Ծննդոց
9 Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը:+ 2 Երկրի բոլոր կենդանիները, երկնքի բոլոր թռչող արարածները, բոլոր զեռունները* և ծովի բոլոր ձկները կշարունակեն վախենալ ու սարսափել ձեզանից: Ձեր ձեռքն եմ տալիս* նրանց:+ 3 Ամեն կենդանի, որ ողջ է, թող կերակուր լինի ձեզ համար.+ դրանց բոլորին ձեզ եմ տալիս որպես սնունդ, ինչպես որ կանաչ բուսականությունն եմ տվել:+ 4 Միայն թե միսը իր կյանքով,* այսինքն՝ իր արյունով,+ մի՛ կերեք:+ 5 Իսկ ձեր արյան համար, որը ձեր կյանքն է,* ես հաշիվ կպահանջեմ. հաշիվ կպահանջեմ ամեն կենդանուց, որ կթափի ձեր արյունը, և ամեն մարդուց, որ կխլի իր եղբոր կյանքը:+ 6 Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունն էլ կթափվի մարդու ձեռքով,+ քանի որ ես իմ պատկերով եմ ստեղծել մարդուն:+ 7 Շատ երեխաներ ունեցեք, բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը»:+
8 Հետո Աստված ասաց Նոյին ու նրա որդիներին. 9 «Այժմ ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ+ ու ձեզնից հետո եկող ձեր սերունդների հետ, 10 նաև բոլոր կենդանիների,* որ ձեզ հետ դուրս են եկել տապանից՝ թռչունների, ընտանի կենդանիների և մյուս բոլոր կենդանիների հետ, այո՛, երկրի վրա ապրող ամեն կենդանի արարածի հետ:+ 11 Իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ. այլևս երբեք չի լինի այնպես, որ բոլոր շնչավոր էակները ոչնչացվեն ջրհեղեղով, և ջրհեղեղն այլևս չի ավերի երկիրը»:*+
12 Ապա Աստված ասաց. «Սա է նշանը այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու ձեր, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն կենդանի արարածի միջև: Այն ուժի մեջ կլինի ապագա բոլոր սերունդների համար: 13 Իմ ծիածանն եմ դնում ամպերի մեջ, և այն կլինի իմ ու երկրի միջև հաստատված ուխտի նշանը: 14 Երբ էլ որ ամպ բերեմ երկրի վրա, և ծիածանը հայտնվի ամպերի մեջ, 15 ես անշուշտ կհիշեմ իմ ուխտը, որ կապել եմ ձեզ և ամեն տեսակ կենդանի արարածի* հետ. այլևս երբեք ջրերը հեղեղ չեն դառնա, որ կործանեն ամեն շնչավոր էակի:+ 16 Ծիածանը կհայտնվի ամպերի մեջ, և այն տեսնելով՝ ես կհիշեմ հավերժական ուխտը, որ կնքված է իմ ու երկրի վրա ապրող ամեն տեսակ շնչավոր էակի* միջև»:
17 Աստված կրկին ասաց Նոյին. «Սա է նշանը այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու երկրի վրա ապրող ամեն շնչավոր էակի միջև»:+
18 Նոյի որդիները, որ դուրս եկան տապանից, Սեմը, Քամը և Հաբեթն էին:+ Հետագայում Քամը ունեցավ Քանանին:+ 19 Այս երեքն էին Նոյի որդիները. նրանցից առաջ եկավ ողջ մարդկությունը և տարածվեց երկրով մեկ:+
20 Նոյը սկսեց հողագործությամբ զբաղվել և խաղողի այգի տնկեց: 21 Մի անգամ, երբ նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկ պառկեց իր վրանում: 22 Քամը՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը և դուրս եկավ ու պատմեց իր երկու եղբայրներին: 23 Այդ ժամանակ Սեմն ու Հաբեթը մի թիկնոց վերցրին և իրենց ուսերին գցած, հետ-հետ գնալով՝ ներս մտան ու ծածկեցին իրենց հոր մերկությունը. նրանց երեսը ուրիշ կողմ էր շրջված, և իրենց հոր մերկությունը չտեսան:
24 Երբ գինուց սթափվելով՝ Նոյն արթնացավ և իմացավ, թե իր կրտսեր որդին* ինչ է արել իրեն, 25 ասաց.
«Անիծյա՛լ լինի Քանանը:+
Թող նա դառնա իր եղբայրների ամենանվաստ ծառան»:+
26 Ապա ավելացրեց.
«Թող փառաբանվի Եհովան՝ Սեմի Աստվածը,
Եվ թող Քանանը Սեմի ծառան դառնա:+
27 Թող Աստված մեծ տարածք շնորհի Հաբեթին,
Եվ թող նա Սեմի վրաններում բնակվի:
Թող Քանանը նաև նրա ծառան դառնա»:
28 Ջրհեղեղից հետո Նոյը ապրեց 350 տարի:+ 29 Ընդհանուր հաշվով Նոյն ապրեց 950 տարի և մահացավ: