‘Օրհնությունները արդարի համար են’
«Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ»,— ասաց տարիքն առած սաղմոսերգու Դավիթը (Սաղմոս 37։25)։ Եհովա Աստված սիրում է արդարներին և քնքշորեն հոգ տանում նրանց։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, նա հորդորում է իր ճշմարիտ երկրպագուներին արդարություն որոնել (Սոփոնիա 2։3)։
Արդար լինել՝ նշանակում է ապրել ճշտի և սխալի Աստծո չափանիշներին համաձայն։ Քաջալերելով Աստծո կամքին համաձայն գործել՝ Աստվածաշնչի «Առակաց» գրքի 10–րդ գլուխը նշում է հոգևոր առատ օրհնությունների մասին, որոնք վայելում են նրանք, ովքեր այդպես են վարվում։ Այդ օրհնություններից են հոգևորապես սննդարար առատ կերակուրը, պարգևատրող և բավականություն պատճառող գործը, և Աստծո ու մարդկանց հետ լավ փոխհարաբերությունը։ Ուրեմն՝ եկեք խորհրդածենք «Առակաց» գրքի 10–րդ գլխի 1–14-րդ համարների շուրջ։
Հիանալի դրդապատճառ
Տասներորդ գլխի բացման խոսքերը պարզ հայտնում են, թե ով է այս գլխի հեղինակը։ Այն այսպես է սկսվում. «Սողոմոնի առակները»։ Նշելով ճիշտ ուղղուն հետևելու հիանալի դրդապատճառը՝ հին Իսրայելի Սողոմոն թագավորն ասում է. «Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է» (Առակաց 10։1)։
Ինչպիսի՜ վիշտ են ապրում ծնողները, երբ իրենց երեխաներից թեկուզ մեկը դադարում է ճշմարիտ ու կենդանի Աստծուն երկրպագել։ Իմաստուն թագավորը հատկապես նշում է մոր վիշտը, հավանաբար տալով այն միտքը, որ այն նրա մոտ շատ ավելի խորն է։ Դա էր իրողությունը Դորիսի հետ։a Նա պատմում է. «Երբ մեր քսանմեկամյա որդին թողեց ճշմարտությունը, ես և ամուսինս՝ Ֆրենկը, խիստ վշտացանք։ Սակայն ես ավելի խոր էմոցիոնալ ցավ եմ զգացել, քան Ֆրենկը։ Այդ դեպքին հաջորդած տասներկու տարիները դեռևս չեն բուժել այդ վերքերը»։
Երեխաները կարող են ուրախություն պատճառել իրենց հայրերին և կարող են տրտմեցնել իրենց մայրերին։ Թող որ իմաստուն լինենք և ուրախացնենք մեր ծնողներին։ Եվ, ինչն ավելի կարևոր է, եկեք ուրախացնենք մեր երկնային Հոր՝ Եհովայի սիրտը։
‘Արդարի հոգին հագեցված է’
«Գանձերը չեն օգնի անօրէններին,— ասում է թագավորը,— մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից» (Առակաց 10։2, ԷԹ)։ Ճշմարիտ քրիստոնյաների համար, որոնք ապրում են վերջին ժամանակներում, թանկ արժեն այս խոսքերը (Դանիէլ 12։4)։ Մոտ է Աստծուց օտարացած աշխարհի վերջը։ Մարդու կողմից պատրաստված ոչ մի միջոց՝ լինի դա նյութական, ֆինանսական թե ռազմական, չի կարող պաշտպանել նրան գալիք «մեծ նեղությունից» (Յայտնութիւն 7։9, 10, 13, 14)։ Միայն «ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կը մնան նորանում» (Առակաց 2։21)։ Ուրեմն՝ շարունակենք ‘նախ խնդրել Աստծո արքայությունը և նրա արդարությունը’ (Մատթէոս 6։33)։
Աստծո օրհնությունները ստանալու համար Եհովայի ծառաներին պետք չէ սպասել մինչև խոստացված նոր աշխարհի հաստատվելը։ «Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը» (Առակաց 10։3)։ «Հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով Եհովան հոգևոր առատ կերակուր է տալիս (Մատթէոս 24։45)։ Արդարներն ամեն պատճառ ունեն, որպեսզի «ցնծան սրտի բերկրութիւնից» (Եսայիա 65։14)։ Գիտությունը հաճույք է նրանց պատճառում, հոգևոր գանձեր փնտրելը՝ բերկրանք։ Իսկ ամբարիշտը զուրկ է այս վայելքներից։
‘Ժրաջանությունը հարստացնում է’
Արդարը ուրիշ կերպով էլ է օրհնված։ «Ծոյլ ձեռքով բանողը աղքատ է լինում. իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է։ Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է» (Առակաց 10։4, 5)։
Թագավորի խոսքերը հատկապես նշանակալից են հունձքին աշխատողների համար։ Հունձքը քնելու ժամանակ չէ, այլ ժրաջան լինելու և աշխատանքին շատ ժամեր հատկացնելու ժամանակ, և այն, ինչ խոսք, չի կարելի հետաձգել։
Նկատի ունենալով հունձքը, ոչ թե հացահատիկի, այլ մարդկանց, Հիսուսն ասաց իր առաքյալներին. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը [Եհովա Աստծուն], որ մշակներ հանի իր հնձի համար» (Մատթէոս 9։35–38)։ 2000 թ.–ին 14 միլիոնից ավել մարդ ներկա է գտնվել Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին, որը երկուսից ավելի անգամ շատ է Եհովայի վկաների թվից։ Արդ՝ ո՞վ կարող է հերքել, որ ‘արտերը սպիտակել են և հասել հնձի համար’ (Յովհաննէս 4։35)։ Ճշմարիտ երկրպագուները խնդրում են Տիրոջը, որ շատ մշակներ հանի և միևնույն ժամանակ իրենք էլ գործում են իրենց աղոթքին համաձայն՝ եռանդորեն մասնակցելով աշակերտներ պատրաստելու գործին (Մատթէոս 28։19, 20)։ Ինչքա՜ն առատորեն է Եհովան օրհնել նրանց ջանքերը։ 2000 թ. ծառայողական տարվա ընթացքում ավելի քան 280 000 նոր անհատներ են մկրտվել։ Նրանք նույնպես ջանում են դառնալ Աստծո Խոսքն ուսուցանողներ։ Թող որ ուրախություն և բավականություն ստանանք հունձքի ընթացքում՝ լիարժեք մասնակցություն ունենալով աշակերտներ պատրաստելու գործի մեջ։
‘Օրհնություններ կան նրա գլխին’
«Արդարին գլխուն վրայ օրհնութիւններ կան,— շարունակում է Սողոմոնը,— բայց բռնութիւնը ամբարիշտներուն բերանը կը գոցէ» (Առակաց 10։6, Արևմտ. Աստ.)։
Նա, որ մաքուր է և արդար սրտով, վկայում է իր արդարության մասին։ Նրա խոսքը հաճելի է և կազդուրիչ, գործերը բարի են և պտղաբեր։ Ուրիշներին ցանկալի է նրա ընկերակցությունը։ Այսպիսի մարդն արժանանում է նրանց հարգանքին՝ օրհնությունների, այն առումով, որ լավն են խոսում նրա մասին։
Իսկ ամբարիշտը լի է ատելությամբ և չարակամ է, հիմնականում լի վճռականությամբ՝ վնասելու մյուսներին։ Նա կարող է քաղցր բառեր ասելով «գոցել» կամ «թաքցնել» (ՆԱ) բռնությունն իր սրտում, բայց ի վերջո նա դիմում է բռնության, լինի դա ֆիզիկական ուժի միջոցով, թե խոսքերի (Մատթէոս 12։34, 35)։ «Բռնութիւնը ամբարիշտներուն բերանը կը գոցէ» նաև այն իմաստով, որ ամբարիշտը սովորաբար ուրիշների կողմից ստանում է այն, ինչը որ ինքն է դրսևորում նրանց հանդեպ, այն է՝ թշնամություն։ Սա, այսպես ասած, գոցում է նրա բերանը, այսինքն՝ լռեցնում է նրան։ Էլ ի՞նչ վերաբերմունք կարող է այս մարդն ակնկալել ուրիշներից։
«Արդարների յիշատակը օրհնուած կ’լինի,— գրում է Իսրայելի թագավորը,— բայց ամբարիշտների անունը կ’փտի» (Առակաց 10։7)։ Մարդիկ, և որ ամենակարևորն է, Եհովան հաճույքով են հիշում արդարին։ Մինչ մահ իր հավատարմությամբ Հիսուսն ‘ավելի գերազանց անուն ժառանգեց’, քան հրեշտակներն ունեին (Եբրայեցիս 1։3, 4)։ Նախաքրիստոնեական ժամանակներում ապրած հավատարիմ կանայք և տղամարդիկ էլ հիշված են այսօր ճշմարիտ քրիստոնեաների կողմից որպես ընդօրինակման արժանի մարդիկ (Եբրայեցիս 12։1, 2)։ Ինչպե՜ս է սա տարբերվում ամբարիշտների վաստակած այն անունից, որը տհաճություն և զզվանք է առաջացնում։ Այո, «անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ» (Առակաց 22։1)։ Թող որ բարի անուն ունենանք Եհովայի և մեր մերձավորի առաջ։
«Կատարելութեամբ վարուողը ապահով կ’գնայ»
Իմաստունին և հիմարին իրար հետ հակադրելով՝ Սողոմոնը գրում է. «Իմաստուն սիրտ ունեցողը կ’ընդունէ պատուէրը. բայց յիմար շրթունք ունեցողը կ’կործանուի» (Առակաց 10։8)։ Իմաստուն մարդը լավատեղյակ է, որ «գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Նա գիտակցում է Եհովայի առաջնորդությունը փնտրելու անհրաժեշտությունը և պատրաստակամորեն ընդունում է Աստծո պատվերները։ Իսկ հիմար շրթունք ունեցողը չի հասկանում այս կարևոր իրողությունը։ Նրա անմիտ շաղակրատանքը խորտակում է նրան։
Արդարը նաև այնպիսի ապահովություն է վայելում, ինչը չունի ամբարիշտը։ «Կատարելութեամբ վարուողը ապահով կ’գնայ. բայց իր ճանապարհները ծռողը կ’ճանաչուի։ Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ յիմար շրթունք ունեցողը կ’կործանուի» (Առակաց 10։9, 10)։
Կատարելության հետևող մարդը ազնիվ է իր գործերում։ Նա արժանանում է ուրիշների հարգանքին ու վստահությանը։ Ազնիվ մարդը արժեքավոր աշխատող է և հաճախ նրան իր աշխատանքում ավելին են վստահում։ Նա իր բարի անվան շնորհիվ աշխատանք կունենա, նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար է այն գտնել։ Նրա ազնվությունը նպաստում է նաև այն բանին, որ տանը հաճելի և խաղաղ մթնոլորտ լինի (Սաղմոս 34։13, 14)։ Իր ընտանիքի անդամների հետ ունեցած լավ փոխհարաբերությունների շնորհիվ նա իրեն ապահով է զգում։ Իսկ ապահովությունը, ինչ խոսք, ազնվության արդյունքն է։
Տարբեր է իրավիճակն այն մարդու, որն իր շահի համար անազնվության է դիմում։ Խաբեբան կփորձի իր սուտը քողարկել ծուռ բերանով կամ ժեստերով (Առակաց 6։12–14)։ Չար մտադրությամբ ‘աչքերով ակնարկելով’՝ նա կարող է ցավ պատճառել խաբեության զոհը դարձած անհատին։ Բայց վաղ թե ուշ նրա ծուռ գործերը հայտնի են դառնում։ Պողոս առաքյալը գրեց. «Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են նախքան որեւէ դատաստանի ենթարկուելը. մարդիկ էլ կան, որոնց մեղքերը յետոյ են յայտնի դառնում։ Նոյն ձեւով եւ յայտնի են բարի գործերը. եւ այն գործերը, որ յայտնի չեն, թաքնուած մնալ չեն կարող» (Ա Տիմոթէոս 5։24, 25)։ Անկախ նրանից, թե անազնվության մեջ ով է ներգրավված՝ ծնողը, ընկերը, կողակիցը թե ծանոթը, միևնույն է, անազնիվ գործերը ի վերջո բացահայտվում են։ Ո՞վ կվստահի մի մարդու, որը անազնիվի համբավ ունի։
‘Կյանքի աղբյուր է նրա բերանը’
«Արդարին բերանը կեանքի աղբիւր է,— ասում է Սողոմոնը,— բայց բռնութիւնը ամբարիշտներուն բերանը կը գոցէ» (Առակաց 10։11, Արևմտ. Աստ.)։ Բերանից դուրս եկող բառերը կարող են բուժել կամ վիրավորել։ Դրանք կարող են ուժ տալ և ոգևորել մարդուն, կամ էլ՝ վհատեցնել նրան։
Որոշելով ասված խոսքերի շարժառիթը՝ Իսրայելի թագավորն ասում է. «Ատելութիւնը կռիւներ կ’քրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կը ծածկէ» (Առակաց 10։12)։ Ատելությունը մարդկանց մեջ կռիվներ է առաջ բերում, վեճեր արթնացնում։ Եհովային սիրողները իրենց սրտերից պետք է արմատախիլ անեն ատելությունը։ Ինչպե՞ս։ Փոխարինելով այն սիրով։ «Սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը» (Ա Պետրոս 4։8)։ Սերը «ամէն բանի դիմանում է», այսինքն՝ «ամեն բան ծածկում է» (Ա Կորնթացիս 13։7, Kingdom Interlinear)։ Աստվածային սերը անկատար մարդկանցից կատարելություն չի ակնկալում։ Փոխանակ ազդարարելու ուրիշների գործած սխալների մասին՝ այսպիսի սերն օգնում է մեզ անտեսել դրանք, եթե, իհարկե, դրանք լուրջ մեղքեր չեն։ Այն օգնում է նաև դիմանալ, երբ քարոզչական ծառայության մեջ, աշխատանքի վայրում կամ դպրոցում մեզ հետ վատ են վերաբերվում։
Իմաստուն թագավորը շարունակում է. «Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կ’գտնուի, եւ գաւազան կայ անմիտի մէջքի համար» (Առակաց 10։13)։ Հանճարեղ մարդու իմաստությունը ղեկավարում է նրա քայլերը։ Նրա շուրթերի կազդուրիչ խոսքերը օգնում են ուրիշներին քայլել արդարության ճանապարհներով։ Ոչ նրան և ոչ էլ նրան լսողներին կարիք չկա ուժի, այն է՝ պատժի գավազանի միջոցով առաջնորդել ճիշտ ուղղությամբ։
«Գանձում են գիտութիւն»
Ի՞նչն է օգնում, որ մեր խոսքերը շաղակրատանքի փոխարեն ‘իմաստություն բղխող գետեր’ լինեն (Առակաց 18։4)։ Սողոմոնը պատասխանում է. «Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց յիմարի բերանը մօտ է կործանման» (Առակաց 10։14)։
Առաջին պահանջն այն է, որ մեր միտքը լցնենք Աստծո կենարար գիտությամբ։ Այդ գիտության ընդամենը մեկ աղբյուր գոյություն ունի։ Պողոս առաքյալը գրեց. «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Մենք պետք է գիտություն գանձենք և «փորենք» Աստծո Խոսքը այնպես, ասես թաքցված գանձ փնտրելիս լինենք։ Ինչպիսի՜ խթանիչ և պարգևատրող որոնում։
Որպեսզի իմաստություն լինի մեր շուրթերին, Գրություններում պարունակված գիտությունը պետք է հասնի նաև մեր սրտին։ Հիսուսն ասաց իրեն լսողներին. «Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում. որովհետեւ սրտի աւելցուկից է, որ խօսում է նրա բերանը» (Ղուկաս 6։45)։ Հետևաբար՝ մենք պետք է սովորություն դարձնենք մեր սովորածի շուրջ խորհելը։ Ճիշտ է, ուսումնասիրությունն ու խորհրդածումները ջանք են պահանջում, բայց հոգևորապես որքա՜ն է հարստացնում նման ուսումնասիրությունը։ Խելամիտ չէ, որ մարդ շաղակրատելով կործանարար ընթացք բռնի։
Այո, իմաստուն մարդը անում է այն, ինչ արդար է Աստծո աչքին, և բարերար ազդեցություն է թողնում ուրիշների վրա։ Նա օգտվում է մատակարարվող հոգևոր առատ կերակուրից և ավելին անում Տիրոջ վարձատրվող գործի մեջ (Ա Կորնթացիս 15։58)։ Լինելով ազնիվ՝ նա քայլում է ապահովության մեջ, Աստված էլ հավանում է նրան։ Իսկապես որ շատ են արդարի օրհնությունները։ Եկեք մենք էլ արդարություն փնտրենք՝ ապրելով ճշտի և սխալի Աստծո չափանիշներին համաձայն։
[ծանոթագրություն]
a Անունը փոխված է։
[նկար 25–րդ էջի վրա]
Ազնվությունը նպաստում է ընտանիքի երջանկությանը
[նկար 26–րդ էջի վրա]
«Իմաստունները գանձում են գիտութիւնը»