2 Կորնթացիներ
1 Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալ եմ: Ինձ հետ է մեր եղբայր Տիմոթեոսը:+ Գրում եմ Աստծու ժողովին, որը Կորնթոսում է, ինչպես նաև ողջ Աքայայում+ եղող բոլոր սրբերին:*
2 Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:
3 Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը+ և Հայրը՝ ջերմ գթասրտության Հայրը+ և ամենայն մխիթարության Աստվածը,+ 4 ով մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների* մեջ,+ որպեսզի մենք ինքներս էլ կարողանանք Աստծու տված այդ մխիթարությամբ+ սփոփել ուրիշներին,+ ինչ նեղության մեջ էլ որ նրանք լինեն: 5 Թեև հանուն Քրիստոսի մեր կրած չարչարանքները շատ են,+ սակայն շատ է նաև այն մխիթարությունը, որ ստանում ենք Քրիստոսի միջոցով: 6 Երբ բախվում ենք փորձությունների, դա նպաստում է ձեր մխիթարությանն ու փրկությանը, և երբ մխիթարվում ենք, դա էլ է ձեզ մխիթարություն բերում: Այդ մխիթարությունը օգնում է, որ դիմանաք այն նույն չարչարանքներին, որոնք մենք էլ ենք կրում: 7 Ամուր վստահություն ունենք* ձեր հարցում, որովհետև գիտենք, որ ինչպես չարչարանքներ եք կրում մեզ նման, այդպես էլ մեզ նման կմխիթարվեք:+
8 Եղբայրնե՛ր, ուզում ենք՝ տեղյակ լինեք, թե ինչ փորձության բախվեցինք Ասիա պրովինցիայում.+ մեր դրությունն այնքան ծանր էր, որ մեր ուժերով չէինք կարող դիմանալ և նույնիսկ չգիտեինք՝ ողջ կմնանք, թե ոչ:+ 9 Մեզ թվում էր, թե մահն անխուսափելի է: Այդ ամենը պատահեց, որ ոչ թե ինքներս մեզ ապավինենք, այլ Աստծուն,+ ով հարություն է տալիս մահացածներին: 10 Մահվան վտանգից նա փրկեց մեզ և հետո էլ կփրկի. այո՛, վստահ ենք, որ նա միշտ էլ կփրկի մեզ:+ 11 Դուք ևս կարող եք օգնել՝ ջերմեռանդորեն աղոթելով մեզ համար,+ որպեսզի ի պատասխան շատերի աղոթքների՝ Աստված օգնի մեզ, և արդյունքում շնորհակալական շատ աղոթքներ մատուցվեն նրան:+
12 Մենք պարծենալու պատճառ ու մաքուր խիղճ ունենք, քանի որ աշխարհի մարդկանց հետ և առավել ևս ձեզ հետ վարվել ենք սրբությամբ ու այնպիսի անկեղծությամբ, որ Աստված է սովորեցնում, և չենք հիմնվել մարդկային իմաստության վրա,+ այլ արտացոլել ենք Աստծու անզուգական բարությունը: 13 Մենք ձեզ միայն այնպիսի բաներ ենք գրում, որ կարող եք կարդալով հեշտությամբ հասկանալ,* և հուսով եմ՝ կշարունակեք լիովին* ըմբռնել դրանք: 14 Ձեզնից ոմանք արդեն իսկ հասկանում են, որ մենք ձեր պարծանքն ենք, ինչպես որ դուք էլ մեր պարծանքը կլինեք մեր Տեր Հիսուսի օրը:
15 Դրանում վստահ լինելով՝ ես մտադրվել էի նախ ձեզ մոտ գալ, որ դուք երկրորդ անգամ ուրախություն ապրեք:* 16 Նպատակ ունեի ձեզ մոտ գալ Մակեդոնիա գնալիս և Մակեդոնիայից էլ վերադառնալ ձեզ մոտ, իսկ հետո, երբ գնալու լինեի Հրեաստան, խնդրելու էի, որ ճանապարհի մի մասը ուղեկցեք ինձ:+ 17 Ուրեմն երբ որոշեցի գալ, մի՞թե կարծում եք, թե որոշմանս թեթևամտորեն վերաբերվեցի: Կամ մի՞թե իմ քմահաճույքով եմ ինչ-որ բան ծրագրում, որ մեկ ասեմ՝ «Այո՛», մեկ՝ «Ո՛չ»: 18 Ինչպես կասկած չկա, որ Աստված է վստահարժան, այդպես էլ մեր ասածներն են արժանահավատ. մեր ասած «այո»-ն «ոչ» չի դառնում: 19 Աստծու Որդու՝ Քրիստոս Հիսուսի պարագայում էլ, որի մասին ես, Սիլվանոսը* և Տիմոթեոսը քարոզեցինք ձեզ,+ «այո»-ն «այո» եղավ և «ոչ» չդարձավ: 20 Աստված ինչքան խոստումներ որ տվել էր, նրա միջոցով «այո» դարձան:+ Դրա համար էլ Աստծուն ուղղված մեր աղոթքում նրա միջոցով ենք «ամեն» ասում,+ ինչով էլ փառք ենք բերում Աստծուն: 21 Հենց Աստված է երաշխավորում, որ դուք և մենք Քրիստոսինն ենք, Աստված է մեզ օծել:+ 22 Նա նաև իր կնիքն է դրել մեզ վրա՝+ իր ոգին է դրել մեր սրտերում որպես գալիք օրհնությունների գրավական:*+
23 Աստված վկա է. մինչև հիմա ես չեմ եկել Կորնթոս միայն այն պատճառով, որ չեմ ուզել ձեզ վատ դրության մեջ գցել: 24 Մենք բնավ չենք ուզում վերահսկել ձեր հավատը,+ մենք պարզապես ձեր համագործակիցներն ենք, որ նպաստում ենք ձեր ուրախությանը: Ձեր հավատի շնորհիվ է, որ դուք անսասան եք մնում: