Հովհաննես
9 Ճանապարհով անցնելիս Հիսուսը տեսավ մի մարդու, որն ի ծնե կույր էր: 2 Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛,+ ո՞վ է մեղք գործել, որ այս մարդը կույր է ծնվել՝ ի՞նքը, թե՞ իր ծնողները»: 3 Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ այս մարդն է մեղք գործել, ո՛չ էլ նրա ծնողները. նրա կուրությունը առիթ է, որ մարդիկ տեսնեն, թե Աստված ինչ է ի զորու անելու:+ 4 Քանի դեռ ցերեկ է, մենք պետք է ինձ ուղարկողի կամքը կատարենք,+ որովհետև գալիս է գիշերը, երբ ոչ ոք չի կարողանա որևէ բան անել: 5 Քանի դեռ աշխարհում եմ, ես աշխարհի լույսն եմ»:+ 6 Այս խոսքերն ասելուց հետո նա թքեց գետնին, թուքը կավահողի հետ խառնելով՝ մածուկ պատրաստեց, քսեց այդ մարդու աչքերին+ 7 ու ասաց նրան. «Գնա լվացվիր Սիլովամ ավազանում» (Սիլովամը թարգմանվում է «ուղարկված»): Կույր մարդն էլ գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, արդեն տեսնում էր:+
8 Հարևանները և բոլոր նրանք, ովքեր նախկինում այդ մարդուն տեսել էին մուրալիս, սկսեցին հարցնել. «Սա այն մարդը չէ՞, որ միշտ նստած ողորմություն էր խնդրում»: 9 Ոմանք ասում էին՝ «Նա է», մյուսներն էլ, թե՝ «Նա չէ, բայց նման է նրան»: Իսկ այդ մարդն ասում էր. «Այդ ես եմ»: 10 Նրանք հարցրին նրան. «Բա ինչպե՞ս սկսեցիր տեսնել»: 11 Նա պատասխանեց. «Հիսուս անունով մի մարդ կավահողից մածուկ պատրաստեց, քսեց աչքերիս ու ասաց. «Գնա Սիլովամ և լվացվիր»:+ Ես էլ գնացի, լվացվեցի ու սկսեցի տեսնել»: 12 Նրանք հարցրին. «Ո՞ւր է այդ մարդը»: Նա պատասխանեց. «Չգիտեմ»:
13 Նրանք էլ այդ մարդուն, որ մի ժամանակ կույր էր, տարան փարիսեցիների մոտ: 14 Այդ օրը, երբ Հիսուսը մածուկ պատրաստեց ու բուժեց* նրա աչքերը,+ Շաբաթ էր:+ 15 Փարիսեցիները նույնպես հարցրին նրան, թե ինչպես սկսեց տեսնել: Այդ մարդն էլ պատասխանեց. «Նա ինչ-որ մածուկ քսեց աչքերիս, հետո ես լվացվեցի ու հիմա տեսնում եմ»: 16 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ չի պահում Շաբաթը»:+ Մյուսներն էլ առարկեցին. «Մեղավոր մարդն ինչպե՞ս կարող է այդպիսի հրաշքներ գործել»:+ Եվ նրանց մեջ տարակարծություն եղավ:+ 17 Ուստի նորից հարցրին այդ մարդուն, որին Հիսուսը բուժել էր. «Դո՞ւ ինչ կասես նրա մասին. չէ՞ որ քո՛ աչքերն է բուժել»: Նա էլ պատասխանեց. «Այդ մարդը մարգարե է»:
18 Սակայն հրեաները* չհավատացին, որ նա կույր է եղել, մինչև չկանչեցին այդ մարդու ծնողներին 19 ու չհարցրին նրանց. «Սա՞ է ձեր որդին, որ ասում եք, թե կույր է ծնվել: Այդ ինչպե՞ս է, որ հիմա տեսնում է»: 20 Նրա ծնողները պատասխանեցին. «Մենք միայն գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել: 21 Բայց թե ինչպես է հիմա տեսնում, կամ ով է բուժել նրա աչքերը, չգիտենք, նրա՛ն հարցրեք: Չափահաս մարդ է, թող ինքը իր տեղը խոսի»: 22 Նրա ծնողները այդպես պատասխանեցին, քանի որ վախենում էին հրեաներից,+ որովհետև վերջիններս արդեն որոշել էին, որ եթե որևէ մեկը Հիսուսին որպես Քրիստոս ընդունի, պետք է վտարվի ժողովարանից:+ 23 Ահա թե ինչու նրա ծնողներն ասացին. «Նա չափահաս մարդ է, նրան հարցրեք»:
24 Ուստի հրեաները երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որն առաջ կույր էր, ու ասացին նրան. «Ճշմարտությո՛ւնն ասա Աստծու առաջ:* Մենք գիտենք, որ այդ մարդը մեղավոր է»: 25 Նա պատասխանեց. «Մեղավոր է, թե ոչ, չգիտեմ: Բայց մի բան հաստատ գիտեմ, որ կույր էի, իսկ հիմա տեսնում եմ»: 26 Նրանք էլ հարցրին. «Նա ի՞նչ արեց: Ինչպե՞ս բուժեց քո աչքերը»: 27 Նա պատասխանեց. «Ես ձեզ արդեն ասացի, բայց դուք չլսեցիք: Ինչո՞ւ եք ուզում նորից լսել: Չլինի՞ թե դուք էլ եք ուզում նրա աշակերտները դառնալ»: 28 Նրանք էլ արհամարհանքով ասացին. «Դո՛ւ ես այդ մարդու աշակերտը, մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք: 29 Մենք գիտենք, որ Աստված խոսել է Մովսեսի հետ, բայց թե այս մարդը որտեղից է, չգիտենք»: 30 Իսկ նա պատասխանեց. «Զարմանալին էլ հենց դա է, որ դուք չգիտեք, թե նա որտեղից է, այնինչ նա բուժել է իմ աչքերը: 31 Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում,+ այլ լսում է նրանց, ովքեր աստվածավախ են և կատարում են նրա կամքը:+ 32 Չլսված բան է, որ ինչ-որ մեկը ի ծնե կույր մարդու աչքերը բուժի: 33 Եթե այդ մարդը Աստծուց չլիներ, ոչինչ էլ չէր կարողանա անել»:+ 34 Նրանք էլ ասացին. «Ամբողջովին մեղքերի մեջ ես ծնվել և դո՞ւ ես մեզ սովորեցնում»: Ապա նրան դուրս վռնդեցին:*+
35 Հիսուսը լսեց, որ այդ մարդուն վռնդել են, և երբ հանդիպեց նրան, հարցրեց. «Հավատո՞ւմ ես մարդու Որդուն»: 36 Նա էլ ասաց. «Ո՞վ է նա, տե՛ր, ասա, որ հավատամ նրան»: 37 Հիսուսը պատասխանեց. «Դու տեսել ես նրան, և քեզ հետ խոսողը հենց նա է»: 38 Այդ ժամանակ նա ասաց՝ «Հավատո՛ւմ եմ նրան, Տե՛ր», և խոնարհվեց նրա առաջ: 39 Հիսուսն ասաց. «Ես աշխարհ եկա, որ դատաստան անելու հիմք լինի, որ չտեսնողները տեսնեն,+ և տեսնողները կուրանան»:+ 40 Երբ այնտեղ եղող փարիսեցիները լսեցին այս խոսքերը, հարցրին նրան. «Մի՞թե մենք էլ ենք կույր»: 41 Հիսուսը պատասխանեց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա: Բայց քանի որ ասում եք՝ «Տեսնում ենք», մեղքի մեջ եք մնում»:+