվի առնելով՝ ճիշտ չի լինի պնդել, որ վաղ քրիստոնյաները հորինել են Հիսուսի մահվան և հարության մասին պատմությունը։