Ծննդոց
40 Այդ դեպքերից հետո Եգիպտոսի թագավորի գլխավոր գինեմատույցն*+ ու գլխավոր հացագործը մեղք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ: 2 Ուստի փարավոնը բարկացավ իր երկու պալատականների՝ գլխավոր գինեմատույցի ու գլխավոր հացագործի+ վրա 3 և նրանց գցեց թիկնապահների պետի+ տան բանտը, որտեղ Հովսեփն էր բանտարկված:+ 4 Թիկնապահների պետը Հովսեփին նշանակեց, որ նրանց հետ լինի ու սպասավորություն անի նրանց:+ Այդպես նրանք որոշ ժամանակ մնացին բանտում:
5 Եգիպտոսի թագավորի գինեմատույցն ու հացագործը, որոնք բանտում էին, երազ տեսան, երկուսն էլ՝ նույն գիշերը. յուրաքանչյուրի երազը իր նշանակությունն ուներ: 6 Առավոտյան, երբ Հովսեփը նրանց մոտ մտավ, տեսավ, որ սրտնեղած են: 7 Նա հարցրեց. «Այսօր ինչո՞ւ է ձեր դեմքը այդպես մռայլ»: 8 Նրանք պատասխանեցին. «Մենք երազ ենք տեսել, բայց մեկնող չկա»: Հովսեփն ասաց նրանց. «Չէ՞ որ մեկնություն տվողն Աստված է:+ Խնդրում եմ, պատմեք ինձ ձեր տեսածը»:
9 Ուստի գլխավոր գինեմատույցը Հովսեփին պատմեց իր երազը. «Երազումս խաղողի վազ տեսա: 10 Վազի վրա երեք շիվեր կային: Բողբոջելուն պես դրանք անմիջապես ծաղիկներ տվեցին, և առաջացած ողկույզները հասունացան: 11 Փարավոնի գավաթը իմ ձեռքում էր: Ես վերցրի խաղողը և քամեցի փարավոնի գավաթի մեջ: Հետո գավաթը տվեցի փարավոնի ձեռքը»: 12 Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք շիվերը երեք օրեր են: 13 Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի* ու կվերադարձնի քո պաշտոնին,+ և դու փարավոնի գավաթը նրա ձեռքը կտաս, ինչպես նախկինում էիր անում, երբ նրա գինեմատույցն+ էիր: 14 Բայց, խնդրում եմ, երբ քեզ համար ամեն ինչ լավ լինի, հիշիր ինձ, բարություն* դրսևորիր իմ հանդեպ ու իմ մասին ասա փարավոնին, որ օգնես ինձ դուրս գալ այստեղից: 15 Ինձ բռնի ուժով են բերել եբրայեցիների երկրից,+ և այստեղ էլ ես ոչինչ չեմ արել, ինչի համար պետք է բանտ* գցվեի»:+
16 Երբ գլխավոր հացագործը տեսավ, որ Հովսեփի մեկնածը լավ բան է, ասաց. «Ես նույնպես երազ տեսա. գլխիս վրա երեք զամբյուղ կար, մեջը՝ սպիտակ հացեր: 17 Ամենավերևի զամբյուղի մեջ փարավոնի համար թխված տարբեր բաներ կային, և թռչուններն ուտում էին այդ զամբյուղից»: 18 Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք զամբյուղները երեք օրեր են: 19 Երեք օր հետո փարավոնը կգլխատի* քեզ ու սյունից կկախի, և թռչունները կուտեն քո մարմինը»:+
20 Երրորդ օրը փարավոնի ծննդյան տարեդարձն էր:+ Նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց և նրանց ներկայությամբ բերել տվեց գլխավոր գինեմատույցին ու գլխավոր հացագործին:* 21 Գլխավոր գինեմատույցին փարավոնը վերադարձրեց իր պաշտոնին, և նա սկսեց առաջվա պես ըմպելիք* մատուցել փարավոնին: 22 Իսկ գլխավոր հացագործին փարավոնը կախել տվեց:* Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որ Հովսեփը մեկնել էր նրանց:+ 23 Սակայն գլխավոր գինեմատույցը մոռացավ Հովսեփի մասին:+