Գործեր
7 Իսկ քահանայապետը հարցրեց. «Ինչ որ ասում են, ճի՞շտ է»: 2 Ստեփանոսն էլ պատասխանեց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսե՛ք: Երբ մեր նախահայր Աբրահամը Միջագետքում էր ու դեռ բնակություն չէր հաստատել Խառանում,+ փառքի Աստվածը հայտնվեց նրան 3 և ասաց. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից և գնա այն երկիր, որը ցույց կտամ քեզ»:+ 4 Ուստի նա դուրս եկավ քաղդեացիների երկրից ու բնակվեց Խառանում: Իսկ նրա հոր մահից հետո+ Աստված փոխեց նրա բնակության վայրը՝ առաջնորդելով նրան այս երկիր, որտեղ դուք հիմա բնակվում եք:+ 5 Այդ ժամանակ նա ոչ մի ժառանգություն չտվեց նրան, նույնիսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացավ, որ այս տարածքը որպես սեփականություն կտա նրան ու նրա սերունդներին,+ թեև նա դեռ երեխա չուներ: 6 Աստված ասաց, որ նրա սերունդները պանդուխտ են լինելու օտար երկրում, և այնտեղի ժողովուրդը նրանց ստրկացնելու է ու 400 տարի չարչարելու:+ 7 «Նրանց ստրկացրած ազգին ես դատելու եմ,+– ասաց Աստված,– և դրանից հետո նրանք դուրս են գալու այնտեղից ու այս վայրում սուրբ ծառայություն են մատուցելու ինձ»:+
8 Աստված նաև նրա հետ թլփատության ուխտը կապեց:+ Երբ Աբրահամը ունեցավ Իսահակին,+ ութերորդ օրը թլփատեց նրան:+ Իսահակը ունեցավ Հակոբին, Հակոբն էլ՝ 12 որդիներին,* որոնք ցեղապետներ* դարձան: 9 Հովսեփի եղբայրները, նախանձից դրդված,+ վաճառեցին նրան, ու նա տարվեց Եգիպտոս:+ Բայց Աստված նրա հետ էր+ 10 ու ազատեց նրան բոլոր նեղություններից: Նա իմաստություն տվեց նրան և այնպես արեց, որ Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի հաճությունն ունենա: Փարավոնը նրան նշանակեց Եգիպտոսի ու իր պալատի կառավարիչ:+ 11 Հետո ամբողջ Եգիպտոսում ու Քանանում սով սկսվեց՝ մեծ նեղություն. մեր նախահայրերը ուտելու բան չունեին:+ 12 Հակոբը լսեց, որ Եգիպտոսում սնունդ* կա, և մեր նախահայրերին առաջին անգամ ուղարկեց այնտեղ:+ 13 Երբ Հովսեփի եղբայրները երկրորդ անգամ եկան, նա հայտնեց նրանց իր ով լինելը, և փարավոնը իմացավ Հովսեփի ընտանիքի մասին:+ 14 Հովսեփը կանչել տվեց իր հայր Հակոբին և իր բոլոր ազգականներին՝+ ընդհանուր հաշվով՝ 75 հոգու:+ 15 Հակոբը գնաց Եգիպտոս+ և այնտեղ էլ մահացավ:+ Մահացան նաև մեր նախահայրերը:+ 16 Նրանց ոսկորները տեղափոխեցին Սյուքեմ ու թաղեցին այն գերեզմանում, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից:+
17 Մոտենում էր այն ժամանակը, երբ Աստված իրականացնելու էր Աբրահամին տված իր խոստումը: Ժողովրդի թիվը Եգիպտոսում շարունակում էր խիստ ավելանալ: 18 Եգիպտոսում սկսեց իշխել մեկ ուրիշ թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում:+ 19 Նա նենգաբար վարվեց մեր ժողովրդի հետ և ստիպեց մեր հայրերին թողնել իրենց նորածիններին, որպեսզի մահվան մատնվեն:+ 20 Հենց այդ ժամանակ ծնվեց Մովսեսը, որն անչափ գեղեցիկ էր:* Երեք ամիս նրան իր հոր տանը հոգ տարան:+ 21 Բայց երբ նրան ստիպված եղան թողնել,+ փարավոնի դուստրը վերցրեց նրան ու մեծացրեց իր հարազատ որդու պես:+ 22 Մովսեսը սովորեց եգիպտացիների ողջ իմաստությունը, և նրա խոսքերն ու գործերը զորավոր էին:+
23 Երբ նա 40 տարեկան դարձավ, որոշեց գնալ ու տեսնել, թե ինչպես են ապրում իր եղբայրները՝ իսրայելացիները:+ 24 Եվ երբ տեսավ, որ մի եգիպտացի անարդարացիորեն է վարվում նրանցից մեկի հետ, պաշտպանեց վերջինիս և սպանեց եգիպտացուն՝ նրա վրեժն առնելով: 25 Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր միջոցով փրկում է նրանց, բայց նրանք չհասկացան: 26 Հաջորդ օրը նա եկավ նրանց մոտ ու տեսավ, որ երկու հոգի կռիվ են անում: Փորձելով հաշտեցնել նրանց՝ նա ասաց. «Ախր դուք եղբայրներ եք: Ինչո՞ւ եք կռվում»: 27 Բայց իր ընկերոջը ծեծողը հրեց նրան՝ ասելով. «Քեզ ո՞վ է իշխան ու դատավոր նշանակել մեզ վրա: 28 Չլինի՞ թե ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես երեկ այն եգիպտացուն սպանեցիր»: 29 Այս խոսքերը լսելով՝ Մովսեսը փախավ ու բնակվեց Մադիանում, որտեղ էլ ծնվեցին նրա երկու որդիները:+
30 Քառասուն տարի անց անապատում՝ Սինա լեռան մոտ, նրան մի հրեշտակ հայտնվեց այրվող փշաթփի բոցի մեջ:+ 31 Մովսեսը զարմացավ այդ տեսարանի վրա, ու երբ մոտենում էր նայելու, լսեց Եհովայի* ձայնը. 32 «Ես եմ քո նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»:+ Մովսեսը, դողով բռնված, այլևս չհամարձակվեց նայել: 33 Եհովան ասաց նրան. «Հանի՛ր սանդալներդ, որովհետև սուրբ հողի վրա ես կանգնած: 34 Ես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրա հառաչանքը+ ու իջա, որ ազատեմ: Հիմա ես քեզ կուղարկեմ Եգիպտոս»: 35 Ժողովուրդը ուրացավ Մովսեսին՝ ասելով. «Քեզ ո՞վ է իշխան ու դատավոր նշանակել»:+ Բայց հենց նրա՛ն Աստված փշաթփի մեջ հայտնված հրեշտակի միջոցով ուղարկեց,+ որ լինի իշխան և ազատարար: 36 Նա դուրս բերեց նրանց՝+ հրաշքներ ու զորավոր գործեր անելով Եգիպտոսում,+ Կարմիր ծովի մոտ+ և 40 տարի՝ անապատում:+
37 Մովսեսն էր, որ իսրայելացիներին ասաց. «Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ»:+ 38 Նա էր անապատում Իսրայելի ժողովրդի՝ մեր նախահայրերի հետ: Նրա՛ հետ Սինա լեռան վրա խոսեց+ հրեշտակը,+ և նա՛ ստացավ կենդանի սուրբ խոսքերը, որպեսզի մեզ տա:+ 39 Մեր նախահայրերը չցանկացան հնազանդվել Մովսեսին ու մերժեցին նրան+ և սրտով վերադարձան Եգիպտոս:+ 40 Նրանք Ահարոնին ասացին. «Մեզ համար աստվածներ շինիր, որ առաջնորդեն մեզ, որովհետև չգիտենք, թե ինչ է պատահել այդ Մովսեսին, որը հանեց մեզ Եգիպտոսից»:+ 41 Նրանք մի հորթ շինեցին և զոհ մատուցեցին այդ կուռքին, դրա պատվին տոն կազմակերպեցին ու սկսեցին զվարճանալ:+ 42 Ուստի Աստված երես թեքեց նրանցից ու թույլ տվեց, որ պաշտեն երկնքի զորքին,*+ ինչպես որ ասվում է մարգարեների գրվածքներում. «Ո՛վ Իսրայել, 40 տարիների ընթացքում, երբ անապատում էիր, մի՞թե ինձ էիր զոհեր ու ընծաներ մատուցում: 43 Ո՛չ, դու Մողոքի խորանն+ ու Հռեմփա աստծու աստղի քանդակն էիր քեզ հետ տանում՝ այն կուռքերը, որոնք շինեցիր դրանց պաշտելու համար: Այդ պատճառով ես քեզ Բաբելոն կաքսորեմ»:+
44 Մեր նախահայրերը անապատում վկայության խորանն ունեին, որը Աստված Մովսեսին պատվիրել էր պատրաստել՝ նրա տեսած օրինակի համաձայն:+ 45 Մեր նախահայրերը ժառանգեցին խորանը և Հեսուի հետ այն բերեցին մի երկիր,+ որտեղ ապրող ազգերին Աստված քշեց նրանց առաջից:+ Այնտեղ էլ այն մնաց մինչև Դավթի օրերը: 46 Դավիթն Աստծու բարեհաճությանն արժանացավ և խնդրեց, որ իրեն պատիվ ընձեռվի Հակոբի Աստծու համար բնակվելու տեղ կառուցել:+ 47 Սակայն Նրա համար Սողոմո՛նը տուն կառուցեց:+ 48 Բայց Բարձրյալը ձեռակերտ տներում չի բնակվում,+ ինչպես որ մարգարեն է ասել. 49 «Երկինքն իմ գահն է,+ և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը:+ Այդ ի՞նչ տուն պիտի կառուցեք ինձ համար,– ասում է Եհովան:– Կամ որտե՞ղ է իմ բնակության վայրը: 50 Մի՞թե իմ ձեռքով չի ստեղծվել այս ամենը»:+
51 Համա՛ռ, փա՛կ սրտով և լսելու անընդունա՛կ* մարդիկ, դուք միշտ հակառակվում եք սուրբ ոգուն. ինչպես ձեր նախահայրերն արեցին, այնպես էլ դուք եք անում:+ 52 Մարգարեներից ո՞ր մեկին ձեր նախահայրերը չհալածեցին:+ Նրանք սպանեցին այն մարդկանց, ովքեր նախապես հայտնեցին արդարի գալու մասին,+ որին դուք մատնեցիք ու սպանեցիք,+ 53 դո՛ւք, որ ստացաք հրեշտակների միջոցով փոխանցված Օրենքը,+ բայց չպահեցիք այն»:
54 Այս խոսքերը լսելով՝ նրանք կատաղեցին ու սկսեցին կրճտացնել իրենց ատամները: 55 Բայց Ստեփանոսը, սուրբ ոգով լցված, աչքերը հառեց դեպի երկինք և տեսավ Աստծու փառքը, նաև Հիսուսին, որը կանգնած էր Աստծու աջ կողմում,+ 56 ապա ասաց. «Ես տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն՝+ Աստծու աջ կողմում կանգնած»:+ 57 Իսկ նրանք ձեռքերով փակեցին իրենց ականջները և ողջ ձայնով բղավելով՝ բոլորը միասին հարձակվեցին նրա վրա: 58 Հետո նրան քաղաքից դուրս հանեցին և սկսեցին քարկոծել:+ Իսկ կեղծ վկաները+ իրենց վերնահագուստները դրեցին Սողոս անունով մի երիտասարդի ոտքերի մոտ:+ 59 Երբ Ստեփանոսին քարկոծում էին, նա աղերսեց. «Տե՛ր Հիսուս, ընդունիր իմ կյանքը»:* 60 Ապա ծնկի գալով՝ աղաղակեց. «Եհո՛վա, այս մեղքի համար հաշիվ մի՛ պահանջիր նրանցից»:+ Սա ասելուց հետո նա մահացավ:*