Ղևտական
5 «Եթե որևէ մարդ ականատես է եղել մեկ ուրիշի մեղքին կամ իմացել է դրա մասին, բայց լսելով վկայություն տալու հրապարակային կոչը՝*+ չի հայտնում իր իմացածը, ապա նա մեղավոր է և պետք է պատասխան տա իր հանցանքի համար:
2 Եթե որևէ մարդ ինչ-որ անմաքուր բանի դիպչի՝ որևէ սատկած կենդանու՝ լինի դա անմաքուր վայրի կենդանի, անմաքուր ընտանի կենդանի, թե անմաքուր փոքր արարած,*+ ապա նա անմաքուր կլինի և հանցավոր կդառնա, անգամ եթե միտումնավոր չի արել դա: 3 Կամ եթե ինչ-որ մեկը առանց իմանալու դիպչի մարդուն առնչվող որևէ անմաքրության՝+ անմաքուր որևէ մեկի կամ որևէ բանի, որին դիպչելով նա կարող է անմաքուր դառնալ, ապա թեև չի իմացել այդ մասին և միայն հետո է գիտակցել, միևնույն է, հանցավոր է:
4 Եթե որևէ մարդ հապճեպ երդում տա, թե ինչ-որ բան կանի՝ լավ կամ վատ, ապա թեև չի հասկացել և միայն հետո է գիտակցել, որ անմտածված երդում է տվել, միևնույն է, հանցավոր է:*+
5 Եթե մարդը այս բաներից որևէ մեկում հանցավոր դառնա, ապա պետք է խոստովանի իր մեղքը:+ 6 Իր գործած մեղքի համար նա պետք է հանցանքի զոհ*+ բերի Եհովային. իր հոտի միջից էգ գառ կամ էգ ուլ թող բերի որպես մեղքի զոհ:* Ապա քահանան քավություն կանի նրա մեղքի համար:
7 Սակայն եթե հնարավորություն չունի մանր եղջերավոր կենդանի բերելու, ապա իր գործած մեղքի համար երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի+ պետք է բերի Եհովային որպես հանցանքի զոհ՝ մեկը՝ որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզ:+ 8 Դրանք պետք է բերի քահանայի մոտ, ով դրանցից մեկը կմատուցի որպես մեղքի զոհ. նա կտրվածք կանի վզի վրա՝* առանց գլուխը պոկելու, 9 ապա որպես մեղքի զոհ մատուցված այդ թռչնի արյունից կցողի զոհասեղանի կողապատին: Իսկ մնացած արյունը պետք է քամվի զոհասեղանի հիմքի մոտ:+ Դա մեղքի զոհ է: 10 Մյուս թռչունը նա կմատուցի որպես ողջակեզ՝ սահմանված արարողակարգի+ համաձայն: Քահանան նրա գործած մեղքի համար քավություն կանի, և նա կներվի:+
11 Իսկ եթե միջոցներ չունի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերելու, ապա իր գործած մեղքի համար պետք է մեկ տասներորդ արդուի*+ չափ մանր աղացած ալյուր բերի որպես մեղքի զոհ: Դրա վրա յուղ չպետք է լցնի և կնդրուկ* չպետք է դնի, քանի որ դա մեղքի զոհ է: 12 Այն պետք է բերի քահանայի մոտ, ու քահանան դրանից պետք է մի բուռ վերցնի որպես այդ ողջ զոհի խորհրդանիշ* և այրի զոհասեղանի վրա՝ դնելով Եհովային մատուցված հրկիզվող զոհերի վրա: Դա մեղքի զոհ է: 13 Քահանան քավություն կանի նրա գործած մեղքի համար, նշված մեղքերից որն էլ որ լինի, և այդ մարդը կներվի:+ Իսկ զոհից ինչ մնա, քահանայինը կլինի,+ ինչպես հացի ընծայի դեպքում»»:+
14 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 15 «Եթե որևէ մեկը սխալ վարվի՝ ոչ միտումնավոր մեղք գործի՝ խախտելով սուրբ բաների մասին Եհովայի օրենքը,+ ապա պետք է Եհովայի համար անարատ արու ոչխար բերի որպես հանցանքի զոհ:+ Քահանան կորոշի, թե դրա արժեքը քանի սիկղ* արծաթ պետք է լինի՝ սուրբ վայրի կշռաչափով:*+ 16 Մեղք գործողը պետք է փոխհատուցի իր մեղքի համար՝ վճարելով այն բանի արժեքը, ինչը պետք է սուրբ վայրին պատկաներ, և ավելացնի նաև այդ արժեքի հինգերորդ մասը:+ Նա այդ ամենը, ինչպես նաև արու ոչխարը, որ բերել է որպես հանցանքի զոհ, պետք է տա քահանային, որպեսզի քահանան քավություն անի+ նրա համար, և նա կներվի:+
17 Եթե որևէ մեկը մեղք գործի՝ անելով մի բան, ինչ Եհովան պատվիրել է չանել, անգամ եթե դա անի անգիտակցաբար, միևնույն է, հանցավոր է+ և պետք է պատասխան տա իր հանցանքի համար: 18 Նա որպես հանցանքի զոհ պետք է քահանայի մոտ բերի անարատ արու ոչխար՝ ըստ որոշված արժեքի:+ Քահանան քավություն կանի նրա սխալի համար, որ արել է առանց իմանալու, ոչ միտումնավոր, և նա կներվի: 19 Դա հանցանքի զոհ է, որը նա պետք է մատուցի, քանի որ անշուշտ հանցավոր է դարձել Եհովայի առաջ»: