2 Կորնթացիներ
10 Ես՝ Պողոսս, ընդօրինակելով Քրիստոսին, հեզությամբ* ու բարությամբ եմ խոսքս ուղղում ձեզ,+ թեև ձեզնից ոմանք ասում են, թե ձեզ հետ եղած ժամանակ ես խեղճուկրակ եմ,+ իսկ հեռու գտնվելիս խստությամբ եմ խոսում:+ 2 Աղաչում եմ ձեզ, այնպես արեք, որ ստիպված չլինեմ խստությամբ խոսելու և լուրջ միջոցներ ձեռնարկելու նրանց դեմ, ովքեր կարծում են, թե մենք մարդկային մտածելակերպով ենք շարժվում: 3 Թեև մենք ապրում ենք մյուս մարդկանց պես,* սակայն մարդկային մտածելակերպով չենք պատերազմում, 4 քանի որ մեր պատերազմի զենքերը մարդկային զենքեր չեն,+ այլ Աստծուց են տրված ու զորավոր են՝+ ունակ քանդելու ցանկացած հզոր ամրություն: 5 Մենք քանդում ենք սխալ դատողություններ, ամեն վերամբարձ գաղափար, որ մարդկանց խանգարում է ճանաչել Աստծուն,+ և գերեվարում ենք ամեն միտք՝ հնազանդեցնելով Քրիստոսին: 6 Երբ ձեր լիակատար հնազանդությունը ակնհայտ լինի, մենք պատրաստ կլինենք պատժելու ցանկացած մեկի, ով որևէ հարցում անհնազանդություն կդրսևորի:+
7 Դուք արտաքին բաներով եք դատում: Եթե որևէ մեկը վստահ է, թե Քրիստոսի հետևորդն է, թող ինքն իրեն հիշեցնի այն փաստը, որ ինչպես ինքն է Քրիստոսի հետևորդ, այնպես էլ մենք: 8 Տերը մեզ իրավասություն է տվել ձեզ հոգևորապես ամրացնելու, ոչ թե տապալելու: Եվ եթե ես այդ իրավասության համար չափից շատ էլ պարծենայի,+ չէի ամաչի: 9 Թող այնպիսի տպավորություն չլինի, թե ուզում եմ սարսափեցնել ձեզ իմ նամակներով: 10 Ոմանք ասում են. «Նրա նամակները ծանրակշիռ են ու ազդեցիկ, բայց երբ անձամբ այստեղ է, ոչ մի տպավորություն չի թողնում, և խոսքն էլ լսելու բան չէ»: 11 Թող այդպես խոսողներն իմանան, որ ինչպես գրել ենք մեր նամակներում, այդպես էլ կվարվենք, երբ գանք:+ 12 Մենք չենք էլ համարձակվի դասվել իրենց անձը բարձրացնողների շարքերը կամ համեմատվել նրանց հետ:+ Նրանք իրենցով են չափում միմյանց, իրենց հետ են միմյանց համեմատում և այդպիսով ցույց են տալիս, որ հասկացողություն չունեն:+
13 Իսկ մենք մեզ հանձնարարված գործից դուրս ուրիշ ոչ մի բանով չենք պարծենա, այլ կպարծենանք միայն այն ամենով, ինչին հասել ենք Աստծու կողմից մեզ նշանակված գործի սահմաններում,* որը ներառում է ձեզ քարոզելը:+ 14 Ձեզ մոտ գալով՝ մենք մեզ հանձնարարվածի սահմաններից դուրս չենք եկել. դուրս եկած կլինեինք, եթե դուք այդ սահմանների մեջ չլինեիք: Մենք առաջինն էինք, որ ձեզ քարոզեցինք Քրիստոսի մասին բարի լուրը:+ 15 Ո՛չ, մենք չենք պարծենում մի բանով, ինչի համար ուրիշներն են ջանք ներդրել, այլ պարծենում ենք միայն մեր ձեռքբերումներով, որ ունեցել ենք մեզ տրված սահմաններում: Հույս ունենք, որ ձեր հավատի աճելու հետ մեկտեղ մեր սահմաններում արած մեր գործը ավելի շատ պտուղ կբերի: Այդ ժամանակ մենք է՛լ ավելին կանենք 16 և բարի լուրը կհռչակենք ձեզնից այն կողմ գտնվող երկրներում, ոչ թե կպարծենանք ուրիշների գործով, որ արել են իրենց սահմաններում: 17 «Բայց ով պարծենում է, թող Եհովայով* պարծենա»:+ 18 Չէ՞ որ Եհովան հավանություն է տալիս նրան, ում ինքն է բարձրացնում,+ ոչ թե նրան, ով ինքն իրեն է բարձրացնում:+