Ծննդոց
29 Դրանից հետո Հակոբը շարունակեց իր ճանապարհը ու գնաց դեպի արևելցիների երկիր:* 2 Հասնելով այնտեղ՝ նա դաշտում մի ջրհոր տեսավ, որի մոտ հանգիստ էին առնում ոչխարների երեք հոտեր. հոտերին այդ ջրհորից էին ջուր տալիս: Դրա բերանին մի մեծ քար կար: 3 Երբ բոլոր հոտերը հավաքվում էին, հովիվները ջրհորի բերանից քարը մի կողմ էին գլորում ու ջուր էին տալիս հոտերին, ապա քարը դնում էին իր տեղը:
4 Հակոբը հարցրեց հովիվներին. «Եղբայրնե՛րս, որտեղի՞ց եք»: Նրանք պատասխանեցին. «Խառանից»:+ 5 Նա ասաց. «Նաքորի+ թոռ Լաբանին+ ճանաչո՞ւմ եք»: Նրանք էլ պատասխանեցին. «Ճանաչում ենք»: 6 Հակոբը հարցրեց. «Ինչպե՞ս է, լա՞վ է»: Նրանք էլ պատասխանեցին. «Լավ է: Սա էլ նրա աղջիկ Ռաքելն+ է, որ գալիս է ոչխարների հետ»: 7 Հակոբն ասաց. «Դեռ կեսօր է: Հոտերը հավաքելու ժամանակը չէ: Լավ կլիներ՝ ջուր տայիք նրանց ու հետո տանեիք արածեցնեիք»: 8 Նրանք էլ ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը չհավաքվեն: Այդ ժամանակ ենք քարը ջրհորի բերանից մի կողմ գլորում և ջուր տալիս ոչխարներին»:
9 Հակոբը դեռ խոսում էր նրանց հետ, երբ Ռաքելը եկավ՝ բերելով իր հոր ոչխարները, որոնց հովվում էր: 10 Տեսնելով, որ իր քեռի Լաբանի աղջիկ Ռաքելը ոչխարների հետ եկավ՝ Հակոբն անմիջապես մոտեցավ ջրհորին, քարը մի կողմ գլորեց և ջուր տվեց ոչխարներին: 11 Ապա Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձր ձայնով լաց եղավ: 12 Հակոբը Ռաքելին ասաց, որ ինքը նրա հոր ազգականն* է՝ Ռեբեկայի որդին: Ռաքելն էլ վազելով գնաց ու պատմեց իր հորը:
13 Հենց որ Լաբանը+ լսեց իր քրոջ որդու՝ Հակոբի մասին, վազեց նրան դիմավորելու: Նա գրկեց նրան, համբուրեց ու բերեց իր տուն: Հակոբն էլ Լաբանին պատմեց իր գլխով անցածը: 14 Լաբանն ասաց նրան. «Դու իրոք որ իմ միսն ու արյունն ես»:* Եվ այդպես Հակոբը մի ամբողջ ամիս մնաց նրա մոտ:
15 Հետո Լաբանն ասաց Հակոբին. «Եթե ազգականս* ես,+ ուրեմն ի՞նչ՝ առանց վճարի՞ պիտի ծառայես ինձ: Ասա ինձ, ի՞նչ վարձ տամ քեզ»:+ 16 Լաբանը երկու աղջիկ ուներ: Մեծի անունը Լիա էր, փոքրինը՝ Ռաքել:+ 17 Լիայի աչքերում փայլ չկար, մինչդեռ Ռաքելը շատ գեղեցիկ ու հմայիչ աղջիկ էր: 18 Հակոբը սիրում էր Ռաքելին, ուստի ասաց. «Ես յոթ տարի կծառայեմ քեզ քո կրտսեր աղջկա՝ Ռաքելի համար»:+ 19 Լաբանն էլ պատասխանեց. «Ավելի լավ է՝ նրան քեզ տամ, քան մեկ ուրիշին: Շարունակիր ապրել ինձ մոտ»: 20 Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար,+ բայց իր աչքին այդ տարիներն ասես մի քանի օր լինեին, որովհետև սիրում էր նրան:
21 Հետո Հակոբն ասաց Լաբանին. «Մեր որոշած ժամկետը լրացել է. Ռաքելին* տուր ինձ, որ ամուսնանամ* նրա հետ»: 22 Այդ ժամանակ Լաբանը հավաքեց այդտեղ ապրող բոլոր մարդկանց և խնջույք արեց: 23 Բայց երեկոյան նա իր աղջիկ Լիայի՛ն բերեց Հակոբի մոտ որպես նրան կին:* 24 (Լաբանը Զելփային՝ իր աղախնին, տվեց Լիային):+ 25 Առավոտյան Հակոբը տեսավ, որ դա Լիան է: Նա ասաց Լաբանին. «Այս ի՜նչ արեցիր: Չէ՞ որ Ռաքելի համար եմ ծառայել քեզ: Ինչո՞ւ խաբեցիր ինձ»:+ 26 Լաբանն էլ պատասխանեց. «Մեր կողմերում ընդունված չէ կրտսերին առաջնեկից շուտ կնության տալ: 27 Մի շաբաթ տոնիր այս կնոջ հետ ամուսնությունդ, հետո մյուսին էլ կտամ քեզ, բայց դրա դիմաց պետք է յոթ տարի էլ ծառայես ինձ»:+ 28 Հակոբը այդպես էլ արեց՝ մի շաբաթ տոնեց այդ կնոջ հետ ամուսնությունը, իսկ հետո Լաբանն իր դուստր Ռաքելին էլ կնության տվեց նրան: 29 (Լաբանը իր աղախին Բալլային+ տվեց Ռաքելին):+
30 Հակոբը հարաբերություն ունեցավ Ռաքելի հետ: Նա Ռաքելին ավելի շատ էր սիրում, քան Լիային, և նրա համար Լաբանին ծառայեց ևս յոթ տարի:+ 31 Տեսնելով, որ Լիան սիրված չէ՝* Եհովան երեխա ունենալու հնարավորություն տվեց նրան,*+ մինչդեռ Ռաքելն ամուլ էր:+ 32 Լիան հղիացավ և մի որդի ունեցավ: Նրա անունը Ռուբեն*+ դրեց՝ ասելով. «Եհովան տեսավ իմ թշվառությունը,+ և հիմա ամուսինս կսիրի ինձ»: 33 Հետո նա կրկին հղիացավ ու որդի ծնեց: Նա ասաց. «Եհովան լսեց, որ հառաչում եմ սիրված չլինելու պատճառով, և այս մեկին էլ պարգևեց ինձ»: Դրա համար Լիան նրա անունը Շմավոն*+ դրեց: 34 Լիան դարձյալ հղիացավ, որդի ծնեց ու ասաց. «Հիմա ամուսինս ավելի կապված կլինի ինձ հետ, քանի որ ես երեք որդի եմ ծնել նրա համար»: Ուստի որդու անունը Ղևի*+ դրեց: 35 Նա նորից հղիացավ և որդի ունեցավ, ապա ասաց. «Այժմ ես կգովաբանեմ Եհովային»: Ուստի երեխայի անունը Հուդա*+ դրեց: Դրանից հետո Լիան որոշ ժամանակ երեխա չունեցավ: