Հռութ
1 Այն ժամանակներում, երբ դատավորներն+ էին ղեկավարում,* երկրում սով սկսվեց: Մի մարդ իր կնոջ ու երկու որդիների հետ Հուդայի Բեթլեհեմ+ քաղաքից գնաց և որպես պանդուխտ բնակություն հաստատեց Մովաբում:*+ 2 Այդ մարդու անունը Ելիմելեք* էր, նրա կնոջ անունը՝ Նոյեմի,* իսկ երկու որդիների անունները՝ Մաալոն* ու Քելլոն:* Նրանք եփրաթացիներ էին՝ Հուդայի Բեթլեհեմից: Նրանք եկան Մովաբ ու մնացին այնտեղ:
3 Որոշ ժամանակ անց Ելիմելեքը՝ Նոյեմիի ամուսինը, մահացավ, և Նոյեմին մնաց իր երկու որդիների հետ: 4 Նրա որդիները մովաբացի կանանց հետ ամուսնացան: Մեկի անունը Օրփա էր, մյուսինը՝ Հռութ:+ Նրանք մոտ տասը տարի Մովաբում ապրեցին: 5 Հետո Մաալոնն ու Քելլոնն էլ մահացան, և Նոյեմին մնաց առանց իր երկու զավակների և ամուսնու: 6 Նա որոշեց Մովաբից վերադառնալ հայրենի երկիր, որովհետև լսել էր, որ Եհովան կրկին օրհնել է* իր ժողովրդին՝ ապահովելով սննդով:* Ուստի նա իր հարսների հետ ճանապարհ ընկավ:
7 Այսպիսով՝ Նոյեմին երկու հարսների հետ դուրս եկավ իր բնակության վայրից, որ վերադառնա Հուդայի երկիր: Մինչ նրանք քայլում էին ճանապարհով, 8 նա ասաց իր երկու հարսներին. «Գնացե՛ք, ամեն մեկդ վերադարձե՛ք ձեր մոր տուն: Թող Եհովան հավատարիմ սեր ցուցաբերի ձեր հանդեպ,+ ինչպես որ դուք ցուցաբերեցիք ձեր ամուսինների և իմ հանդեպ: 9 Թող Եհովան ամեն մեկիդ ամուսին պարգևի, որ ապահովություն* գտնեք նրանց տանը»:+ Ապա Նոյեմին համբուրեց իր հարսներին, և նրանք բարձրաձայն լաց եղան: 10 Հարսները նրան ասում էին. «Ո՛չ, քեզ հետ կգանք ու քո ժողովրդի մեջ կապրենք»: 11 Բայց Նոյեմին ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս: Ինչի՞ համար գաք ինձ հետ: Մի՞թե կարող եմ նորից որդիներ ունենալ, որ ձեր ամուսինները դառնան:+ 12 Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, գնացե՛ք, քանի որ ես արդեն շատ ծեր եմ ամուսնանալու համար: Նույնիսկ եթե հույս ունենայի, որ հենց այս գիշեր կամուսնանամ ու կկարողանամ որդիներ ունենալ, 13 կսպասեի՞ք մինչև նրանց մեծանալը, հանուն նրանց՝ կհրաժարվեի՞ք ամուսնանալուց: Պետք չէ, աղջիկնե՛րս: Եհովան իմ դեմ է դուրս եկել,+ ու երբ մտածում եմ, թե դա ինչպես է ձեզ վրա անդրադարձել, մեծ ցավ* եմ ապրում»:
14 Եվ նրանք նորից բարձր ձայնով լաց եղան: Հետո Օրփան համբուրեց իր սկեսրոջն ու հեռացավ, իսկ Հռութը մնաց նրա հետ: 15 Նոյեմին ասաց. «Տե՛ս, տեգրոջդ այրիացած կինը հետ դարձավ իր ժողովրդի ու իր աստվածների մոտ: Դո՛ւ էլ հետ դարձիր նրա հետ»:
16 Բայց Հռութն ասաց. «Մի՛ խնդրիր, որ թողնեմ քեզ ու հետ դառնամ: Ուր որ գնաս, ես էլ կգամ, որտեղ որ գիշերես, ես էլ այդտեղ կգիշերեմ: Քո ժողովուրդն իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածն իմ Աստվածը կլինի:+ 17 Որտեղ որ դու մահանաս, ես էլ այդտեղ կմահանամ ու կթաղվեմ: Թող Եհովան խստորեն պատժի ինձ,* եթե թույլ տամ, որ մահից բացի՝ ուրիշ որևէ բան բաժանի ինձ քեզնից»:
18 Տեսնելով, որ Հռութը հաստատ որոշել է գնալ իր հետ՝ Նոյեմին այլևս չփորձեց նրան համոզել: 19 Նրանք երկուսով շարունակեցին իրենց ճանապարհը, մինչև որ հասան Բեթլեհեմ:+ Հենց որ եկան Բեթլեհեմ, ամբողջ քաղաքում իրարանցում սկսվեց: Կանայք ասում էին. «Մի՞թե սա Նոյեմին է»: 20 Նա էլ ասում էր նրանց. «Ինձ Նոյեմի* մի՛ կոչեք, այլ Մարա* կոչեք, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրել է կյանքս:+ 21 Ես գնացի լիքը, բայց Եհովան ինձ դատարկաձեռն հետ բերեց: Ինչո՞ւ եք ինձ Նոյեմի կոչում, երբ Եհովան ինքն է իմ դեմ դուրս եկել, երբ Ամենակարողն ինքն է դժբախտություն բերել ինձ վրա»:+
22 Այսպիսով՝ Նոյեմին իր հարսի՝ մովաբացի Հռութի հետ վերադարձավ Մովաբից:+ Երբ նրանք եկան Բեթլեհեմ, գարու հնձի սկիզբն էր:+