10 Սողոմոնի առակները:+
Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը,+
Իսկ հիմար որդին իր մոր տրտմությունն է:
2 Անազնվությամբ ձեռք բերված գանձերը անօգուտ կլինեն,
Բայց արդարությունը կազատի մահից:+
3 Եհովան արդարին սոված չի թողնի,+
Բայց չար մարդկանց ցանկությունը կմերժի:
4 Ծույլ ձեռքերը աղքատության կտանեն,+
Բայց ժրաջան ձեռքերը հարստություն կբերեն:+
5 Այն որդին, որն ամռանն է հավաքում բերքը, հասկացողությամբ է գործում,
Իսկ այն որդին, որը հնձի ժամանակ խորը քնում է, ամոթալի կերպով է վարվում:+
6 Օրհնությունները արդարի վրա են թափվում,+
Իսկ չարագործի խոսքերը թաքցնում են նրա դաժան մտադրությունները:
7 Արդարին օրհնելով կհիշեն,+
Մինչդեռ չարագործի անունը կփտի:+
8 Իմաստուն սիրտ ունեցողը կընդունի խորհուրդները,+
Բայց հիմար բաներ խոսողը կտուժի:+
9 Անարատ վարք ունեցողը ապահով կքայլի,+
Բայց անազնիվ մարդը կքողազերծվի:+
10 Նա, ով նենգորեն աչքով է անում, տրտմություն է պատճառում,+
Եվ հիմարաբար խոսողը կտուժի:+
11 Արդարի խոսքերը կյանքի աղբյուր են,+
Իսկ չարագործի բերանը թաքցնում է իր դաժան մտադրությունները:+
12 Ատելությունը վեճեր է հրահրում,
Բայց սերը ծածկում է բոլոր հանցանքները:+
13 Հասկացող մարդու շուրթերին իմաստություն կա,+
Իսկ անխոհեմ մարդու մեջքի համար գավազան է պատրաստված:+
14 Իմաստունները գանձի պես փայփայում են գիտելիքները,+
Իսկ հիմարի լեզուն կործանում է իրեն:+
15 Հարուստ մարդու ունեցվածքը նրա համար ամուր քաղաք է,
Իսկ աղքատի չքավորությունն իր կործանումն է:+
16 Արդարի գործերը կյանքի են տանում,
Իսկ չարագործը իր եկամուտն օգտագործում է մեղք գործելու համար:+
17 Ով ուշադրություն է դարձնում խրատին, կյանքի է առաջնորդում ուրիշներին,
Իսկ ով արհամարհում է խորհուրդը, շեղում է ճիշտ ճանապարհից:
18 Իր ատելությունը թաքցնողը սուտ է խոսում,+
Եվ ուրիշների մասին չար բաներ տարածողը հիմար է:
19 Շատախոս մարդը չի խուսափի մեղքից,+
Բայց իր շուրթերը հսկողը խոհեմությամբ է վարվում:+
20 Արդարի լեզուն ընտիր արծաթ է,+
Իսկ չարագործի սիրտը չնչին արժեք ունի:
21 Արդարի շուրթերը սնում են շատերին,+
Բայց հիմարները մեռնում են անխոհեմության պատճառով:+
22 Եհովայի օրհնությունն է հարստացնում,+
Եվ նա այդ օրհնության հետ ցավ չի բերում:
23 Հիմարի համար ամոթալի վարքը խաղի պես է,
Բայց իմաստությունը խորաթափանց մարդուն է բնորոշ:+
24 Ինչից չարագործը վախենում է, դա էլ կգա նրա վրա,
Բայց արդարների ցանկությունը կիրագործվի:+
25 Երբ փոթորիկ լինի, չարագործը կվերանա,+
Բայց արդարը հիմքի պես է, որն առհավետ անսասան է:+
26 Ինչպես քացախն է գրգռում ատամները, և ծուխը՝ աչքերը,
Այնպես էլ ծույլ մարդն է նյարդայնացնում իր գործատուին:
27 Եհովայի հանդեպ վախը երկարացնում է կյանքը,+
Իսկ չարագործների տարիները կկրճատվեն:+
28 Արդարների ակնկալիքը ուրախություն է բերում,+
Բայց չար մարդկանց հույսը չի իրականանա:+
29 Եհովայի ճանապարհը անարատի համար ամրոց է,+
Իսկ չարագործի համար՝ կործանում:+
30 Արդարը երբեք չի ընկնի,+
Իսկ չարագործները այլևս երկրի վրա չեն բնակվի:+
31 Արդարի բերանից իմաստություն է բխում,
Իսկ ապականված լեզուն կկտրվի:
32 Արդարի շուրթերից հաճելի խոսքեր են հնչում,
Բայց չարագործի լեզուն ապականված է: