Թվեր
25 Երբ Իսրայելը բնակվում էր Սատիմում,+ ժողովուրդը սկսեց անբարո հարաբերություններ ունենալ Մովաբի աղջիկների հետ:+ 2 Այդ կանայք իսրայելացիներին հրավիրում էին իրենց աստվածներին զոհ մատուցելու արարողությանը,+ և նրանք ուտում էին զոհերից ու խոնարհվում նրանց աստվածների առաջ:+ 3 Այդպես Իսրայելը ներքաշվեց Փեգորի Բահաղի պաշտամունքի մեջ,+ և Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ: 4 Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրու այդ մարդկանց բոլոր գլխավորներին, սպանիր և նրանց մարմինները օրը ցերեկով* կախիր Եհովայի առաջ, որպեսզի Իսրայելի դեմ Եհովայի բորբոքված բարկությունը հանդարտվի»: 5 Մովսեսն ասաց Իսրայելի դատավորներին.+ «Ամեն մեկդ սպանեք ձեր մարդկանց՝* բոլորին, ովքեր ներքաշվել են Փեգորի Բահաղի պաշտամունքի մեջ»:+
6 Այդ ժամանակ, երբ իսրայելացիները լացում էին հանդիպման վրանի մուտքի մոտ, մի իսրայելացի տղամարդ Մովսեսի և ամբողջ ժողովրդի աչքի առաջ մի մադիանացի կնոջ+ բերեց ճամբար:* 7 Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը,+ դա տեսնելով, անմիջապես վեր կացավ, նիզակը ձեռքն առավ, 8 իսրայելացի մարդու հետևից վրանը մտավ ու երկուսին էլ խոցեց՝ թե՛ իսրայելացի տղամարդուն և թե՛ այդ կնոջը: Նա նիզակը կնոջ փորը* խրեց: Այդ ժամանակ իսրայելացիների վրա եկած պատուհասը դադարեց:+ 9 Պատուհասից մահացածների թիվը 24 000 էր:+
10 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. 11 «Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը,+ հեռացրեց իմ ցասումը Իսրայելի ժողովրդից, քանի որ իմ հանդեպ ոչ մի անհավատարմություն չհանդուրժեց:*+ Ահա թե ինչու ես բնաջինջ չարեցի իսրայելացիներին, թեև բացարձակ նվիրվածություն եմ պահանջում:+ 12 Դրա համար ասա նրան, որ ես խաղաղության ուխտ եմ կապում նրա հետ: 13 Դա քահանայության ուխտ կլինի դարեդար նրա և նրա գալիք սերունդների համար,+ որովհետև նա իր Աստծու հանդեպ ոչ մի անհավատարմություն չհանդուրժեց*+ ու քավություն արեց Իսրայելի ժողովրդի համար»:
14 Մադիանացի կնոջ հետ սպանված իսրայելացու անունը Զամրի էր. նա Շմավոնյանների նահապետական տան տոհմապետներից մեկն էր՝ Սալուի որդին: 15 Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր: Նա Սուրի+ դուստրն էր. այդ մարդը Մադիանում+ մի նահապետական տան տոհմապետ էր:
16 Այդ դեպքերից հետո Եհովան ասաց Մովսեսին. 17 «Հարձակվե՛ք մադիանացիների վրա ու ջախջախե՛ք նրանց,+ 18 որովհետև նրանք չարիք բերեցին ձեզ վրա՝ խորամանկորեն ներքաշելով մեղքի մեջ՝ Փեգորին*+ առնչվող մեղքի, ինչպես նաև իրենց քույր Քազբիին առնչվող մեղքի մեջ, որը Մադիանի տոհմապետներից մեկի աղջիկն էր, և որը սպանվեց+ այն օրը, երբ Փեգորի դեպքի պատճառով պատուհաս էր եկել ձեզ վրա»:+