Երեմիա
52 Սեդեկիան+ 21 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Ամիտալ էր,+ որը լեբնացի Երեմիայի դուստրն էր: 2 Սեդեկիան արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. նա արեց այն բոլոր վատ բաները, որոնք Հովակիմն էր արել:+ 3 Երուսաղեմում և Հուդայում տեղի ունեցան աղետալի դեպքեր, քանի որ Եհովան բարկացել էր, և նա ի վերջո մերժեց այնտեղի բնակիչներին:+ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ:+ 4 Սեդեկիայի իշխանության իններորդ տարում՝ տասներորդ ամսվա տասներորդ օրը, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը իր ողջ զորքով դուրս եկավ Երուսաղեմի դեմ, բանակ դրեց դրա դիմաց և շուրջը պարիսպ կառուցեց, որ պաշարի այն:+ 5 Քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիայի իշխանության 11-րդ տարին:
6 Չորրորդ ամսվա իններորդ օրն էր.+ քաղաքում սաստիկ սով էր, և ժողովուրդը ուտելիք չուներ:+ 7 Քաղդեացիներն ի վերջո ճեղքեցին քաղաքի պարիսպը, ու թեև քաղաքը դեռ շրջապատված էր նրանց կողմից, սակայն բոլոր զինվորները գիշերը արքունական պարտեզի մոտի երկու պարիսպների միջև գտնվող դարպասով փախան քաղաքից: Նրանք գնացին Արաբա տանող ճանապարհով:+ 8 Բայց քաղդեացիների զորքը հետապնդեց Սեդեկիա+ թագավորին և Երիքովի անապատային հարթավայրում հասավ նրան, իսկ թագավորի բոլոր զինվորները, թողնելով նրան, այս ու այն կողմ ցրվեցին: 9 Սեդեկիային բռնեցին ու տարան Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա, որը Եմաթում է, և նա նրա նկատմամբ դատավճիռ կայացրեց: 10 Բաբելոնի թագավորը Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, նաև Ռեբլայում սպանեց Հուդայի բոլոր իշխաններին: 11 Ապա Բաբելոնի թագավորը կուրացրեց Սեդեկիային,+ կապեց նրան պղնձե շղթաներով, տարավ Բաբելոն, բանտ գցեց և ցմահ այնտեղ պահեց:
12 Հինգերորդ ամսվա տասներորդ օրը, այսինքն՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի իշխանության 19-րդ տարում, Բաբելոնի թագավորի սպասավոր Նաբուզարդանը, որը պահակազորի պետն էր, եկավ Երուսաղեմ:+ 13 Նա հրի մատնեց Եհովայի տունը,+ թագավորի պալատը և Երուսաղեմի բոլոր տները: Նա այրեց նաև բոլոր մեծ տները: 14 Պահակազորի պետի հետ եկած քաղդեացիների ողջ զորքը քանդեց Երուսաղեմը շրջապատող պարիսպները:+
15 Քաղաքում մնացած ժողովրդին, հասարակ մարդկանցից ոմանց, Բաբելոնի թագավորին հանձնված մարդկանց և մնացած հմուտ արհեստավորներին պահակազորի պետ Նաբուզարդանը գերության տարավ:+ 16 Բայց ամենաաղքատ մարդկանցից ոմանց նա թողեց երկրում, որ ծառայեն որպես խաղողագործներ և հարկադիր աշխատողներ:+
17 Քաղդեացիները կոտրեցին Եհովայի տան պղնձե սյուները,+ սայլերն+ ու պղնձե ծովը,+ որ Եհովայի տանն էին, և ողջ պղինձը տարան Բաբելոն:+ 18 Նրանք վերցրին նաև դույլերը, բահերը, պատրույգի մկրատները, թասերը,+ անոթներն+ ու տաճարի ծառայության մեջ օգտագործվող պղնձե մյուս բոլոր պիտույքները: 19 Պահակազորի պետը վերցրեց մաքուր ոսկուց և մաքուր արծաթից պատրաստված տարաները,+ այրուքի ամանները,* թասերը, դույլերը, ճրագակալները,+ անոթներն ու ընծաների գավաթները:+ 20 Եհովայի տան համար Սողոմոն թագավորի պատրաստած երկու սյուների, ծովի, դրա տակ եղող 12 պղնձե եզների+ և սայլերի պղինձը այնքան շատ էր, որ հնարավոր չէր կշռել:
21 Յուրաքանչյուր սյան բարձրությունը 18 կանգուն էր, իսկ շրջագիծը, լարով չափած, 12 կանգուն:*+ Սյան պատի հաստությունը չորս մատնաչափ* էր, և մեջը դատարկ էր: 22 Ամեն սյան վրա հինգ կանգուն* բարձրության պղնձե խոյակ* կար:+ Խոյակների շուրջբոլորը ցանցաձև հյուսվածքով ու նռներով էր զարդարված՝ ամբողջովին պղնձից: Երկու սյուները և խոյակները զարդարող նռները իրար նման էին: 23 Յուրաքանչյուր սյունախոյակի շուրջը տեսանելի էր 96 նուռ: Ցանցաձև հյուսվածքի շուրջը ընդհանուր հաշվով 100 նուռ կար:+
24 Բացի այդ՝ պահակազորի պետը իր հետ տարավ ավագ քահանա Սարայիային,+ երկրորդ քահանա Սոփոնիային+ և երեք դռնապաններին:+ 25 Քաղաքից տարավ նաև մի պալատականի, որը զինվորների հրամանատարն էր, քաղաքում գտնվող յոթ մարդու, որոնք թագավորի մտերիմներն* էին, զորագլխի քարտուղարին, որը զինվորագրում էր մարդկանց, և հասարակ ժողովրդից 60 հոգու, որոնք մնացել էին քաղաքում: 26 Պահակազորի պետ Նաբուզարդանը նրանց տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա: 27 Բաբելոնի թագավորը սպանեց նրանց Ռեբլայում,+ որը Եմաթում է: Այսպիսով՝ Հուդայի ժողովուրդը տեղահանվեց իր երկրից:+
28 Ահա այն մարդկանց թիվը, որոնց Նաբուգոդոնոսորը գերի տարավ. յոթերորդ տարում՝ 3 023 հրեայի,+
29 Նաբուգոդոնոսորի իշխանության 18-րդ տարում՝+ Երուսաղեմից 832 հոգու:
30 Նաբուգոդոնոսորի իշխանության 23-րդ տարում պահակազորի պետ Նաբուզարդանը հրեաներից 745 հոգու գերի տարավ:+
Ընդհանուր հաշվով գերության տարվեց 4 600 հոգի:
31 Հուդայի թագավոր Հովաքինի+ գերության 37-րդ տարում՝ 12-րդ ամսվա 25-րդ օրը, Բաբելոնի թագավոր Ելմարոդաքը իր թագավոր դառնալու տարում Հուդայի թագավոր Հովաքինին բանտից ազատեց:*+ 32 Նա բարյացակամորեն էր խոսում նրա հետ և նրան ավելի մեծ պատվի արժանացրեց, քան Բաբելոնում նրա հետ եղող մյուս թագավորներին:* 33 Հովաքինը հանեց բանտի իր հագուստները, և մինչև իր կյանքի վերջը նա թագավորի հետ էր սեղան նստում: 34 Իր ողջ կյանքի ընթացքում՝ մինչև մահ, Հովաքինը ամեն օր Բաբելոնի թագավորից ստանում էր իրեն հատկացված ուտելիքի բաժինը: