Մարկոս
13 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր գալիս, աշակերտներից մեկն ասաց. «Ուսուցի՛չ, տես՝ ի՜նչ հոյակապ քարեր ու շինություններ են»:+ 2 Սակայն Հիսուսն ասաց նրան. «Այս հոյակապ շինությունները, որ տեսնում ես, բոլորն էլ կքանդվեն: Քարը քարի վրա չի մնա այստեղ»:+
3 Երբ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, որտեղից երևում էր տաճարը, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը առանձին մոտեցան ու հարցրին. 4 «Ասա մեզ, ե՞րբ է լինելու դա, և ո՞րն է լինելու նշանը, որ այս ամենը մոտենում է իր վախճանին»:+ 5 Հիսուսն ասաց. «Զգույշ եղեք, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ:+ 6 Շատերը կգան իմ անվան տակ ու կասեն՝ «Այդ ես եմ», և շատերին կմոլորեցնեն: 7 Եվ երբ պատերազմների թնդյուն հասնի ձեր ականջին, ու պատերազմների լուրեր լսեք, խուճապի մի՛ մատնվեք. այդ ամենը պետք է լինի, բայց այդպիսով դեռ վերջը չի գա:+
8 Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ,+ տարբեր վայրերում երկրաշարժեր կլինեն, նաև սննդի պակաս:+ Սակայն դա ցավերով լի ժամանակների* սկիզբն է միայն:+
9 Իսկ ինչ վերաբերում է ձեզ, պատրաստ եղեք. մարդիկ ձեզ դատարանների առաջ կկանգնեցնեն,+ ժողովարաններում կծեծեն,+ և իմ հետևորդը լինելու պատճառով դուք կտարվեք կառավարիչների ու թագավորների մոտ: Այդպես հնարավորություն կստեղծվի վկայություն տալու նրանց:+ 10 Նաև բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պետք է քարոզվի:+ 11 Երբ ձեզ տանեն, որ կանգնեցնեն իշխանությունների առաջ, ժամանակից շուտ մի՛ մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք, այլ ինչ միտք այդ պահին տրվի ձեզ, այն էլ կասեք, քանի որ խոսողը դուք չեք լինի, այլ սուրբ ոգին:+ 12 Այս ամենից բացի՝ եղբայրը եղբորը կհանձնի նրա մահը փնտրողների ձեռքը, հայրը՝ զավակին, և զավակները դուրս կգան իրենց ծնողների դեմ ու սպանել կտան նրանց:+ 13 Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից,+ բայց ով որ մինչև վերջ դիմանա,+ կփրկվի:+
14 Երբ տեսնեք, որ կործանում բերող գարշանքը*+ կանգնած է սուրբ վայրում (սա հասկանալու համար ընթերցողը* պետք է խորաթափանցություն դրսևորի), այդ ժամանակ Հրեաստանում եղողները թող սարերը փախչեն:+ 15 Ով տանիքում է, թող ցած չիջնի ու տուն չմտնի որևէ բան վերցնելու, 16 և ով դաշտում է, թող հետ չդառնա՝ իր թողած բաները, իր վերնահագուստը վերցնելու: 17 Որքա՜ն դժվար կլինի այդ օրերին հղիների ու կրծքով կերակրողների համար:+ 18 Աղոթեք, որ դա ձմռանը չլինի: 19 Դրանք նեղության օրեր են լինելու,+ որոնց նմանը չի եղել Աստծու կողմից աշխարհի ստեղծումից մինչև այդ ժամանակը, և ոչ էլ երբևէ կլինի:+ 20 Եվ եթե Եհովան* թույլ տա, որ այդ ժամանակը երկար տևի, ոչ ոք չի փրկվի: Բայց հանուն իր ընտրածների՝ նա թույլ չի տա, որ այն երկար տևի:+
21 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ «Քրիստոսն այստեղ է», կամ՝ «Այնտեղ է», չհավատաք,+ 22 որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ կհայտնվեն+ և զորավոր գործեր ու հրաշքներ կանեն՝ փորձելով մոլորեցնել ընտրվածներին: 23 Բայց դուք զգույշ եղեք:+ Ես ձեզ ամեն ինչ նախապես ասում եմ:
24 Այդ օրերին՝ նեղությունից հետո, արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա,+ 25 աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի համակարգերը* կսասանվեն: 26 Այդ ժամանակ մարդիկ կտեսնեն մարդու Որդուն+ ամպերի մեջ գալիս՝ օժտված մեծ զորությամբ ու փառքով:+ 27 Եվ նա կուղարկի իր հրեշտակներին, որ հավաքեն իր ընտրածներին աշխարհի չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը:+
28 Որպես օրինակ ուշադրություն դարձրեք թզենուն. հենց որ այն նոր շիվեր է տալիս և տերևակալում է, իմանում եք, որ ամառը մոտ է:+ 29 Նմանապես, երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, իմացեք, որ մարդու Որդին մոտ է՝ դռան շեմին է:+ 30 Հաստատ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի:+ 31 Երկինքն ու երկիրը կանցնեն-կգնան,+ բայց իմ խոսքերը կմնան ընդմիշտ:+
32 Իսկ օրը կամ ժամը ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը:+ 33 Ուշադիր եղեք, արթուն մնացեք,+ որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը:+ 34 Դա կարելի է նմանեցնել նրան, որ օտար երկիր գնացող մի մարդ իր տունը ծառաների վերահսկողությանն է հանձնում+ և ամեն մեկին հանձնարարություն է տալիս, դռնապանին էլ հրամայում է, որ արթուն մնա:+ 35 Դուք չգիտեք՝ տանտերը երբ կգա՝+ երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, լուսաբացից առա՞ջ,* թե՞ վաղ առավոտյան: Ուստի արթուն եղեք,+ 36 որ երբ նա հանկարծակի գա, ձեզ քնած չգտնի:+ 37 Ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին է վերաբերում՝ արթո՛ւն մնացեք»:+