Երեմիա
38 Մատթանի որդի Սափատիան, Փասուրի որդի Գոդողիան, Սելեմիայի որդի Հուքալը+ և Մելքիայի որդի Փասուրը+ լսեցին, որ Երեմիան ողջ ժողովրդին ասում էր այս խոսքերը. 2 «Սա է ասում Եհովան. «Ով որ մնա այս քաղաքում, սրից, սովից ու համաճարակից* կմեռնի,+ իսկ ով որ հանձնվի քաղդեացիներին, ողջ կմնա: Նրա կյանքը իր համար ավար կլինի, և նա կապրի»:+ 3 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Այս քաղաքն, անկասկած, Բաբելոնի թագավորի զորքի ձեռքն է տրվելու, և նա կգրավի այն»»:+
4 Իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, սպանել տուր այս մարդուն,+ որովհետև նման խոսքեր ասելով՝ նա թուլացնում է այս քաղաքում մնացած ռազմիկների, ինչպես նաև ողջ ժողովրդի մարտական ոգին:* Նա ոչ թե խաղաղություն է ցանկանում ժողովրդի համար, այլ՝ աղետ»: 5 Սեդեկիա թագավորը պատասխանեց. «Նա ձեր ձեռքերում է, որովհետև թագավորը չի կարող հետ պահել ձեզ»:
6 Նրանք վերցրին Երեմիային ու գցեցին թագավորի որդի Մելքիայի ջրհորը, որը Պահակախմբի բակում էր:+ Երեմիային պարաններով ցած իջեցրին: Ջրհորում ջուր չկար, միայն ցեխ էր, և Երեմիան սկսեց ցեխի մեջ ընկղմվել:
7 Եթովպացի Աբդիմելեքը,+ որը թագավորի արքունիքում պալատական* էր, լսեց, որ Երեմիային ջրհորն են գցել: Թագավորը նստած էր Բենիամինի դարպասի մոտ:+ 8 Աբդիմելեքը դուրս եկավ պալատից ու ասաց թագավորին. 9 «Տե՛ր իմ թագավոր, այս մարդիկ Երեմիա մարգարեի հետ շատ վատ են վարվել: Նրան գցել են ջրհորը, որտեղ նա սովամահ կլինի, որովհետև քաղաքում հաց չի մնացել»:+
10 Այդ ժամանակ թագավորը եթովպացի Աբդիմելեքին հրամայեց. «Այստեղից քեզ հետ 30 մարդ վերցրու, և Երեմիա մարգարեին ջրհորից դուրս հանեք, քանի դեռ նա չի մեռել»: 11 Աբդիմելեքը իր հետ մարդիկ վերցրեց ու գնաց թագավորի պալատ, իջավ գանձարանի նկուղային սենյակ,+ այնտեղից պատռված լաթեր ու մաշված կտորներ վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց Երեմիայի մոտ՝ ջրհորի մեջ: 12 Եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Այս լաթերն ու կտորները թևերիդ տակ դիր, որ պարանները չվնասեն քեզ»: Երեմիան այդպես էլ արեց: 13 Եվ նրանք Երեմիային պարաններով քաշեցին ու հանեցին ջրհորից: Դրանից հետո նա բանտարկված մնաց Պահակախմբի բակում:+
14 Սեդեկիա թագավորը Երեմիա մարգարեին բերել տվեց իր մոտ՝ Եհովայի տան երրորդ մուտքի մոտ, և ասաց նրան. «Ուզում եմ մի բան հարցնել, ինձնից ոչինչ չթաքցնես»: 15 Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե քեզ ճիշտն ասեմ, դու հաստատ կսպանես ինձ: Եվ եթե խորհուրդ տամ, ինձ չես լսի»: 16 Սեդեկիա թագավորը գաղտնի երդվեց Երեմիային՝ ասելով. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով կյանք է տվել մեզ. ես քեզ չեմ սպանի և չեմ հանձնի այն մարդկանց ձեռքը, որոնք ուզում են սպանել քեզ»:
17 Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Զորքերի Աստվածը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե հանձնվես Բաբելոնի թագավորի իշխաններին, ողջ կմնաս, և այս քաղաքը հրի չի մատնվի: Դու և քո տնեցիները չեք մեռնի:+ 18 Բայց եթե չհանձնվես Բաբելոնի թագավորի իշխաններին, այս քաղաքը քաղդեացիների ձեռքը կտրվի: Նրանք կայրեն այն,+ և դու չես ազատվի նրանց ձեռքից»»:+
19 Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ քաղդեացիների կողմն անցած հրեաներից, քանի որ եթե ինձ նրանց ձեռքը տան, նրանք ինձ հետ դաժանորեն կվարվեն»: 20 Բայց Երեմիան ասաց. «Քեզ նրանց ձեռքը չեն տա: Խնդրում եմ, հնազանդվիր Եհովայի խոսքերին, որոնք իմ միջոցով ասում է քեզ: Այդ ժամանակ քեզ համար լավ կլինի, ու դու ողջ կմնաս: 21 Իսկ եթե հրաժարվես հանձնվելուց, կկատարվի այն, ինչ Եհովան հայտնի է դարձրել ինձ. 22 Հուդայի թագավորի պալատում մնացած բոլոր կանայք կտարվեն Բաբելոնի թագավորի իշխանների մոտ:+ Կանայք կասեն.
«Այն մարդիկ, ում դու վստահում էիր, խաբել են քեզ ու հաղթել:+
Նրանց պատճառով ոտքերդ ցեխի մեջ են խրվել:
Իսկ հիմա նրանք թողել են քեզ»:
23 Քո բոլոր կանանց ու որդիներին քաղդեացիներին կտան, և դու նրանց ձեռքից չես ազատվի: Բաբելոնի թագավորը կբռնի քեզ,+ ու քո պատճառով այս քաղաքը հրի կմատնվի»:+
24 Սեդեկիան ասաց Երեմիային. «Ոչ ոքի չպատմես այս մասին, որպեսզի չմեռնես: 25 Եվ եթե իշխաններն իմանան, որ խոսել եմ քեզ հետ, և գան քեզ մոտ ու ասեն՝ «Պատմիր մեզ, թե ինչ ասացիր թագավորին: Մեզնից ոչինչ չթաքցնես, և մենք քեզ չենք սպանի:+ Թագավորը քեզ ի՞նչ ասաց», 26 պատասխանիր նրանց. «Ես թագավորին խնդրեցի, որ հետ չուղարկի ինձ Հովնաթանի տուն, որպեսզի այնտեղ չմեռնեմ»»:+
27 Որոշ ժամանակ անց իշխանները եկան Երեմիայի մոտ ու սկսեցին հարցուփորձ անել նրան: Նա էլ ասաց այն ամենը, ինչ թագավորը պատվիրել էր ասել: Եվ նրանք այլևս ոչինչ չասացին նրան, քանի որ չէին լսել, թե թագավորի հետ ինչ էր խոսել: 28 Երեմիան մնաց Պահակախմբի բակում մինչև այն օրը, երբ Երուսաղեմը գրավվեց:+ Եվ Երուսաղեմի գրավման ժամանակ նա դեռ այնտեղ էր:+